Վիկտորիայի նահանգային խորհրդարանի պատգամավոր, Մալգրեյվի ընտրատարածքի ներկայացուցիչ Էդեն Ֆոսթերը ելույթ է ունեցել Վիկտորիայի օրենսդիր ժողովում՝ դառնալով վերջին 18 տարիների ընթացքում առաջին Լեյբորիստական կուսակցության պատգամավորը, ով հանդես է եկել հայանպաստ հայտարարությամբ։ Նա պահանջել է ազատ արձակել բոլոր հայ պատանդներին, որոնք պահվում են Ադրբեջանում՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU)։
Ֆոսթերը պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի՝ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին, մասնակցելով ANC-AU-ի Մելբուռնի գալա երեկոյին՝ նոյեմբերի 30-ին, ինչպես նաև հանդիպելով կազմակերպության 2025 թվականի Ադվոկացիայի շաբաթվա հյուրին՝ տիկին Սիրանուշ Սահակյանին։
Ֆոսթերը, ով ներկայացնում է Վիկտորիայում հայ ընտրողների ամենամեծ խտություն ունեցող շրջաններից մեկը, իր ելույթը սկսել է՝ շնորհավորելով Ավստրալիայի հայ համայնքի գլխավոր հասարակական-քաղաքական կազմակերպությանը՝ Վիկտորիայում և ողջ երկրում 50 տարվա ծառայության և շահերի պաշտպանության համար։
Իր հայտարարության մեջ Լեյբորիստական կուսակցության պատգամավորը անդրադարձել է միջոցառման հիմնական հյուրի՝ Սիրանուշ Սահակյանի գործունեությանը։ Վերջինս Հայաստանում գործող մարդու իրավունքների փաստաբան է, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարում է ավելի քան 600 գործ Ադրբեջանի կառավարության դեմ և ներկայացնում է Ադրբեջանում բանտարկված հայ պատանդների շահերը։
Ֆոսթերը կոչ է արել ազատ արձակել հայ պատանդներին՝ նշելով.
«Այստեղ՝ Ավստրալիայում, շատերը կոչ են արել անհապաղ ազատ արձակել այն 23 հայ պատանդներին, որոնք դեռևս գտնվում են գերության մեջ»։
«Նրանց ազատ արձակման կոչով հանդես է եկել Ավստրալիայի նախկին արտգործնախարար Գարեթ Էվանսը, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսի և Հարավային Ավստրալիայի լեյբորիստական կառավարությունները։ Ես միանում եմ իմ լեյբորիստ գործընկերներին ողջ երկրում՝ կրկնելով այս կոչերը և հորդորում եմ Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին»։
90 վայրկյան տևած պատգամավորական հայտարարությունը համահունչ էր Human Rights Watch-ի և Amnesty International-ի կողմից արտահայտված մտահոգություններին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող պատանդների նկատմամբ կիրառվող խոշտանգումների և վատ վերաբերմունքի ծայրահեղ մակարդակների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) Ադրբեջանից արտաքսման վերաբերյալ։ Վերջինս անաչառ կառույց էր, որը նախկինում վերահսկում էր պատանդների անվտանգությունը։
ՄԵԼԲՈՒՌՆ
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբ


















































