Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը

Ապրիլ 11,2023 11:11

Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

«Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո’չ կառավարության անդամների, ո’չ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։ Մեզ մեր տղաներն են պետք` ողջ, առողջ։ «Կարմիր խաչի» միջոցով հեռախոսակապ ունենք հետները, բայց 30 տարեկանը 40-50 տարեկան է երևում, այլևս սպասելու տեղ չունենք»,– ասացին բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատները։

Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։



Բողոքի ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ իրենք ոչ մեկից ո’չ պատասխան են ուզում, ո’չ էլ հանդիպում։

«Հանդիպումներն արդյունք չեն տալիս, ասում են՝ այս ամիս, մյուս ամիս… Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ Ճանապարհն անժամկետ ենք փակել, գուցե ամբողջ օրն էլ փակ մնա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930