Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարը

Դեկտեմբեր 11,2025 16:18

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարթա Չիենկովսկայի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակույթի ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը հուսալի հիմք է նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի զարգացման համար։

Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստան-Լեհաստան մշակութային կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների իրականացումը՝ ընդլայնելով փոխգործակցությունը համապատասխան կառույցների և ստեղծագործական կազմակերպությունների միջև։ Այդ համատեքստում կարևորվել են մասնագետների փոխանակման ծրագրերը, գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանային և գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համագործակցության ամրապնդումը։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի և Լեհաստանի թանգարանների միջև համագործակցության հաստատումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը: Նա Լեհաստանի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանը, կինոգործիչների միջև կապերի ստեղծմանը և երկու երկրների կինոփառատոներին մասնակցության խթանմանն առնչվող հարցեր։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ լեհական կողմի հետ արդեն իսկ հաջող համագործակցություն է ձևավորվել հնագիտական պեղումների ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև թանգարանների և հուշարձանների պահպանության ոլորտում մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունը թանգարանների վերականգնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացման հարուստ փորձ ունի և առաջարկել է դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցությունը։ Կողմերը կարևորել են միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությունը։

Լեհաստան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահ: Նախորդ տարի այս պատկերասրահում իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը շուրջ 60 հազար այցելու է ունեցել։ ՀՀ պատվիրակության անդամները պատկերասահի տնօրեն Ագնեշկա Պինդերայի ուղեկցությամբ շրջել են պատկերասրահում, դիտել ցուցանմուշները։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի իրականացման համար և առաջարկել դիտարկել Հայաստանի թանգարանների հետ նմանօրինակ այլ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031