Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ինձ ինչքան ջարդեցին, այդքան դրսում արժեւորեցին». Հարություն Խաչատրյան

Դեկտեմբեր 19,2025 12:30

Կինոռեժիսորը՝ անցած ճանապարհի, Պոմպիդու կենտրոնում ունեցած հաջողության եւ բացվելիք կինոդպրոցի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանը դժվարանում է հիշել, թե աշխարհով մեկ քանի անգամ են եղել իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, համենայնդեպս հայտնի է, որ դրանք ընդգրկում են բոլոր մայրցամաքները: Միայն հիշում է, որ մի 50-60 երկրում էլ վարպետաց դասեր է իրականացրել: Իսկ ընդհանրապես, նրան արդեն վաղուց վարպետի մրցանակներ են շնորհվում: Օրինակ, ամենավերջիններից մեկը՝ Իսպանիայում հանձնված «Կյանքը կինոյում» պատվո մրցանակն էր, որ ստացավ գերմանական կինոյի վարպետ Շյոնդորֆի հետ: Դրանից առաջ Իտալիայի եւ Սլովենիայի տարբեր քաղաքներում կայացել էին հայկական կինոյի օրեր, որոնց ընթացքում ցուցադրվել էին Հարություն Խաչատրյանի «Սահման» եւ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը՝ ռեժիսորի հետահայացի ծրագրում եւ կայացել էր նրա՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի պրեմիերան:

Աշխարհը վաղուց ճանաչում է խաչատրյանական ոճը, ձեռագիրը, իր տեսակի կինոն: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորն արդեն աքսիոմատիկ այս ճշմարտությունների մասին խոսում է առանց անհարկի համեստության, առանց ասելիքը բարդացնելու կինեմատոգրաֆիկ արտահայտություններով:

2025-ի կինոպիկը, սակայն, Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն էր Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում՝ «Բացելով ներկայի ծալքերը. Հարություն Խաչատրյանի վավերագրությունը» խորագրի ներքո։

Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտեց նրա «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը։ Դրանք ֆրանսիացի հանդիսատեսին ներկայացրին Ֆրանսիայում բնակվող եւ ստեղծագործող ծագումով հայ այնպիսի ճանաչված կինոգործիչներ եւ արվեստագետներ, ինչպիսիք են՝ Սերժ Ավեդիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանը, Քլեր Մուրադյանը:

Վարպետը ներկա է եղել իր ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացման երեկոյին, նրա մասնակցությամբ կայացել են ֆիլմերի քննարկումներ եւ վարպետաց դաս: «Պոմպիդուում ես իմ կինոկյանքի սկզբում մասնակցել եմ 2՝ «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաքը» ֆիլմերով: Ես երջանիկ էի, բայց այն ժամանակ չէի հասկանում, թե ինչ է նշանակում ցուցադրվել Պոմպիդուում: Նաեւ այնքան վատ բաներ էին ասում այն ժամանակ, որ ինքս ինձ լուրջ չէի ընդունում… Այս անգամ 10 ֆիլմ ուղարկեցինք, 10-ն էլ ընտրեցին, ինչը նվեր է ցանկացած ռեժիսորի համար, ֆանտաստիկայի նման մի բան, հատկապես, որ շատ լուրջ ընտրող խումբ ունեին… ԿԳՄՍ նախարարությունը թվայնացրեց իմ մի քանի ֆիմերը, ֆրանսիացիները ֆրանսերեն ենթագրեր արեցին: Իրենք ջանք էին թափել ու հրավիրել Ֆրանսիայում ապրող եւ ծնված բոլոր հայազգի կինոռեժիսորներին, որոնք ներկայացրին իմ ֆիլմերը: Ամեն դիտումից հետո հարց ու պատասխան կար: Նաեւ հրաշալի մի ֆրանսիական նկարահանման խումբ մի քանի ժամանոց հարցազրույց արեց», – հետահայաց ներկայացնում է Հարություն Խաչատրյանը այն իրադարձությունն ու հույզերը, որոնք նույնպես կինեմատոգրաֆիական հնչեղություն ունեն: Ի դեպ, Ֆրանսիացի կինոքննադատ Ռոմեն Լեֆեբվռըն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը նայել էր մի քանի անգամ ու խոստովանել, որ իրեն հետաքրքիր էր տեսնել ռեժիսորի ձեռագրի, կինոլեզվի էվոլյուցիան, ինչպես է այն փոխվել տարիների ընթացքում: Նա նաեւ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմն էր ֆրանսիացի հանդիսատեսին ներկայացրել:

Մեր զրույցի ժամանակ ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ նաեւ Բեռլինյան ցուցադրություններին, այստեղ կայացել էր վարպետի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Բեռլինում եւս ցուցադրություններին հաջորդել է հանդիսատեսի հետ հարցուպատասխանը: «Ես միշտ ստանում եմ մրցանակներ, բայց երբեք չեմ գոռում այդ մասին… Զարմանալի է, որ արդեն վարպետության մրցանակներ են տալիս՝ գնահատելով քո ոճը, ձեռագիրը, գեղագիտությունը… Հայաստանում ինձ ինչքան ջարդեցին, այդքան դրսում արժեւորեցին, ափսոսում եմ, որ չի փոխվում հայկական այդ բնավորությունը, չարությունը…»,-ասում է ռեժիսորը: Ու հավելում է, որ գտել է չարության ու նախանձի դեմ պայքարելու լուծումը, դա «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է. «Ես բացեցի աշխարհի լավագույն կինոփառատոներից մեկը՝ «Ոսկե ծիրանը», որպեսզի բարությունը տարածվի, երիտասարդները տեսնեն, թե կինոաշխարհում ինչ հրաշքներ են կատարվում, որ սովորեն եւ վերադառնան կինո, որովհետեւ բոլորիս հույսը երիտասարդների վրա է»:

Վարպետը նշում է, որ շուտով կբացի նաեւ իր կինոդպրոցը՝ «Ոսկե ծիրանի», Կինոգործիչների միության եւ ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով եւ ցանկությամբ, քանի որ միայն վարպետաց դասեր անցկացնելը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ երիտասարդներին փոխանցել ամբարված կինոփորձառությունը, գեղագիտությունը, միաժամանակ հնարավորություն ընձեռելով, որ յուրաքանչյուրն ինքը բացի իր դեռեւս չտրորված արահետը:

Խոսեցինք նաեւ Հարություն Խաչատրյանի 2 ֆիլմերից՝ Արմեն Ջիգարխանյանի մասին ֆիլմի համար նա հովանավոր է փնտրում, իսկ Վահան Տերյանի մասին ֆիլմը, որ արդեն 15 տարի է՝ ուզում է նկարել, արժանացել է ԿԳՄՍ նախարարության հավանությանը եւ ջավախքցիների աջակցությանը, եւ նկարահանումներն, ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2026-ի հունվարից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031