Հայրենի երկրի պաշտպանության ու հայ զինվորի արժեհամակարգի իրական կերպարներ էին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի զավակ Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանն ու իր հրամանատարությամբ գործող ջոկատի 8 տղաները՝ Հարություն Գեորգիի Անդրիասյանը (ծնված 16․ 01․1990 թ. Առատաշենում), Սարգիս Վահրամի Հարությունյանը (ծնված 21. 02. 1994. Առատաշենում), Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը (ծնված Արգավանդում), Սմբատ Միհրանի Ավետիսյանը (ծնված 15․ 08․ 1989 թ․ Արգավանդում), Ռոման Սուրիկի Մարգարյանը (ծնված 1995թ․ Մարգարայում), Հարություն Սեյրանի Մկրտչյանը (ծնված 31․ 12․ 1993թ․ Նոր Կեսարիա գյուղում), Գևորգ Սեյրանի Արշակյանը (ծնված 1992թ. Մրգաշատում) և Գարիկ Գրիգորի Բարսեղյանը (ծնված 25․ 10․ 1983թ․ Մրգաշատում)։
Արցախյան 44-օրյա կործանարար պատերազմում Անդրանիկն ու իր մարտական ընկերները՝ Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից, անցան ծանր ճանապարհ, կատարեցին բազում սխրանքներ ու տուն եկան։ Սակայն շուտով նրանց նորից մարտադաշտում էին՝ պաշտպանում էին Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի սահմանը, Դիզափայտի Կատարո վանքը։
2020թ. դեկտեմբերի 11-ին թշնամին խախտեց հրադադարը ու մեծ ուժերով հարձակում սկսեց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Այստեղ հսկում էին կամավորական ու պահեստազորային ջոկատներ Շիրակի, Արմավիրի մարզերից, այլ տեղերից։ Արմավիրցի տղաները փաստորեն դարձան մահապարտներ՝ ապահովելով մեր ջոկատների նահաջը։ Ցավալի է՝ եղան նաև գերեվարվածներ։ Բայց զրահ-վահան դարձան ու հերոսաբար մարտնչեցին Անդրանիկն ու իր տղերքն իրենցից բազմապատիկ ավելի թուրք-հատուկ ջոկատայինների դեմ, պատճառեցին մարդկային մեծ կորուստներ, թույլ չտվեցին առաջ անցնել։ Մի ամբողջ օր կռվեցին հերոսաբար ու մարտիրոսվեցին։ Ցուցաբերած արիության ու խիզախության համար տղաները հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի: Հերոսների ծնողների, հարազատների պատմելով՝ թշնամին, չնայած ունեցած մեծ կորուստների, որ պատճառել էին Տղերքը, զարմացել է։
Կարդացեք նաև
Թուրք հրամանատարն ասել է՝ իրենք կարծում էին մեծ ուժեր են իրենց դիմակայում, պարզվել է՝ ընդամենը 9 հոգի էին։ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից 44-օրյա պատերազմում գյուղից զոհվեցին նաեւ 43-ամյա Կարեն Սամվելի Գրիգորյանը և 28-ամյա կապիտան Աղասի Վրեժի Միքայելյանը, ով ավարտել էր Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը և ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ)՝ տանկային վաշտի հրամանատար։ Գյուղի Սբ. Սահակ եկեղեցու հարեւանությամբ է Մարտիրոս Սահակի Շահնազարյանի տունը, որը կառուցվել է 1903թ. Մարտիրոսի Հակոբ պապի կողմից: Նրանց պապերը եկել են Բայազետից։
Մարտիրոս Շահնազարյանն ամուսնացել է համագյուղացի Սիլվա Գառնիկի Մուրադյանի հետ, բնակվել պապի կառուցած տանը, ունեցել են 2 որդի՝ Անդրանիկը և Արմենը։ Սիլվայի հայրական պապը՝ Նահապետը, եղել է Անդրանիկ զորավարի զինվորներից։
Տնից ոչ հեռու Մեծ Հայրենականում նահատակված տանձուտցիների հուշահամալիրում բացվել է և՛ Արցախյան պատերազմներում, և՛ 44-օրյայում նահատակվածների հուշակոթող։ Անդրանիկի ծնողները մշտապես ծաղիկներ են խոնարհում հերոս որդու հուշաքարին։ Մարտիրոսի Հակոբ պապին, որպես կուլակի, 1937 թ. գնդակահարել են՝ երկհարկանի ու մեծ չափերով տուն ունենալու պատճառով։ Մարտիրոսի հորը՝ Սահակին, 1949 թ. աքսորել են Սիբիր, Ստալինի մահից հետո է տուն վերադարձել։ Պապերի տխուր պատմությունը, Արևմտյան Հայաստանի կորուստը մշտապես են տանջել Անդրանիկին։
Մեծացել է հոր պապի կառուցած տանը, մշակել նրա տնկած խաղողի այգին։ Եվ այսօր նույն տան մի անկյունում արդեն հավերժի ճամփորդ, Անմահ հերոսի մասին պատմող լուսանկարներ են, անձնական իրեր, փաստաթղթեր։ Ծնողներն անհուն կարոտով են բացում պահարանի փեղկերը, ցույց տալիս սիրելի՝ «Քայլող հանրագիտարան» որդու մասին պատմող իրերը։
Ծնվել է 1983թ. հունվարի 25-ին։ 1990-2000 թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Երբ այս կրթօջախում զրուցում էի տնօրեն Հովսեփ Այվազյանի հետ, ասաց «10 տարվա ընթացքում սովորել է բացարձակ գերազանց ակտիվ էր նաև հասարակական աշխատանքներում իր կազմակերպվածությամբ։ Դպրոցում էլ էր զգացվում նրա սերը ծնողների հանդեպ, որն էլ փոխանցվում էր առ հայրենիք»։
Ընդհանրապես մեծ ցավով պատմեց նահատակված իր սաների մասին, ովքեր ընկան արցախյան վերջին պատերազմում։ Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ։ 2004թ. ամուսնացել է Հայկավան գյուղից՝ մասնագիտությամբ կենսաբան Նինա Լևոնի Հովհաննիսյանի հետ։
Ունեն 3 զավակ՝ Միլենան (ծնվ.՝ 2004 թ.), Լեւոնը (2009 թ.) եւ Նարեն (2018 թ.)։ Բուհն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ՝ ավագի կոչումով, դասակի հրամանատար։ 2007թ. զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով։ 2008-ին աշխատանքի է անցել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության Մյասնիկյանի մասնաճյուղում՝ վարկային մասնագետ։ 5 տարի այստեղ աշխատելուց հետո տեղափոխվել է Արմավիրի մասնաճյուղ և աշխատել որպես վիճահարույց հարցերի առաջին կարգի մասնագետ։ 2016թ. առաջիններից էր, որ մասնակից եղավ ապրիլյան պատերազմական գործողություններին։
2020թ. սեպտեմբերի 27-ին արդեն առաջնագծում էր։ Հոկտեմբերի կեսերին մի քանի օրով տուն է եկել և շուտով նշանակվել Հուշակերտի զորամասի ջոկի հրամանատար, մեկնել առաջնագիծ. սկզբում՝ Ջրականի տարածք, իսկ նոյեմբերի 26֊ին տեղափոխվել են Հին Թաղեր-Խծաբերդ հատված։ Այստեղ էլ հերոսաբար մարտիրոսվել է 8 զինակցի հետ։ Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանատանը։ Հաճախ եմ զրուցում Անդրանիկի հոր՝ Մարտիրոսի հետ, ով մշտապես է զգում որդու բացակայությունը, ցավում մնացած հերոսների համար։ Ամեն օր գյուղի Սբ. Սահակ եկեղեցում, որը կառուցվել է 1912 թ. Տանձուտ գյուղի բնակիչների ջանքերով, մոմ է վառում տղերքի հիշատակի համար, սակայն շատերի նման անհանգիստ է՝ հողը, որ պաշտպանում էին Տղերքը, որի համար ընկան, գերության մեջ է․․․
2 տարուց ավելի է՝ հայազուրկ է ամբողջ Արցախը, թափառական են շատ արցախցիներ։ Իսկ Իսկ Անդրանիկի ու իր տղերքի, նրանց Լուսե բանակի շատ Հերոսների հոգիները երկնքում արդարություն են պահանջում․․․ Դեռ 3 տարի առաջ Անդրանիկի հայրը՝ Մարտիրոսը, իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Այսօր լրացավ 2 տարի այն օրից, որ մեր հերոս տղաները զոհվեցին հանուն հայրենիքի։ Սրանք այն 9֊ը տղաներն են, ովքեր չվախեցան թշնամու քանակից․ 2020թ դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 12֊ի ժամը 14.00֊ն անհավասար մարտ են վարել թուրքական 2000֊ով «Յաշմա» հատուկ ջոկատայինների՝ դեմ պաշտպանելու ա՛յն մի թիզ հողը, որը վստահված էր իրենց։ Մի թիզ հող, որը շատերի համար գուցե տարածք էր, բայց մեր հերոս տղաներն ընդունել էին որպես հայրենիք և իրենց կյանքը չխնայեցին այս մի թիզ հողի համար։ Դուք Ձեր անունը ոսկե տառերով գերել եք հայ ժողովրդի պատմության մեջ։ Դուք ազգի հերոսների շարքում եք։ Հավերժ փառք Ձեզ մեր, հերոս տղերք․․․»։
Զոհրաբ Ըռքոյան






















































