Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ կլինեն ավելի համապարփակ միջազգային ջանքեր. Ջոն Ինյարիտու. «Արմենպրես»

Դեկտեմբեր 17,2025 11:30

«Արմենպրես». Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն դրական է համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Նա կարծում է, որ կողմերի միջև բանակցությունները և համաձայնագրերը խաղաղության ու կայունության հիմքն են, սակայն անհրաժեշտ է, որ դրանք կատարվեն բարի կամքով և փոխադարձ հարգանքով։

Ջոն Ինյարիտուն նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար դրա նշանակությանը։

Իսպանացի պատգամավորի բնորոշմամբ՝ երկար տարիներ հակամարտության մեջ ապրած երկրների համար երկխոսությունը շատ կարևոր է, ինչն, այդուհանդերձ, պետք է հիմնված լինի բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա։

«Անկասկած, երկխոսությունը, բանակցությունները և համաձայնագրերը խաղաղության ու կայունության հիմքն են, քանի դեռ դրանք իրականացվում են բարի կամքով և փոխադարձ հարգանքով։ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում մենք գործ ունենք խորը արմատներ ունեցող պատմական հակամարտության հետ, որը տարածվում է երկու հանրապետությունների սահմաններից շատ ավելի հեռու։ Հայոց ցեղասպանությունը, 1990-ականների ջարդերը նախկին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի համար պատերազմները և էթնիկ զտումների՝ վերջերս տեղի ունեցած գործողությունները, բոլորը երկար և ցավոտ պատմական վերքի մաս են կազմում»,-նշել է Ջոն Ինյարիտուն։

Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ, այդուհանդերձ, չնայած Երևանի ու Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել այսպես կոչված արհեստածին «Արևմտյան Ադրբեջան»-ի կեղծ խոսույթը՝ այդ անվան տակ քողարկելով սեփական տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը մեծ ներդրումներ կատարում իրականությունը խեղաթյուրելու մեջ՝ խթանելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի կեղծ պատմությունը, որն իրականում վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին»,-ընդգծել է իսպանացի պատգամավորը։

Նա դրական է համարում այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ մասնակցում են երկխոսությանը և կարծում է, որ այս քայլերը կարող են տանել ճիշտ ուղղությամբ։

«Այնուամենայնիվ, խնդիրը մնում է շատ ավելի լայն․ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ կլինեն ավելի համապարփակ և համակարգված միջազգային ջանքեր՝ իրական հաշտեցման հասնելու համար»,- նշել է Ջոն Ինյարիտուն։

Անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններից մյուսին՝ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, կարծիք է հայտնել, որ տրանսպորտի և տեղաշարժի ազատության ապահովումը Հարավային Կովկասի նման ռազմավարական տարածաշրջանում կարող է խիստ օգտակար լինել բոլորի համար:

«Այն կարող է խթանել առևտուրը, տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունը՝ ստեղծելով երկրների միջև ավելի մեծ փոխկապվածություն։ Այնուամենայնիվ, դա միշտ պետք է արվի յուրաքանչյուր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքով և պետությունների կողմից սահմանված պայմաններով: Կապը պետք է ծառայի բոլորի շահերին, այլ ոչ թե օգտագործվի որպես քաղաքական ճնշման գործիք»,-ընդգծել է Ինյարիտուն:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ցանկացած համաձայնագրի երկարաժամկետ արդյունավետ աշխատանքի համար այն պետք է հիմնված լինի հավասարության, փոխադարձ հարգանքի և իրական համաձայնության վրա, այլ ոչ թե սպառնալիքների կամ միակողմանի պահանջների վրա։

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031