«Եվրատեսիլ 2026»-ին Իսրայելը կմասնակցի, Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան եւ Նիդերլանդները՝ այն բաց կթողնեն։ Այսպիսով՝ գալիք տարվա երաժշտական մրցույթին կմասնակցեն 2003-ից հետո առավել փոքրաքանակ թվով երկրներ։
Համատեքստ
«Եվրատեսիլ»-ը 1956-ից անցկացվող ամենամյա երաժշտական մրցույթ է, որին 2006-ից մասնակցում է նաեւ մեր երկիրը։
Մրցույթի գլխավոր կազմակերպիչը Եվրոպական հեռարձակողների միությունն է (ԵՀՄ), որը միավորում է Եվրոպայի հանրային հեռարձակողներին։ Կազմակերպության ժնեւյան կենտրոնակայանում կայացած ձմեռային վեհաժողովին որոշվել է չկասեցնել Իսրայելի հանրային հեռուստատեսության՝ KAN-ի, մասնակցությունը մրցույթին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք. հեղինակավոր լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ Գազայում իսրայելական գործողությունները ցեղասպանություն են կոչել։
Խստացված կանոններ՝ թափանցիկությունը պաշտպանելու եւ վստահությունն ամրապնդելու նպատակով
Իսրայելի շուրջ դժգոհությունների համատեքստում Ժնեւում ընդունվել է նաեւ մրցույթի կանոնները խստացնող փաթեթը, որի նպատակն է հակազդել պետական միջամտություններին, նվազեցնել մեկ անձի կողմից թույլատրելի քվեարկությունների քանակը, վերականգնել ազգային ժյուրիների ինստիտուտը կիսաեզրափակիչների ընթացքում եւ արգելափակել քվեարկության կասկածելի օրինաչափությունները։
«Այս քվեարկության արդյունքը ցուցադրում է մեր անդամների (ԵՀՄ անդամ հանրային հեռարձակողների – Ա.Ա.) ընդհանուր հանձնառությունը՝ թափանցիկությունը պաշտպանելու եւ ուղիղ եթերում հեռարձակվող աշխարհի ամենախոշոր երաժշտական իրադարձության՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի, հանդեպ վստահությունն ամրապնդելու համար», – ասել է ԵՀՄ նախագահ Դելֆին Էրնոտե Սունցին։
«Իռլանդիայի մասնակցությունն անբարեխիղճ կլիներ»
Իսրայելի ներգրավվածության հաստատումից հետո մրցույթը բոյկոտող հինգ երկրներից Իռլանդիայի հանրային հեռարձակող RTE-ը հայտարարել է՝ չմասնակցելուց բացի, նաեւ չի հեռարձակի մրցույթը։
«RTE-ի ընկալմամբ՝ Իռլանդիայի մասնակցությունն անբարեխիղճ կլիներ՝ հաշվի առնելով Գազայում կյանքի սարսափելի կորուստները եւ մարդասիրական աղետը, որը սպառնում է քաղաքացիական շատուշատ անձանց կյանքին։ RTE-ը շարունակում է խորապես մտահոգված մնալ Գազայում հակամարտության ընթացքում լրագրողների թիրախավորված սպանություններով եւ միջազգային լրագրողների համար տարածքը շարունակաբար անհասանելի պահելով», – ասված է իռլանդական հանրայինի հայտարարության մեջ։
«Ինչ-որ բան սխալ է»
1994-ի մրցույթում հաղթած իռլանդացի երգիչ Չարլի ՄկԳետիգենը խոստացել է վերադարձնել իր մրցանակը ԵՀՄ-ին։ Նույնն է անելու 2024-ին հաղթած շվեյցարացի Նեմոն, որը նաեւ հայտարարությամբ դիմել էր երկրպագուներին՝ նշելով, որ մի շարք երկրների հեռանալը մրցույթից պետք է ազդակ լիներ, որ «ինչ-որ բան սխալ է»։
«Սա անհատներին կամ առանձին արտիստներին չի վերաբերում։ Մրցույթը հետզհետե օգտագործվել է՝ մեղմելու համար իմիջը մի պետության, որը մեղադրվում է ծանր անարդարություններ գործելու համար։ Զուգահեռաբար ԵՀՄ-ն պնդում է, թե մրցույթը քաղաքական չէ», – ասել է Նեմոն։
«Շնորհակալ ենք մեր բոլոր ընկերներին». Հերցոգ
Իսրայելի մասնակցության արտոնմանը արձագանքել էր անգամ Իսրայելի նախագահը։
«Ուրախացած եմ, որ Իսրայելը եւս մեկ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Հուսով եմ, որ մրցույթը կպահպանվի որպես մշակույթը, երաժշտությունը, ազգերի միջեւ բարեկամությունը եւ սահմաններից անդին մշակութային ըմբռնումը գովերգող իրադարձություն։ Շնորհակալ ենք մեր բոլոր ընկերներին, որոնք պաշտպանեցին Իսրայելի՝ «Եվրատեսիլ»-ի ժամանակ մրցելու եւ իր ներդրումը բերելու իրավունքը», – X-ում գրել է Իցհակ Հերցոգը։
Մրցույթը հյուրընկալող Ավստրիայի ազգային հեռարձակող ORF-ը քննարկումների ընթացքում սատարել է Իսրայելի մասնակցությանը, թեպետ այս տարվա մրցույթի հաղթող արտիստ ավստրիացի JJ-ը հույս էր հայտնել, որ Իսրայելի մասնակցությունը կկասեցվի։
Նախապատմություն
Գազայում իսրայելական պատերազմի արդյունքում զոհվել է 70,369 պաղեստինցի՝ հղում անելով Գազայի առողջապահական գերատեսչությանը, փոխանցում է Al Jazeera-ը։
Թե՛ 2024-ին Մալմյոյում, թե՛ 2025-ին Բազելում բողոքի ակցիաներ էին անցկացվում։ Ցուցարարները բողոքում էին Գազայում Իսրայելի արյունալի պատերազմի ֆոնին միջազգային հայտնի մրցույթում երկրի մասնակցության դեմ։ Իսրայելի ելույթների ժամանակ հանդիսատեսի մի մասը սուլում էր։ Հեռարձակման ընթացքում սուլոցները խլեցվում էին։
Հաճախ հիշատակվում էր Ռուսաստանի անունը։ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո ԵՀՄ-ն արգելափակեց մրցույթին ռուսական ներգրավվածությունը։
Չնայած բողոքներին, 2024-ին Իսրայելը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, 2025-ին էլ՝ երկրորդ հորիզոնականը՝ միաժամանակ հաղթելով հեռուստադիտողների քվեարկությունը։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որեւէ հրապարակային դիրքորոշում չի հայտնել Իսրայելի մասնակցության առնչությամբ։ Հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք Հանրայինը դիրքորոշում հայտնել է Ժնեւում կայացած քննարկումների շրջանակում։ Այս մասով գրավոր հարցում ենք ուղարկել Առաջին ալիք։
Այս տարվա մրցույթի ժամանակ միջադեպ էր արձանագրվել նաեւ մեր երկրի հետ կապված, երբ երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանի ելույթի ժամանակ իսրայելցի մեկնաբանն անհարգալից խոսքեր էր հնչեցրել Հայաստանի ելույթի եւ հայերի մասին։
KAN-ը հայտարարեց, որ մեկնաբանությունը հումորային էր եւ ներողություն խնդրեց՝ «սատիրական մեկնաբանության» համար։
Կմասնակցի 35 երկիր
«Եվրատեսիլ 2026»-ը անց է կացվելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ մեծ եզրափակիչը՝ 16-ին։
Ճիշտ է՝ Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան եւ Նիդերլանդները լքում են եվրատեսիլյան ընտանիքն, ինչն անտարակուսելիորեն կարելի է աննախադեպ անվանել, բայց երեքամյա, երկամյա եւ մեկամյա դադարից հետո մրցույթ են վերադառնում Բուլղարիան, Ռումինիան եւ Մոլդովան։ Մրցույթին կներկայանա 35 երկիր։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ «Եվրատեսիլ 2024»-ում Իսրայելի ներկայացուցիչը՝ Էդեն Գոլանը, ծածանում է հրեական պետության դրոշը
«Առավոտ» օրաթերթ
18.12.2025


















































