Թերթել եմ Իրանում հրատարակվող օրաթերթերի շաբաթ և կիրակի օրվա համարները (20-21 դեկտեմբերի)։ Հիմնական թեման ԱՄՆ-ի հետ բանակցություններն են, որով պետք է լուծվի Իրանի միջուկային հավակնությունների և հրթիռաշինության ապագան, վերանան տնտեսական պատժամիջոցները։ Բոլոր թերթերը քննարկել են ԻԻՀ նախագահ պրն Փեզեշքիանի և երկրի քաղաքական կազմակերպությունների ու մտավորականության ներկայացուցիչների հանդիպման արդյունքները․ նախագահն այդ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պայմաններն Իրանի հետ բանակցելու համար ստորացուցիչ են և նման պայմանների ընդունման դեպքում երկրի տարածքային ամբողջականությունը կխաթարվի։
Պրն Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը խաղաղության է ձգտում, բայց հրթիռաշինության կանգ տալու և եղածի հզորության սահմանափակման պահանջը զոռբայություն է, որն ինքը չի ընդունի։ Իսլամական հեղափոխության պահապան կորպուսին հարող «Ջավան» օրաթերթը իր 20 դեկտեմբերի համարում գրում է, որ «Բարեփոխականներն այդ հանդիպմանը Փեզեշքիանից ուզում էին, որ նա բանակցի ԱՄՆ-ի հետ, բայց նախագահը տուրք չտվեց։ Փեզեշքիանը հիշեցրեց, որ հրթիռների հանձնումը նշանակում է Գազայի օրինակով ժողովրդին անպաշտպան թողնել»։
Թերթերը հիշեցնում են նաև, որ Ձմեռնամուտի նախօրյակին մթերքն ավելի թանկացել է, և սպառողները կարողություն չունեն տարվա ամենաերկար գիշերվա համար նորմալ սեղան պատրաստել։ «Էղթեսադե մարդոմ» թերթը հաղորդում է, որ նախագահը Խորասան նահանգ կատարած այցելության ընթացքում խոստացել է Հարավ-Հյուսիս միջանցքը միացնել նաև այդ նահանգի ճանապարհներին․ Խորասան նահանգը Միջին Ասիայի հարավում է գտնվում։ Մամուլը քննարկում է ազգային արժույթի ամենօրյա անկումը, որը բացասաբար է ազդում տնտեսության վրա։
Կարդացեք նաև
«Արմանե էմռուզ» թերթի երեկվա խմբագրականը մեզ ավելի է հետաքրքրում և կոչվում է «Ռուսաստանի նոր հայացքը դեպի Զանգեզուր․ ի՞նչ կա թաքնված»։ Սյունակագիր Աբդոլռեզա Ֆարաջիռադը գրում է․ «Ուկրաինայի պատերազմի ավարտով և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դադարով, կավարտվի նաև Թուրքիա-Ռուսաստան մեղրամիսը։ Պուտինը պատերազմի պատճառով Էրդողանին շատ էր ընթացք տալիս, բայց հիմա պատերազմի ավարտով կպակսի փոխադարձ առևտրի ծավալը և դեպի Թուրքիա տուրիստների հոսքը։ Թուրքիան առաջվա պես չի կարող Կովկասում և Միջին Ասիայում ասպատակել։
Ենթադրելի է, որ Հայաստանը էնպես որ ցանկանում է չի կարող Ռուսաստանի ձեռքից փախչել և՝ ամբողջությամբ արևմուտքին մոտենալ։ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական պայմանագիրը կշարունակի գործել։
Ալիևի հաղթանակն ընդդեմ Հայաստանի՝ ռուսների անտարբերության արդյունք էր և եթե Ալիևը իր ներկա ընթացքը շարունակի, Ռուսաստանը Հայաստանին կպաշտպանի։
Զանգեզուրյան նախագծերում Ռուսաստանի վերջին ակտիվացումները հայտ է ԱՄՆ-ին, Թուրքիային և Ադրբեջանին, որ Մոսկվան չի թույլատրի, որ վտանգեն իր ազդեցության գոտիները։ Հարկ է նշել, որ Վրաստանի ռուսամետ իշխանությունները ևս վերջերս սկսել են մտահոգվել Թուրքիայի և Ադրբեջանի նոր հավակնություններից։ Պատերազմի ավարտից հետո, Պուտինը կհրաժարվի իր պահպանողական կեցվածքից և այլ քաղաքականություն կորդեգրի։ Այս նախատեսությունների նախապայմանը Ուկրաինայի պատերազմի ավարտն է, որն առերևույթ շատ հավանական է թվում»։
Այսօրվա թերթերն անդրադարձել են ջրի պակասին, դեղերի թանկ գներին, ներմուծման և արտահանման խնդիրներին։ «Ջավան» օրաթերթը խստորեն դատապարտել է երբեմնի նախագահ Ռոհանիի ելույթը։ Բարեփոխականի անունը կրող նախագահ Ռոհանին, շրջանավարտ նախագահներից միակն է, որ դեռևս ազատորեն արտահայտվում է և պարբերական հանդիպումներ է կազմակերպում իր կառավարության անդամների և թիմակիցների հետ։ Առաջնորդի գրասենյակին և զինվորականներին մոտ կանգնած «Ջավան»-ի սյունակագրին զայրացրել է Ռոհանիի մեկ արտահայտությունը, որն ասել է, թե ինքը զգուշացրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածների հավանականության մասին, բայց զինվորականներն առաջնորդին զեկուցել էին, որ այդ դեպքում Իսրայելը հողին կհավասարեցնեն և տարածաշրջանում հազարավոր ամերիկացի զինվորների կոչնչացնեն։
Ռոհանին կեսդարյա փորձառությամբ քաղաքական գործիչ է․ նա առաջնորդի լիազորն է եղել զինված ուժերում, տարիներ վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և ութ տարի հանրապետության նախագահ է եղել։ Ռոհանին հոգևորական է և հավակնում է նաև փոխարինել երկրի առաջնորդին։ Փորձագետների կարծիքով Ռոհանիի ակտիվացումը համաձայնեցված է առաջնորդ Խամենեիի հետ․ իշխանությունները հաշվարկել են նաև այն օրվա մասին, որ երկրի ղեկը փոխանցեն էնպիսի գործչի, որ ընդունելի լինի արևմուտքի համար և Իսլամական հանրապետությունը շարունակի գոյատևել։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ





















































