ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում (ԿԲ) հրավիրված ասուլիսում նշեց, որ դեկտեմբերի 16-ին կայացած ԿԲ խորհրդի նիստին որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50%: Նաեւ հավելեց, որ 2025 թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 3.8%: 2025 թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 3.8%:
Նրա տեղեկացմամբ, 2025 թ. չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են: ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի ձեւավորմանը եւ գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմանը:
Մյուս կողմից, ըստ Մարտին Գալստյանի, ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման եւ աշխատաշուկայի պայմանների հետագա, անցանկալի թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է:
Կարդացեք նաև
Ըստ ԿԲ նախագահի, Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում, չնայած վերջին ամիսներին աճի վերականգնման որոշակի թույլ ազդակներին, միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը մնում են առարկայական: Նավթի, իսկ վերջին ամիսների ընթացքում նաև պարենի համաշխարհային գները դրսևորում են աստիճանական նվազման միտումներ։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները:
«2025 թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է: Վերջինիս շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոններ: 2025 թ. երրորդ եւ չորրորդ եռամսյակներում տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է: Միեւնույն ժամանակ, ներքին պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաեւ դրա հետագա միտումների հետ կապված՝ զգալի անորոշությունները պահպանվում են: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն հիմնականում պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ: Միաժամանակ, կարճաժամկետ և միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկերը թուլացել են:
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25% »,-հավելեց ԿԲ նախագահը:
Նրա խոսքով. «Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաեւ ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղեգիծ։
Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման, ներքին տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման, եւ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ ռիսկեր, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղեգիծ: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ՝ իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ






















































