Երբ պայքարը շղթայական է՝ հաղթանակն անխուսափելի է, ասում են Հայոց ազատագրության գործին նվիրված մարտիկները, որոնք իրենց կյանքն ու բարեկեցությունը չխնայեցին հանուն ազգային խնդիրների լուծման ու հանուն հաղթանակի, կյանքով վեր հանելով գաղափարներ, որոնք փարոսի դեր ունեն հայ ազգի հետագա ճակատագրի մեջ։ «Հայոց իշխանի շղթա» սիմվոլը ստեղծվել է մի խումբ հայ մարտիկների կողմից, ովքեր հավաքելով հայոց պետականության, թագավորության խորհրդանշանները, որոշել են վերարթնացնել դրանց պահպանման ու վերաիմաստավորման գաղափարը, այն տարածելով գաղափարական ուժ հաղորդել ու միասնության բերել Հայաստանի երբեմնի թագավորական փառքի, ուժի ու հզորությանն ի նպաստ աշխատանքի շուրջ, որը կարող է կայանալ միայն նախանձախնդիր հայորդիների միջոցով։
Օրերս այս շղթան Մորուք-Կարո Կարապետյանի կողմից հանդիսավորությամբ հանձնվեց իր հերթական պատվո կրողին ու պահապանին՝ ՀՀ ԶՈւ սպա, զինհաշմանդամ, մարզիկ Հայկ Ստեփանյանին, ում անցած մարտական ճանապարհը ու պայքարը անգամ զինհաշմանդամությունից հետո նոր ու աննահաջ ուղի ունի՝ պայքար հանուն հայկականության ու սպորտ, որտեղ մարզիկի իր ճանապարհը Հայկը սկսեց զույգ վերջույթները կորցրած, ցույց տալով, որ հոգով ամուր ու կայուն մարդուն չի կարող կոտրել ոչինչ։
–Օրերս Ձեզ համար յուրահատուկ օր էր, մարզասրահում, որտեղ պարապում եք, Ձեր մարզումներն եք անցկացնում, լինելով զինհաշմանդամ, զբաղվում եք նաև պրոֆեսիոնալ սպորտով, զուտ մարզումային օր չէր։ Շնորհավորում ենք։ Ի՞նչ պատվո խորհրդանշան հանձնվեց Ձեզ, հարգելի Հայկ։
Կարդացեք նաև
–Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել սկսել եմ «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում», Լեգենդ Ջիմ-ում, որտեղ պարպմունքներս եմ անցկացնում՝ պատրաստվելով Հայաստանի առաջիկա մրցումներին ձեռքի ուժ սպորտաձևով։ Բացառիկ էր օրը նրանով, որ արժանացա «Հայոց իշխանի շղթա» տիտղոսակիրը լինելու պատվին, որը ինձանից առաջ էլ կրել են շատ պատվարժան հայորդիներ, ովքեր մեր ազգի ու երկրի համար գործ են արել։ Սա ինձ համար մեծ պատիվ է։
–Սա նաև մեծ պատասխանատվություն և պարտավորություն է, տիտղոսակիր շղթան ի՞նչ խորհուրդ ունի, ո՞վ է այն ստեղծել։ Նման տիտղոսները, պատվո մեդալների նշանակությունը, ըստ Ձեզ, որպես մարտիկ, որպես հայ մարդ, զինվոր, որքանով է կարևորվում։
–Մեր մարտական ընկերների կողմից է ստեղծվել, Մորուք Կարոյի կողմից և օրերս հայ վրիժառուներից Վազգեն Սիսլյանի ձեռամբ ինձ հանձնվեց «Հայոց իշխանի շղթան»։ Տիտղոսները, մեդալները, երբ ստանում ես, մի անհասկանալի զգացում է առաջանում, մի գիտակցություն է առաջ գալիս, որ դու այդքանին հասել ես, մի բան արել ես հայրենիքի համար, որ արժանացել ես դրան։ Հայ զինվորը, հայ մարդը միշտ պետք է կարևորի մեդալի, պատվոգրի բուն արժեքն ու նպատակը, որին արժանանում է, ամենակարևորը, որ պետք է հասկանա ինչի համար են տալիս դա, ինչի համար ես դու արժանացել դրան, որը ես հասկանալով՝ հիմա հպարտություն եմ ապրում։
–Ի՞նչ է թելադրում այս ֆիդայական շղթան, պատմեք մի փոքր նշանակության մասին․ առյուծի խորհրդանիշի պատկերը տեսա, որը նաև մեր գերբին է հատուկ։ Ընդհանրապես մեզանում եղան մարդիկ, ում տիտղոսները, մեդալները հաճախ կտրում են իրականությունից, դարձնում ուրիշ մարդ, տանում ոչ լավ կողմ մարդկային հատկանիշների առումով, մինչդեռ պիտի հակառակը լինի։ Ի՞նչ անել, որ մեդալն ու տիտղոսը նոր նշանակություն տան այն կրողին և տանեն ճիշտ ուղղությամբ կյանքում, բոլոր առումներով։
–Առյուծը մեր հզորության, մեր պետականության, մեր թագավորական անցյալի ուժի ու հաղթանակի խորհրդանիշն է, մեր պատմության մեջ վաղուց հայոց գերբերում ու զինանշաններում իր տեղն ամրագրած, որը պետք է վերակենդանացնել ու արժևորել նաև գործով, ցույց տալով հաղթողի հոգեբանությունն ու կամքը։ Կան մարդիկ, որ այդ ամենի կրողն են ու փոխանցողը, պետք է այդ շղթան ապահովել, ճիշտ փոխանցման շղթան։ Հայկական պետականության արժեքների պահպանություն և պաշտպանություն է խորհրդանշում առաջին հերթին և ի նպաստ դրա գործ, աշխատանք ու նվիրում ողջ կյանքով։
Տիտղոս, շքանշան, պատվոգիր, խրախուսանքներ են, որոնք եթե ստանում ես, մանավանդ երբ դրանք հայրենիքի պաշտպանության կամ պահպանության ինչ-որ արարքիդ համար են տվել, դու առաջին հերթին պիտի քեզ հպարտ զգաս ու պատասխանատու քո հայրենիքի առջև, քանի որ դու ինչ-որ սխրանք ես կատարել, որի համար գնահատվել ես ու ամենակարևորը նա է, որ չպետք է ոչ մի դեպքում առիթավորվես ու էդ շքանշանը, տիտղոսը դառնա ամեն տեղ դրոշակ, որ հանես թափահարես, թե ես էս եմ ստացել, էն եմ ստացել, դա չպետք է լինի։ Շատերը չգիտեն՝ ես ինչ շքանշաններ ունեմ, որոնք եղել են, կան, կարելի է ցույց տալ, բայց չի կարելի դա սարքել դրոշակ ու ամեն մեկի վրայով, կոպիտ ասած՝ անցնել, դա նշանակում է, որ եթե քո շքանշաններով ու մեդալներով առաջ գնալ ես ուզում, դա մարդկանց աչքը մտցնելով սարքել քեզ վահան՝ ես գտնում եմ, որ սխալ է, որը շատերի մոտ աստղային զգացումներ է ծնում ու սկսում են դրանով ինչ-որ պատեր ճեղքել, չհասկանալով, որ այդ ստացած արժևորումները ընդամենը հայրենիքիդ համար ավելին անելու խթան ու պատասխանատվություն են։ Թեկուզ քո երիտասարդներին սովորեցնես ինչ է հայրենիքն ու հայրենասիրությունը, որն այսօր ամեն պահի թիրախի տակ է։ Հաճախ կողքինդ ավելի ուժեղ մեկը կլինի, քան դու, որ ստացել ես այդ շքանշանը, ուստի պետք չէ կտրվել հողից։ Եթե պիտի նման գնահատականները ստանալուց հետո սխալ ճանապարհով գնաս ու թերագնահատես մարդկանց՝ ավելի լավ է չստանաս։
–Արդեն մտածե՞լ ես, թե ում ես փոխանցելու այս պատվո շղթան, ի՞նչ հատկանիշների տեր պիտի լինի նրան ապագայում արժանացող անձը։
-Միանշանակ ստացողը պիտի լինի հայ, հայ ընտանիքում ծնված, հայրենիքում ապրած, հայրենիքի համար պայքարած, հայ ազգի համար գործ արած մարդ, թե պատերազմի ժամանակ, թե երկրաշարժի ժամանակ, ամեն դեպքում սխրանք կատարած մարդ։ Շղթան, ովքեր որ մինչ այս պահը կրել են, նրանք հայրենիքի համար սխրանքներ կատարել են։ Պիտի լինի զգոն մարդ, որին այս շղթան պարտավորեցնում է անցնել հայրենիքի պաշտպանությանը ցանկացած պահի։ Միայն այդ հոգեբանության տեր մարդը կարող է լինել շղթան կրողը, որ ամեն վայրկյան պատրաստ լինի զոհաբերելու իր կյանքն ու առողջությունը հայրենիքի համար։
–Ի՞նչ ես կարծում, կա՞ն երդումներ, որոնք անժամկետ են, օրինակ՝ ֆիդայական երդումն էր այդպիսին, երբ ֆիդային ամուսնանում էր իր զենքի հետ, քարն էր նրա բարձը։ Կարծում եմ, որ երդումը անփոփոխպ բան է, այն դրժելը՝ հանցանք։
-Հայրենիքիս ծառայության ու նվիրվածության համար երդվել եմ 1999 թվականին, երբ ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ սովորելու։ Երբ երդվում ես պաշտպանել ու պահպանել հայրենիքդ, չեմ հասկանում՝ ինչը պիտի ստիպի ժխտել երդումդ, հետ կանգնել տվածդ խոսքից, դա առնվազն անբարոյականություն է։ Իմ վրա օրինակ կարող եմ բերել, ես երդվեցի ու անցա ծառայության Հայոց բանակում, երբ դուրս էի գալիս ծառայությունից, հրամանատարս ասաց՝ արի մեր զորամասում շարունակիր ծառայությունդ, ասցի չէ, ես բանակ կրկին կմտնեմ, երբ պատերազմ կլինի, դա եղել է 2013 թվականին։ Ես գտնվում էի ՌԴ-ում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ես եկա, սեպտեմբերի 28-ին Մարտակերտի շրջանում էի, Արցախի պաշտպանության անցա, հիշելով, որ երդվել եմ հայրենիքիս առաջ։ Նույնիսկ այս պահին, այս կարգավիճակում, եթե լինի անհրաժեշտությունը, ես կրկին պիտի երդումս պահեմ ու մեծ սիրով գնամ հայրենիքս պաշտպանելու։ Ողջ կյանքի համար է այդ երդումը, դա սուրբ է ու ողջ կյանքիդ համար է, եթե կորցնես, ուրեմն սրբությունդ ես կորցնում։ Դա ինձ համար ֆիդայական երդման արժեքն ունի, բացի սպա լինելուց, ես հոգով և սրտով ֆիդայի եմ։
Հարցազրույցը՝ Արմինե Մելիք–Իսրայելյանի
արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
19.12.2025



















































