ՀՀ հակակառուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ «կաշառքի գործով» հարուցված քրեական վարույթի դատաքննությունը։
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում հոկտեմբերի 20-ին ոստիկանական մեծ ուժերի մասնակցությամբ՝ ողջ Գյումրու աչքի առաջ ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին։ Այս գործով անցնում են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և գործարար Սևակ Գոմցյանը։
Դատախազը միջնորդեց երեք ամսով երկարացնել Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Կարդացեք նաև
Նա նշեց, թե առկա են փաստական տվյալներ, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի կատարման հետ։ Ըստ նրա, կան հիմնավոր կասկածներ, և առկա է բարձր ռիսկ առ այն, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի հանցանք, չի կատարի ՀՀ Քրեական օրենսգրքով որպես մեղադրյալ՝ իր վրա դրված պարտականությունները և անօրինական ազդեցություն կգործադրի դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ՝ իր օգտին ցուցմունք ստանալու համար։ Նա, ըստ մեղադրողի, ունի հեղինակություն, ազդեցություն և գործիքակազմ գործադրելու հնարավորություն։
Վարդան Ղուկասյանը տեղից նետեց․ «Քիչ է երեք ամիսը, ոչինչ»։
«Մեղադրյալ, ոտքի կանգնեք», -դիտողություն արեց դատավորը ու շարունակեց՝ չի կարելի ընդհատել։
«Թող դատախազն ավարտի, ձեզ հնարավորություն կտրվի դիտարկում իրականացնելու, տեղից այլևս չխոսեք», -ասաց դատավորը։
«Բարի»,-նշեց Վարդան Ղուկասյանը։
Դատախազը նշեց, որ այլընտրանքային որևէ խափանման միջոց ի զորու չէ պատշաճ վարքագիծ ապահովել մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, հետևաբար և դրանց անդրադառնալու կարիք չի տեսնում։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, սակայն հակադարձեց նրան՝ պնդելով, որ այս գործով չկա որևէ վկա, որևէ հիմնավոր կասկած գոյություն չունի։
Ըստ Զարուհի Փոստանջյանի, Վարդան Ղուկասյանը հենց մուտք է գործել քաղաքապետարան, դեռ աշխատասենյակի դուռը չբացած, անձնակազմի հետ դեռ չծանոթացած՝ իր նկատմամբ օպերատիվ -հետախուզական համալիր միջոցառումներ են սկսվել։
Փաստաբանի բնորոշմամբ՝ ակնհայտ է, որ այդ իսկ օրվանից սկսվել է պատվիրված քաղաքական հետապնդում նրա նկատմամբ։
«Եվ այս բոլոր գործընթացները մենք դիտարկում ենք, նաև դատարանը պետք է դիտարկի հենց այդ տիրույթում, որ իջեցվել է քաղաքական պատվեր, եթե չիջեցվեր, ձեր օպերն այսպիսի գրություն, միջնորդություն չէր գրի», -ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ըստ նրա, Վարդան Ղուկասյանը ապրիլի 21-ին ընտրվել է քաղաքապետ, փորձել է ծանոթանալ անձնակազմի հետ, եկել է քաղաքապետարան, դեռ չի հասցրել մտնել իր առանձնասենյակ, երբ ապրիլի 25-ին օպերը գրել է, որ անհրաժեշտ է օպերատիվ- հետախուզական գործողություններ կատարել։ Կատարել են, ոչինչ չեն հայտնաբերել, գնացել են դատարան, միջնորդել, ստացել դատավոր Ժորա Չիչոյանի համաձայնությունը, սկսել են գաղտնալսել Ղուկասյանին, գործողություններ կատարել նաև նրա բնակության վայրում, ուր ապրում է ընտանիքի՝ կնոջ, տղայի, թոռների հետ։
«Դատարանը պարոն Ժորա Չիչոյանի միջնորդությամբ թույլ է տալիս, բայց ոչինչ չեն հայտնաբերել, նորից են գնում դատարան, երկու ամսով Չիչոյանը երկարացնում է, հեռախոսներն էլ են վերահսկում, ոչինչ չեն հայտնաբերում։ Երրորդ անգամ են լսում, ու կառուցում են գործ՝ ինչ-որ ապօրինի շինարարության հետ կապված։
Ձեր նյութերը հիմնված են կցկտուր տեղեկությունների վրա, որտեղ չկա մի վկա, որը կգար, կասեր՝ պարոն Ղուկասյանը իրենից բան է պահանջել, բա սրանք օպերատիվ- հետախուզական հիմնավոր տվյալնե՞ր են։
Չունենալով որևէ անձ, որը կգար, կասեր՝ Ղուկասյանը ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, դուք ասում եք՝ պետք չէ անդրադառնալ հիմնավոր կասկածին։ Չունենք վկա, չունենք հեռախոսային գաղտնալսում, դուք ինքներդ մեկնաբանել եք որպես հանցակազմ պարունակող գործողություն», -ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կառուցող անձի մասին ասում եք՝ պահենք ԱԱԾ մեկուսարանում, որովհետև կարող է թաքնվել, ասում եք՝ ազատ չարձակենք, որովհետև ճնշումներ կարող է գործադրել վկայի նկատմամբ, երբ վկա չկա։
«Կամ ո՞ւր պիտի գնա պարոն Ղուկասյանը, երբ Գյումրիի բոլոր ընդդիմադիր խմբերի կողմից ընտրված քաղաքապետ է, ո՞ւր պիտի գնա իր քաղաքից։
Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանման միջոցներին, կներեք էլի, դուք ինքներդ էիք ընտրել հոկտեմբերի 21-ին այլընտրանքին խափանման միջոցը։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն ասում էր՝ բոլորին տանելու եմ, գցելու եմ ԱԱԾ-ի պադվալները, հիմա գտնվեց նրա համար այդ անձը․ պարոն Ղուկասյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ում։
Այնտեղ պահեցիք, այս երկու ամսվա ընթացքում ընտրել էիք այլընտրանքային խափանման միջոց, դադարեցրել էիք նրա լիազորությունները ու բացակայելու արգելք դրել, հետո որոշեցիք՝ դրանք վերացնել, այլ որոշման ներքո կալանքը բացառվում էր, կալանքը եղել է ապօրինի», ասաց Զարուհի Փոստանջյանը։
Զարուհի Փոստանջյանը պահանջեց հետազոտել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին, հատկապես, երբ գրավոր պահանջ է ներկայացվել։
«Դուք հաշվի չեք առնում, ինչո՞ւ չեք հետազոտում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը, որը սպառնալիք է, բա մի հատ էլ Նիկոլ Փաշինյանին քննեիք, առերես հարցաքննություն կազմակերպեիք պարոն Ղուկասյանի հետ, չեք կատարել։
Ունենք մի անձ, որին կարող եք հարցաքննել, Նիկոլ Փաշինյանն է», -ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նա պնդեց, որ սա սարքված գործ է, և որ պարոն Ղուկասյանի և նրա որդու անվտանգությունն ապահովված չէ, դատարանում «երկու գործ տվող ոստիկան» լսել են, թե իբր հայհոյանքներ են հնչել, ու դրա հիման վրա նոր քրեական վարույթ նախաձեռնվեց։
Վարդան Ղուկասյանի մյուս փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանն էլ ուշադրություն հրավիրեց իրավական խնդիրների վրա։
Դատական նիստն ամբողջությամբ այս տեսանյութում ՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































