Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջպետական գանգատները հետ վերցնելը ազդեցություն չի թողնելու անհատական գանգատների վրա»․ Սիրանուշ Սահակյան

Դեկտեմբեր 10,2025 14:51

«Մենք իհարկե, ունենք գերիների չլուծված խնդիր, սակայն, գոնե գերիների պարագայում գիտենք նրանց գտնվելու վայրը, կա որոշակի աշխատանք, որի կատարումը կարող է հանգեցնել նրանց ազատ արձակմանը, իսկ անհայտ կորածներին չենք կարող վերադարձնել, քանի դեռ չենք պարզել նրանց ճակատագիրը։ Առանց արդյունավետ քննության, որոնողական գործողությունների՝ մենք պարզապես չունենք տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ մահացած լինելու վերաբերյալ, որը ստեղծում է անորոշություն»,- «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Խոսելով անհայտ կորածների ընտանիքների մասին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց․ «Մենք գործ ունենք մի խմբի հետ, որը շարունակաբար խոշտանգման զոհ է դառնում։ Ցավոք, անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնելու վայրերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և էապես սահմանափակում են ՀՀ քննչական կամ այլ մարմինների հնարավոր գործողությունները։ Իհարկե, քննություն դեռևս հնարավոր է, սակայն այն հատվածական է, քանի որ ապացույցների զգալի մի մաս, որը գտնվում է ադրբեջանական բացառիկ տիրապետության ներքո, առանց հանգամանալից քննության չի կարող բացահայտել ճշմարտությունը։ Ունենք նաև ներքին խնդիրներ․ հատկապես կարևոր է անհայտ կորած անձանց կարգավիճակի հստակեցումը։ Որքան էլ ՀՀ-ն տևական ժամանակ գտնվել է սառած կամ ակտիվ հակամարտությունների փուլում, ՀՀ-ում բացակայում է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակն ամրագրող օրենք։ Օր առաջ անհայտ կորած անձանց իրավունքները կարգավորող օրենքը պիտի մտնի ուժի մեջ, որին կհաջորդի պետության որոշակիացված քաղաքականությունը նրանց սոցիալական, հոգեբանական, իրավական աջակցություն ցուցաբերելու գործում»։

Մենք ներկայացնում ենք գանգատ անհետ կորածի յուրաքանչյուր դեպքի առնչությամբ․ «Նաև հստակեցնեմ, որ բազմաթիվ գործեր վարում ենք հենց ընտանիքների լիազորագրի հիման վրա։ Անկախ նրանից՝ ինչ ընթացք կունենանք հայ-ադրբեջանական հարաբերություններում, արդյոք խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո միջպետական գանգատները հետ կվերցվեն, թե՝ ոչ, այս գործընթացներն ազդեցություն չեն կարող թողնել անհատական գանգատների ընթացքի վրա։ Այս գործերը ծառայելու են ուղենիշներ հետագա հարաբերություններում, ինչու ոչ ԵԴ վճիռներ ունենալու պարագայում խնդիրը քննարկման առարկա է դառնալու ԵԽ Նախարարների կոմիտեում և ակնկալիք ունենք, որ միջազգային ներգրավվածությամբ, ՀՀ ճնշմամբ հնարավոր է լինելու քայլերի ձեռնարկում նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031