Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

«7.4 միլիարդը ուղղակիորեն չի գնացել զենք ձեռք բերելու համար». ՊԵԿ նախկին նախագահն առարկում է արտաքին պարտքի աճի վերաբերյալ վարչապետի արդարացմանը

Դեկտեմբեր 14,2025 20:00

Նոյեմբերի 13-ին պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, ի՞նչ եք արել: Չգիտե՞ք՝ ինչ ենք արել, լավ, չէինք ուզում ասել, դա էլ ասենք՝ զենք ենք առել: Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից… Չեք հավատո՞ւմ՝ իրավունք ունեք, ասում եմ՝ եկեք տանենք, ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրայից կպցնենք, որն ինչ արժե»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով հարցադրումներին, թե արդյոք արտաքին պարտքի աճը սպառազինության գնմա՞մբ է պայմանավորված, եւ մանավանդ միջազգային կառույցներից վերցրած վարկերով, որոնք առավելապես ծրագրային վարկեր են (տրամադրվում են հիմնականում տարբեր ենթակառուցվածքային, սոցիալական միջոցառումներ ֆինանսավորելու համար) հնարավո՞ր է զենք առնել` Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը նախ ասաց. «2017 թվականին մեր արտաքին պարտքը եղել է 6.8 միլիարդ, հիմա հոկտեմբերի մեկի դրությամբ 14.3 միլիարդ է, այսինքն` գրեթե կրկնապատկվել է: Բայց կարևոր է նաև, որ պետական պարտքի կոմպոզիցիան էլ է փոխվել։ Եթե նախկինում, օրինակ՝ 2017-րդ թվականին 55-45% համամասնություն կար, այսինքն` արտաքին պարտքը կեսից ավելին էր, ներքին պարտքը ավելի քիչ էր, ապա հիմա փոխվել է։ Եվ այս ժամանակահատվածում ներքին պարտքի ներգրավմամբ է հիմնականում՝ պարտատոմսերի թողարկմամբ։ Դա էլ կարող է նշանակել, որ արտաքին աշխարհում Հայաստանը չունի վարկունակության հետ կապված իրական գնահատականը, այսինքն` լավը չենք մենք որպես երկիր, որին կարելի է փոխառություններ տրամադրել»:

Ըստ նրա, արտաքին ֆինանսավորման սակավության պայմաններում հանրային ֆինանսների կառավարիչները պարբերաբար ներգրավում են ներքին պարտքեր, իսկ ներքին պարտքը մոտավորապես մի 60-70%-ով ավելի թանկ է, քան արտաքին պարտքը:

Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ 7.4 միլիարդ հատկացվել է վերջին 7-8 տարվա պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորմանը. «Հիմա եթե պետական բյուջեով նախատեսված է եղել, որ պետք է զենք-զինամթերք ձեռք բերվի, զենք-զինամթերք է ձեռք բերվում՝ ոչ մի խնդիր չկա»: Եվ հավելեց. «Արդյոք մենք կարո՞ղ էինք միջազգային մեր գործընկերներից պարտք վերցնել զենք առնելու համար։ Այո, կարող էինք։ Ոչ մի խնդիր չկա, բայց 7.4 միլիարդը ուղղակիորեն չի գնացել զենք ձեռք բերելու համար։ Բնականաբար 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ բյուջեով չնախատեսված ծախսեր են կատարվել»:

Նիկոլ Փաշինյանը ծախսերի այլ ուղղություն էլ էր մատնանշել. «Ի՞նչ ենք արել, չգիտե՞ք, որ քովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»:

ՊԵԿ նախկին նախագահն առարկեց. «Քովիդի ֆինանսավորումները կոնկրետ թվեր են՝ մոտավորապես 170 միլիարդ դրամի մասին է խոսքը: Այն ժամանակ համ պարոն Առաքելյանն էր կառավարությունում, համ ես էի՝ շուրջ 22-24 միջոցառում է իրականացվել, ծախսվել է 170 միլիարդ դրամ։ Դա միլիարդավոր դոլարներ չի էլի»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հարցրեց. «2020 թվականին պատերազմ էր, զենք էինք առնում, քովիդ էր.. Բա հիմա այս փառահեղ խաղաղության տարվա համար պետական պարտքն ինչի՞ է ավելանում»:

Դավիթ Անանյանի եւ Մեսրոպ Առաքելյանի զրույցն ամբողջությամբ՝ 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031