Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, Կամո Վարդանյանը եւս կար այդ նախնական ցուցակում»․ Սամվել Շահրամանյան

Դեկտեմբեր 18,2025 11:53

«Այո, Կամո Վարդանյանը եւս կար այդ նախնական ցուցակում, որն ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է որպես պահանջ՝ ճանապարհը բացելու եւ բնակչության դուրսբերման գործընթացը կազմակերպելու համար։ Այո, այդ մարդիկ տեղյակ էին, որ Ադրբեջանն ունի նման որոշում եւ մնացել են եւ ապահովել են բնակչության անվտանգ դուրսբերման գործընթացը»,- զինվորական քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարմանը։

Հույս կար, որ ռուսական կողմը կարող էր ուղղաթիռներով դուրս հանել ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարներին, ինչո՞ւ չի ստացվել՝ հարցին ի պատասխան, Սամվել Շահրամանյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել այդ տեսակետը։ Նա հուսով է, որ գերեւարված անձինք կվերադառնան եւ այդ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն։

Սամվել Շահրամանյանն անդրադարձավ վերջերս համացանցում ադրբեջանական կառավարությանը կից գործող կայքի տարածած այն լուրերին, որոնք նաեւ հայաստանյան իշխանությանը մերձ լրատվամիջոցներ արտատպեցին, թե իբր գերեւարված անձանց տվյալները տրամադրվել են իր կողմից․ «Դա ոչ թե միայն սուտ է, դա հորինված թեզ է՝ հենց հայկական կողմին մոլորեցնելու համար»։

Ինչ վերաբերվում է կոորդինատներին, Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ոչ ոք թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ գիտեր՝ ով եւ որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում՝ այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը, ինչպես բոլորը, փորձել է տեղահանվել ՀՀ՝ այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր՝ հենց Ստեփանակերտից դուրս գալուց, Շուշիի մատույցներում, նաեւ կար Հակարիի կամրջում գտնվող ադրբեջանական հսկից-անցագրային կետ, որտեղ անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Իմ կարծիքով, շատ լավ իմանալով, որ գերեւարման համար եւ ձերբակալման համար կա որոշում, ինքը չի թաքնվել։ Անտրամաբանական է նշել, որ ինչ-որ մեկը պետք է կոորդինատներ տրամադրեր, որ իրեն ձերբակալեին»։

Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանի դուրս գալուն, Սամվել Շահրամանյանն ասաց, որ նա Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդը չի, որը դուրս է եկել անվտանգ եւ պնդեց՝ կար ցուցակ, որտեղ նշված մարդիկ պետք է մնային ու նրանց մասով առանձին որոշում էր լինելու։ Սամվել Շահրամանյանը չանդրադարձավ Սամվել Բաբայանի՝ ՀՀ իշխանության նկատմամբ վերջին շրջանում դրսեւորած ընդդիմադիր կեցվածքին, ասաց՝ նրա հետ շփվում է իբրեւ ԱՀ ԱԺ-ում ներկայացված երկրորդ քաղաքական ուժի ղեկավար։

Սամվել Շահրամանյանը մանրամասնեց՝ Արցախի շրջափակման օրերին Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բոլոր, այդ թվում նաեւ բեռնափոխադրումները կատարվում էին ռուսական ուղղաթիռներով եւ դրանք Ադրբեջանի կողմից մանրակրկիտ զննման էին ենթարկվում։ Ստեփանակերտում, սեպտեմբերի 25-ի պայթյունի հետեւանքով վիրավորների եւ զոհերի տեղափոխումը նույնպես նույն ընթացակարգով է եղել․ «Քանդում էին մարդկանց երեսին կապած բինտերը՝ համոզվելու, որ այլ մարդ չի տեղափոխվում»։

Ինչ վերաբերվում Ադրբեջանի հայտարարած համաներմանը, Սամվել Շահրամանյանն ասաց՝ տեղեկություն չունի՝ գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կընդգրկվե՞ն այդ ցանկում, թե՝ ոչ, բայց ինքը գտնում է, որ նրանց վերադարձի գործընթացը պետք է լինի երկու երկրների խաղաղության հաստատման օրակարգում, քանի որ չեն կարող Ադրբեջանում լինել գերեւարվածներ եւ մենք խոսենք խաղաղության մասին։

Երեկ, հիշեցնենք, փաստաբան Ռոման Երիցյանն էր խոսել այդ մասին։

 

«Շատ ցավալի է, որ այդ հարցի լուծումներն իրականացվում են լայն հասարակության ներգրավմամբ։ Իմ կարծիքով այդ լուծումները պետք է իրականացվեին այլ ձեւով՝ փակ դռների ետեւում»,- ասաց Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին հարցին եւ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք հավաքին վերաբերող հարցին։ Սամվել Շահրամանյանը հավելեց, որ հնարավոր է նաեւ մասնակցի Մայր Աթոռում կայանալիք հավաքին․ ավելի վաղ որոշում չէր կայացրել, քանի որ չգիտեր, թե որքա՞ն կտեւի հարցաքննությունը։

Հիշեցնենք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ դուրս եկած տասը եպիսկոպոսները հայտարարել էին, որ այսօր գնալու են Մայր Աթոռ՝ Կաթողիկոսին պահանջելու, որ հեռանա։ Մայր Աթոռից նրանց զգաստության կոչ արվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031