Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Դիլիջանում կառուցվող նոր համալիրը ճարտարապետական առումով յուրահատուկ նշանակություն կունենա. միջազգային մրցույթի հաղթող ճարտարապետ Սարգիս Սարգսյան

Դեկտեմբեր 09,2025 20:00

Վերջերս տեղեկացանք, որ Գերմանիայի Համբուրգ քաղաքի պետական օպերայի շենքի նախագծման մրցույթում որպես հաղթող է ճանաչվել միջազգային Bjarke Ingels Group (BIG) ճարտարապետական բյուրոյի ներկայացրած նախագիծը, որի համահեղինակներից է մեր հայրենակից Սարգիս Սարգսյանը: Միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ նախագիծը  հաղթել է ճարտարապետական համարձակ, ժամանակակից ու նորարարական լուծումների շնորհիվ:

Սարգիս Սարգսյանը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում: Նա Proforma ճարտարապետական բյուրոյի թիմի հետ Դիլիջանում կառուցվող Dilijan Terraces (Mountain Village) ժամանակակից  ու նորարարական բնակելի համալիրի հայեցակարգի  հեղինակն է: Dilijan Terraces (Mountain Village)նախաձեռնությունը պատկանում է Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք նաև Դիլիջանի  միջազգային դպրոցի հիմնադիրներն են և մշտապես կարևորել են  միջազգային  լավագույն տեխնոլոգիաներն ու փորձը Հայաստան բերելը:

«Առավոտը» զրուցել է  ճարտարապետ Սարգիս Սարգսյանի հետ  նրա հաջողությունների, ճարտարապետության մեջ իր առանձնահատուկ մոտեցման, Դիլիջանում աշխատելու մոտիվացիայի և  այլ հարցերի շուրջ:

-Շնորհավորում ենք միջազգային խոշոր մրցույթում հաղթանակի համար: Բայց մինչ այս մասին խոսելը, մեր ընթերցողին մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:

-Սկզբնական մասնագիտությունս բոլորովին այլ էր: Ճարտարապետությամբ սկսեցի հետաքրքրվել,  երբ մի անգամ Պուշկինի թանգարանում եղա բրիտանացի հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերի ցուցահանդեսին: Շատ էի տպավորվել ու ոգեշնչվել: Հասկացա, որ ճարտարապետությունն իսկապես  հզոր ու հետաքրքիր ուղղություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել գործեր ոչնչից, ստեղծել կառույցներ, որտեղ մարդիկ ապրում են: Այսինքն, դու ինչ-որ առումով  ազդում ես մարդկանց բնակության ոլորտի վրա:

Սկզբում գնացի սովորելու Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում, այնուհետև մոտս ցանկություն առաջացավ ծանոթանալ նաև արևմտյան  ճարտարապետական դպրոցին: Ուզում էի զգալ նաև նրանց մոտեցումները: Ինձ հաջողվեց ընդունել Հարվարդի համալսարան և այնտեղ շարունակել մասնագիտացումս ճարտարապետության մեջ: Հարվարդից հետո մի քանի տարի աշխատել եմ ԱՄՆ-ում , և այդպես ես հայտնվեցի Bjarke Ingels Group-ում (BIG), որի թիմի կազմում  հաղթեցինք Համբուրգի պետական օպերայի շենքի նախագծի միջազգային մրցույթում:

– Ստացվում է, որ եվրոպական խոշոր քաղաքներից մեկի օպերայի շենքը կառուցվելու է Ձեր ու Ձեր գործընկերների նախագծով: Նման միջազգային խոշոր մրցույթներում վստահաբար մրցակիցների պակաս չի լինում: Ո՞րն էր  ձեր նախագծի հաջողության գաղտնիքը, կամ ինչպիսի՞ առանձնահատկությունների շնորհիվ կարողացաք աչքի ընկնել:

-Անկասկած, հարգանքով ենք վերաբերում մեր բոլոր մրցակիցներին: Կխոսեմ մեր նախագծի առանձնահատկությունների մասին:  Օպերայի շենքը կառուցվելու է յուրահատուկ տարածքում՝ Համբուրգի գրեթե կենտրոնական՝  արդյունաբերական մասում,  փոքր թերակղզու վրա: Որոշվել էր այդ հատվածում  ինչ-որ եզակի բան կառուցել: Երբ մենք ձեռնամուխ եղանք աշխատանքներին, հասկացանք, որ վայրն իսկապես շատ առանձնահատուկ է և զուտ միայն Օպերայի շենք կառուցելը բավարար չէ: Օպերային թատրոնների շենքերը սովորաբար աչքի ընկնող, նշանակալի կառույցներ են:  Հարցն այն էր, թե ինչպես օպերային թատրոնների նշանակալիությունը պահպանելով ՝  ստանալ յուրահատուկ, վայրին համահունչ կառույց, որն այնպիսի տպավորություն կթողնի, որ կարծես  «աճել է» այդ վայրում, այլ ոչ թե պարզապես  բերվել-տեղադրվել է: Իրականում նախագիծն հենց այդպես էլ ստացվեց, թվում է, թե շենքը  «աճել է» հենց  այդ վայրում:

Այն իրականում կարելի է այգու մեջ մխրճված շենք համարել: Երբ ներկայացնում էինք նախագիծը, մեր ուղերձը հետևյալն էր. մենք ասում էինք, որ այն ոչ միայն օպերայի սիրահարների, այլ՝  Համբուրգի բոլոր բնակիչների համար է:

Համբուրգ քաղաքի պետական օպերայի ապագա շենքի ընդհանուր տեսքը

Այսինքն,  մարդիկ կարող են  այցելել օրվա ցանկացած  ժամի, զբոսնել հարակից այգում, առանց որևէ սահմանափակման բարձրանալ  պատշգամբային հատված և վայելել գեղեցիկ տեսարանները: Համբուրգի բնակիչների համար սա իսկապես եզակի  կենդանի օբյեկտ է դառնում, որը գործում է միշտ և միայն օպերայի կյանքով չի ապրում:

-Դուք Հայաստանում ևս գործունեություն եք ծավալում, ինչը , անշուշտ, ուրախալի է: Եվ Ձեր նախագծերից մեկը Դիլիջանում կառուցվող Dilijan Terraces  կամ Mountain Village բնակելի համալիրն է: Ինչպե՞ս ստացվեց, որ, ապրելով Հայաստանից դուրս, ընդգրկվեցիք այդ նախագծում:

-Ես ծանոթ էի Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, որոնք էլ, ըստ էության, այդ համալիրի նախաձեռնողներն են: Նրանք գիտեին, որ ես արևմտյան փորձ ունեմ,  ու քանի որ  նախաձեռնել էին Դիլիջանի կենտրոնական այգու վերականգնումը, նաև ինձ դիմեցին, որ ինչ-ինչ հարցերում օգնենք: Ընկերներիս հետ արագ ուսումնասիրեցինք նախագիծը, որոշ ռազմավարական  բնույթի առաջարկներ արեցինք՝ բարեկարգման, այգու շրջանառության բարելավման  վերաբերյալ:

Dilijan Terraces (Mountain Village) համալիրի ընդհանուր տեսքը

Հետո առաջացավ մյուս ծրագրերով համագործակցելու գաղափարը: Ինձ իսկապես հիացնում էր այն, ինչ Ռուբենը Վերոնիկայի հետ անում էին ՝ առանց ինչ-որ ակնկալիքի, պարզապես մարդկանց համար: Նրանք  ամեն կերպ ուզում էին ավելի լավը դարձնել  Դիլիջանը, դա ոգևորիչ էր: Ինձ էլ հետաքրքիր դարձավ ինչ-որ բան անել քաղաքի համար, ու համաձայնեցի: Ահա այդպես էլ ստացվեց:

-Դիլիջանում ևս, ինչպես Համբուրգում, հաշվի եք առել լանդշաֆտը, տեղի առանձնահատկությունները…

-Այո, դա մեր մոտեցման հիմքն է:  Մեր դեպքում, հնարավոր չէ մի նախագիծը վերցել-տանել մյուս տեղում տեղադրել, կարևոր է, ինչպես  ասացի, որ այն հենց  տվյալ վայրի համար նախատեսված լինի, կարծես  այդ հողից «ծնված» լինի:

Մենք չենք անում նախագծեր, որոնք, այսպես ասած,  նմանակում են  պատմական շենքերին: Մեր ժամանակներում հնարավոր չէ  նախագծել պատմական շենք հիշեցնող շենք, դա, կոպիտ ասած, ճարտարապետական պարոդիա է:  200, 300  տարի առաջ, տարբեր պատճառներից ելնելով՝ տեխնոլոգիաներ, նյութեր, այլ բան էր ակտուալ: Բացի այդ, կա  տվյալ  վայրի մշակութային բաղադրիչը: Յուրաքանչյուր շենք ունի իր  մշակութային  անձնագիրը: Ժամանակակից շենքերն ունեն այն տեսքը, ինչպիսին այսօրվա աշխարհն է: Ճիշտ է, հիմա շատ շենքեր միմյանց նման են, որովհետև աշխարհն ավելի փոխկապակցված է, բայց կան նյուանսներ:

Դիլիջանի մասով՝ նույնպես: Մինչև սկսելը մենք մտածում էինք ինչպես նախագծում արտացոլել վայրը, փորձում  էինք հասկանալ, որն է այս վայրի  ԴՆԹ-ն և, որպես մասնագետ, պետք է ասեմ, որ  իրականում դա հեշտ չէր անել: Մեր պատկերացմամբ, լավագույն լուծումն այս դեպքում այն էր, որ հարգանքով վերաբերվեինք Դիլիջանի հիասքանչ լանդշաֆտին և շենքերը դարձնեինք առավելագույնս համահունչ: Այլ կերպ ասած՝  առաջարկեցինք շենքերը շերտ-շերտ, ասես կախարդական գորգ, տարածել լանջի երկայնքով: Ու չնայած  յուրահատուկ բնույթին՝  դրանք միաժամանակ բավականին ռացիոնալ են, պրակտիկ և  ֆունկցիոնալ:

Եթե նայեք համալիրին, մի կողմից այն կարծես բնական  լանջ է, իսկ մյուս կողմից տեսանելի է ընդամենը մեկ հարկը։ Այսինքն, շենքերը կարծես  դուրս են  գալիս լանդշաֆտից՝ ստեղծելով  լանջի վրա տարածվող գորգի տպավորություն: Եվ մեր կարծիքով, սա է նախագծի հաջողությունը. հասնել առավելագույն ինտեգրման, տեսարանների մաքսիմալացման, բայց միաժամանակ ստեղծել բավարար քանակությամբ քառակուսի մետրեր։ Դա սկզբում շատ բարդ էր,  բայց որոշակի ստեղծագործական մեթոդներով լուծեցինք խնդիրը, և շատ հաջող ստացվեց։

-Արդյոք օգտագործվե՞լ են Դիլիջանին բնորոշ ոճից տարրեր:

-Նախագծում կան պահեր, որոնք, այսպես ասեմ,  տուրք են տալիս դիլիջանյան ավանդական ոճին, բայց ոչ բառի ուղիղ իմաստով: Օգտագործված է հիմնականում բետոն և փայտ: Բետոնե  տարածական շրջանակներում տեղադրվում են փայտե ներդիրներ՝ փակելու, պատեր ստեղծելու համար, այդպիսով, պահպանվում է քարե կառույցներում  փայտաշեն ներդիրների դիլիջանյան ավանդույթը: Բացի այդ, պատշգամբավոր տների ոճը ևս բնորոշ է Դիլիջանին:

-Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Դիլիջանում կառուցվում է յուրահատուկ  ճարտարապետական լուծումներով համալիր: Ի՞նչ նշանակություն է այն ունենալու հենց քաղաքի համար:

-Համալիրը հեռու չէ Դիլիջանի միջազգային դպրոցից, և միասին բնական առանցք են կազմում: Այսինքն դա և՛  քաղաքի համար  գեղեցիկ տեսարան է պահվում,  և՛ , անկասկած, այն նոր խթան է հաղորդելու քաղաքի զարգացմանը այն առումով, թե ինչպես է քաղաքն առաջ գնում ու ստեղծում յուրահատուկ ու  բացառիկ կառույցներ:

Ես այսպես ասեմ, առանց մեծամտության, կարծում եմ, ճարտարապետական տեսանկյունից այս նախագիծը շատ բարձր մակարդակի է: Սա, առանց չափազանցության, իմ լավագույն նախագծերից մեկն է:

Կարծում  եմ, որ ճարտարապետական տեսանկյունից Դիլիջանը ոչ թե պարզապես կունենա այնպիսի նախագիծ, որը շատ յուրահատուկ է Դիլիջանի համար, այլ կունենա նախագիծ, որը շատ յուրահատուկ է Հայաստանի, եթե ոչ՝ աշխարհի համար։ Ես չգիտեմ աշխարհում ուրիշ այնպիսի նախագիծ, որը հենց այսպես է կառուցված։ Այն շատ յուրահատուկ է։ Աշխարհում, անշուշտ, շատ տեռասավոր տներ կան, բայց այս համալիրը պարզապես կարելի է համարել տեռասավոր տների էվոլյուցիայի վերելքներից մեկը, ու այն յուրօրինակ է:

Գլխավոր լուսանկարում՝ Սարգիս Սարգսյանը Proforma -ի թիմի հետ Դիլիջանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031