media.am. Դեկտեմբերի 2-ին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստում ստորագրվեց «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նույն օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանին հատկացվելիք 15 միլիոն եվրոյի մասին։ Նրա խոսքով՝ ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել օտարերկրյա ազդեցությունները․
«․․․ Ռուսաստանը և իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է»,- ասուլիսում ասել էր Կայա Կալլասը:
Փաստաթղթի ստորագրումից հետո սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվական արշավ սկսվեց Կայա Կալլասի դեմ։
Մասնավորապես դեկտեմբերի 3-ին և 4-ին որոշ օգտատերեր X-ում (նախկին Twitter) «ահազանգեցին», թե Կայա Կալլասը պահանջում է, որ Հայաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Նշվում էր նաև, թե Հայաստանին Մոսկվայից հեռացնելու համար 50 միլիոն եվրո գումար է հատկացվել։ \
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում, ի պատասխան «Առավոտ» կայքի լրագրողի հարցի, Կայա Կալլասն ասաց, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները դժվարին են, բայց իրենք գործընկեր երկրներից խնդրել են անել դա, քանի որ ուզում են, որ պատերազմն ավարտվի․
«Կարծում եմ՝ այս պատերազմի ազդեցությունը մեր բոլորի տնտեսությունների վրա մեծ է, և այդ իսկ պատճառով մենք պատժամիջոցներ ենք կիրառում՝ այս պատերազմին վերջ տալու համար։ Այդ իսկ պատճառով մենք մեր գործընկերներին խնդրում ենք դաշնակցել մեզ հետ»,- ասել էր ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։
Ստացվում է՝ Կալլասի խոսքում չկա ուղիղ պահանջ, որ Հայաստանը միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, սակայն հստակ է, որ ԵՄ-ի համար կարևոր է, որ գործընկեր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, օգնեն իրենց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում։
Ինչ վերաբերում է պնդմանը, թե ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո է տրամադրել, ապա այս տեղեկությունը չի հաստատվում, քանի որ պաշտոնապես հայտարարվել է 15 մլն եվրո աջակցության մասին։
Կալլասի խոսքով՝ գումարը կուղղվի մի շարք նախաձեռնությունների ֆինանսավորմանը՝ ներառյալ ականազերծման մասնագետների պատրաստմանը և սարքավորումների ձեռքբերմանը, տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումներին, հիբրիդային սպառնալիքների վերացմանը և այլն։
Տեղեկատվությունը տարածելիս Jeremy Gray անունով օգտահաշիվը կիրառել էր հեղինակավոր գերմանական Deutsche Welle-ի և ֆրանսիական VIGINUM-ի լոգոները՝ տպավորություն ստեղծելով, թե բովանդակության հեղինակը հենց այդ լրատվամիջոցներն են։ Իրականում, սակայն, այս լրատվամիջոցներում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նման տեղեկություն այնտեղ չի հրապարակվել։
X-ի որոշ օգտատերերը Կալլասի հայտարարությունը նաև որակեցին իբրև երեսպաշտություն՝ «Նա Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար, բայց սա հենց այն է, ինչ այսօր անում է Եվրամիությունը»։
Մեկ այլ օգտահաշիվ գրել էր, թե «Bellingcat»-ի հետաքննությունը ցույց է տվել, որ Եվրոպայում կա կեղծ տեսանյութեր ստեղծող ավելի քան 5000 ընկերություն և դա եկամտի նոր աղբյուր է «եվրոպական էլիտաների» համար։
Հատկանշական է, որ այս տեղեկությանը կցված տեսանյութը որևէ կապ չուներ տարածվող բովանդակության հետ։ Իրականում լուսանկարը aoto.com կայքից էր վերցված, այն արվել էր Ավստրիայի առաջին վիրտուալ արտադրական ստուդիայի նկարահանման ժամանակ։ Մեզ նաև չհաջողվեց Bellingcat-ում գտնել նման բովանդակությամբ հետաքննություն։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































