Համացանցում տարածվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված ֆիլմ, որտեղ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Ռուսաստանից ուղարկված տրոյական ձի» է անվանել Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին։
Սոցիալական ցանցերում սա առաջացրել է մարդկանց զայրույթը, հարցադրում են անում, թե ինչպե՞ս կարելի է գերության մեջ գտնվող հայ մարդու հասցեին նման հայտարարություններ անել թշնամու կողմից նկարահանվող ֆիլմում, առավել եւս, որ գերության մեջ գտնվող մարդը չի կարող համարժեք պատասխան տալ դրան։
«Առավոտ»-ը Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման հայտարարություն արել գերության մեջ գտնվող անձի մասին, եւ որքանո՞վ է դա բարոյական՝ հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող արձագանքել իրեն։
«Ես համաձայն եմ այդ հարցադրման հետ։ Բանն այն է, որ այդ հարցազրույցը վերցվել է մոտավորապես մեկ տարի առաջ մի սփյուռքահայ լրագրողի կողմից։ Եվ դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ մենք աշխատում էիք Եվրամիության անդամակցության օրենքի անցկացման վրա։ Եվ երբ հարց գնաց դրան ընդդիմացող ուժերի մասին, մի քանի մարդկանց անուններ էին շոշափվել, այդ թվում՝ նաեւ Ռուբեն Վարդանյանի։ Ես համաձայն եմ, որ գերեվարված պատանդի մասին խոսել ընդհանրապես չի կարելի, եւ քաղաքական, եւ բարոյական առումով ես անհարմար եմ հիմա զգում, որովհետեւ իմ հարցազրույցն այսօրվա կոնտեքստում բոլորովին այլ տեսք ունի, ինչի համար ցավում եմ։ Քանի որ դա գրեթե մեկ տարի առաջ վերցված բան էր, հիմա ես չեմ կարող որեւէ բան փոխել, դա նոր չեմ ասել»,- ասաց Խզմալյանը։
Կարդացեք նաև
Միաժամանակ նա նշեց՝ այն, ինչ ասել է, չի համարում սխալ, բայց ճիշտ չէ, երբ գերության մեջ գտնվող մարդու մասին է ասել։
«Ես սխալ եմ համարում, որ Ռուբեն Վարդանյանի կամ Ադրբեջանում որեւէ բանտարկված հայի մասին նման բան ասվի, հատկապես, որ չէի կարող ենթադրել, որ դա կօգտագործվի ադրբեջանցիների կողմից։ Բայց ես այդ մտքից չեմ հրաժարվում, ափսոսում եմ, որ դա օգտագործվում է թշնամու կողմից։ Այդ դրա համար ես իսկապես անհարմար եմ զգում, բայց ոչ մի բան փոխել հիմա չեմ կարող»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































