Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազարյան. Նոր ճանապարհը կաշխատի միայն ցորենի համար՝ Լարսին ալտերնատիվ երբեք չի լինի. «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2025 11:03

Նոյեմբերի 8-ին, այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարություններ արեցին իրենց տարածքով բեռների տարանցման սահմանափակումները հանելու մասին, ցորենով բեռնված գնացքը Ղազախստանից հասավ Հայաստան՝ անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Այս ցուցադրական բեռնափոխադրումը դեռ չէր նշանակում, թե ճանապարհը գործում է, կամ որ այն ամբողջությամբ ապաշրջափակված է։ Իրականում Հայաստանի պետական մարմիններն անգամ չգիտեն, թե ով է պատասխանատու այս ճանապարհի համար։ Տարրական հարցը՝ երբ հնարավոր կլինի Ղազախստանից եւ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով նոր բեռներ տեղափոխել, մնում է օդում։

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը չի կարծում, որ նոր ճանապարհը պետք է Հայաստանին։ «Այն միայն կաշխատի ցորենի համար։ Լարսին ալտերնատիվ երբեք չի լինի»,- մեկնաբանեց նա։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը կարծում է, որ ոչ մի բեռ, այդ ճանապարհն անցնելիս, անվտանգ չի լինելու։ Ըստ նրա, անգամ եթե բեռների ապահովագրություն լինի, դա տրանզիտի վճարների, մարժաների վրա է ազդելու։ «Բայց դա չէ հարցը, այլ՝ այն, թե արդյոք նրանք կօգտվե՞ն այդ ճանապարհից, եթե, ենթադրենք, իրենց գնած վառելիքը եւ հացահատիկը, եթե Ադրբեջանում կանգնեցնեն գնացքները եւ թալանեն, ինչպես 80-ականների վերջում էին կատարում։ Այս ամեն ինչի վերջը գալու է։ Պետք է հասկանալ, թե տեսական, տնտեսական օգուտները հաշվելը որ չափով է ներդաշնակ Արեւմտյան Ադրբեջանի խոսույթի հետ, որն անընդհատ ծավալվում է։ Այդ խնդիրն առանց ադրբեջանական բարի կամքի էլ եղել է»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա, ցանկացած տնտեսական հարց այսօր անիմաստ է քննարկելը, երբ մեր հարեւանները չեն էլ թաքցնում, որ նրանց հիմնական նպատակը Հայաստանի մասնատումն ու պետականության վերացումն է։ Իսկ գործարարներին, որոնք ուզում են Ադրբեջանով բեռ տեղափոխել, խորհուրդ է տալիս իրենց հաշվարկները կառուցելուց առաջ միացնել եւ դիտել կադրերը, թե ինչպես են հայ գերիներին, կապկպած վիճակում, գնդակահարում Ջերմուկի սարերում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031