Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» դատարանում հիշեցրեց 2016թ. ապրիլի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

Դեկտեմբեր 11,2025 13:00

«Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը հերթական ծանուցագիրը ստանալուց հետո նախորդ օրը ներկայացավ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որի որոշմամբ ԵԿԴ /0825/02/16 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է: Հիշեցնեմ, որ 2016թ. փետրվարի 16-ին Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, հանրային-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը (Սարգիս Հացպանյանն իր մահկանացուն կնքել է Լիոնի քաղաքային հիվանդանոցում 2018թ. հունվարի 20-ին) ասուլիս էր տվել, որի ընթացքում անդրադարձել էր Ստամբուլի հայ համայնքին, ցույց էր տվել մի կնոջ լուսանկար եւ, նշելով նրա անուն-ազգանունը, նշել, որ նա ունի չորս անձնագիր։ Սարգիս Հացպանյանը հայտարարել էր, որ լուսանկարում պատկերված կինը հետախուզվում է Հայաստանի Հանրապետության կողմից։

Ասուլիսից հետո, դատարան էր դիմել Բավական Խաչատրյանը՝ ընդդեմ Սարգիս Հացպանյանի, «Առավոտի» եւ երկու այլ ԶԼՄ-ների: Հայցվորը դատարանից պահանջում էր հրապարակային ներողություն խնդրել, հերքում տալ: Եվ որպես փոխհատուցում պատասխանողներից պահանջում էր 3 միլիոն դրամ: Այսպիսով, Սարգիս Հացպանյանի հետ պատասխանող կողմ էին ճանաչվել «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը, «Նյութ.ամ» լրատվական կայքը եւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը:

2016թ. հուլիսի 11-ին դատարանի որոշմամբ վարույթը կասեցվել էր:

«Առավոտ» օրաթերթի ներկայացուցիչը լինելով` ես դատական նիստում հայտնել էի, որ «Նյութի հրապարակումից հետո կայքի խմբագրի որոշմամբ այն ամբողջությամբ հեռացվել է կայքից, իսկ պահանջներից` հերքումն անհասկանալի է, ի՞նչը պետք է հերքենք, եթե հոդվածը գոյություն չունի»:

Ես ներկայացրել էի նաեւ 2016թ. ապրիլի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը, ըստ որի՝ Խորհուրդը գտել էր, որ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված տեղեկատվության տարածման համար չեն կարող պատասխանատվության ենթարկվել լրատվամիջոցները, քանի որ նրանք պաշտպանված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ կետով՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած փաստացի տվյալները լրատվական գործակալության …բարեխիղճ վերարտադրություն են եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:

Դատարան ներկայանալով, ներկայացրեցի նոր լիազորագիրը, տրված տնօրենի կողմից, խնդրեցի, վերահաստատել իմ ներկայացուցչությունը: Դատարան էր ներկայացել միայն «Առավոտ»-ը: Դատարանին տեղեկացրեցի, որ մեր իրավաբանական հասցեն է փոխվել, ծանուցագրերը դեռ ստանում ենք Հայփոստի միջոցով: Դատական հաջոդ նախնական դատական լսումը նշանակվեց դեկտեմբերի 22-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

10.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031