Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության ապահովագրության առաջին պահումները՝ դեկտեմբերի աշխատավարձից. «Ազատություն»

Դեկտեմբեր 16,2025 20:30

2026 թվականից Հայաստանում մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: «Ազատության» հետ հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ապահովագրության թեմային առնչվող մի շարք հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

«Ազատություն» – Հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենա՞ն առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից ե՞րբ է լինելու, և ի՞նչ թվի մասին է խոսքը, քաղաքացին ինչպե՞ս է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ի՞նչ ծառայություններից է օգտվելու, որքա՞ն վճար կա հատկացված իր համար։

Անահիտ Ավանեսյան – Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է, և այս փուլից ներառվելու են համակարգում երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան, 65 պլյուս տարիքի անձինք, և 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող՝ 28 բալից ավելի ունեցողներն են։ Մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախօրոք ճշգրտված, և մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։

Հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են։ Նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Պահումը աշխատավարձի հունվար ամսին, մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը։ Այսինքն՝ հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։

«Ազատություն» – Ի՞նչ հաշվարկներով էիք ասում, որ 300 դրամ է լինելու պահումը։

Անահիտ Ավանեսյան – 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարը ընդհանուր առմամբ կազմելու է 10 հազար 800 դրամ ամսական։ 10 հազար 800 դրամից պետությունը ոչ սոցփաթեթի շահառուների համար սուբսիդավորելու է 6 հազար դրամը։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը ոչ թե կվճարի 2027 թվականին, այլ 2026 թվականին, հենց կոնկրետ այդ տարում արդեն ամեն ամիս կսուբսիդավորի 6 հազար դրամը։

Սոցփաթեթի շահառուների համար այդ 6 հազար դրամը, գիտեք, որ նրանք ստանում են նաև սոցփաթեթի համար, և նաև կուտակվում են այս գումարները։ Նրանք ևս այդ 6 հազար դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։

Հիմա, երբ որ հանեցինք արդեն, մնացած գումարից՝ 4 հազար 800 դրամից 4 հազար 500 դրամը կկազմի Զինապահին ուղղվող գումարների խնայողությունը։ Մենք այսօր այդ գումարները վճարում ենք, սակայն հունվարի 1-ից հնարավորություն ենք ունենալու դա խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը։ Ստացվում է, որ 10 հազար 800-ից հանում ենք 6 հազար դրամ, հանում ենք 4 հազար 500 դրամ, ստացվում է, որ քաղաքացու կողմից աշխատավարձից վճարվող մասը կազմելու է 300 դրամ։

«Ազատություն» – Սա ավտոմա՞տ է արվելու, թե՞ քաղաքացին ինքն է փոխանցումներն անելու։

Անահիտ Ավանեսյան – Գործատուներն են իրականացնելու, միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որպեսզի այս գումարները, որ սոցփաթեթի փոխարեն իրենց բանկային հաշվին նստելու փոխարեն, նստի առողջության ապահովագրությանը։

Հաջորդ խումբը՝ 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են, նրանք կունենան Զինապահ հիմնադրամից խնայողություն 7 հազար 500 դրամի չափով, և այս գումարը արդեն կգնա առողջության ապահովագրությանը։

Մնացած հատվածը նրանք աշխատավարձից կվճարեն, սակայն 2027 թվականի ընթացքում սոցկրեդիտներով ևս 4 հազար դրամի չափով վերադարձ կստանան։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Տնտեսագիտական կրթությամբ առողջապահության նախարար ես, բայց պարզ և լայն լսարանի համար հասարակ ֆինանսական հարցը ։հասկանալի բացատրելու կարողություն չունես։ Շատ խճճված բացատրեցիր ու կոնկրետությունից զուրկ։ Լրիվ նիկոլի ոճով էր։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Հ.Գ. Մոռացա ասեմ, ամբողջ կառավարությունով ժողովրդի գրպանները խոր մտնելու մասնագետներ եք դարձել։ Այ էդ գործում կատարյալ պրոֆեսիոնալներ եք։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031