Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանը, որ վերջին շրջանում ակտիվ լծվել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսած արշավին և աշխատանքային ժամին աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն ակցիաների է մասնակցում, քաղաքացիների ընդունելությունը ևս վերածել է կաթողիկոսի դեմ արշավի։
Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրի բնակիչներից տարեց մի կին՝ Էմմա Սիմոնյանը, արդեն երկար ժամանակ է՝ պայքարում է, որպեսզի սեփականության իրավունքի վկայականում անճշտությունները վերացնի։ Մի քանի անգամ ամուսնու հետ Արագածավանից հասել է Թալին, որպեսզի անձամբ համայնքապետին խնդիրը ներկայացնի, սակայն ՔՊ-ական Սափեյանը որևէ բանով չի օգնել, փոխարենը կաթողիկոսի դեմ արշավից է խոսել։
«Տավրոս Սափեյանի մոտ գնացել էինք տան սեփականության իրավունքի հարցով, բայց ինքը կաթողիկոսի հրաժարականից էր խոսում։ Մեր խնդիրը թողած, սկսեց կաթողիկոսին վատաբանել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տարեց կինը։
Նրա խոսքով՝ 60 տարուց ավելի է՝ բնակվում են նույն հասցեում, սակայն վերջերս պարզել են, որ իրենց սեփականություն հանդիսացող շինություններր մի մասը, այդ թվում՝ անասնագոմը, գրանցել են հարևանի անունով։
Կարդացեք նաև
«60 տարի այս տան մեջ ապրում ենք, ուզում ենք մեր օժանդակ կառույցները սեփականաշնորհենք, որ տասնյակ տարիներ առաջ ենք սարքել, բայց չեն անում։ Իմացանք՝ տան կեսը սարքել են հարևանի անունով, գոմը սարքել են նրա անունով, բայց մենք բոլոր փաստաթղթերը, գծագրերն ունենք, որ դրանք մեզ են պատկանում։ Այդ հարևանն էլ ասում է՝ լավ եմ արել, արել եմ, կարողացել եմ, արել եմ։ Մեր տան սեփականաշնորհման որոշումը 1997 թվականի փոխարեն 2007 թվականով են տվել։ Հիմա ինչ-որ կոդեր են համադրվում և այլն, խնդիրը չի լուծվում»,- նշեց բնակիչը, ապա խնդրանքով դիմեց ոլորտը համակարգող գերատեսչություններին, որպեսզի այս ապօրինությունը բացահայտվի և իրենց խնդիրն ի վերջո լուծում ստանա։


















































