-Ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է ու փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ թատրոնը 30 տարի քանդվել է այն մարդկանց պատճառով, որոնց ես համարում եմ խուլիգաններ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը՝ մեկնաբանելով իր օգնականի ՝ Վրեժ Դուրգարյանի գործողությունները Մայր Աթոռում:
Հիշեցնենք, որ Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ին, ըստ համացանցում տարածված տեսագրության, բարձրացել էր Մայր Աթոռում շիրիմի վրա ու ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր Մայր տաճար ներխուժել:
Հիշեցնենք նաեւ, որ Վրեժ Դուրգարյանը Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին է:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարոն Դուրգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք դեկտեմբերի 18-ին Վրեժ Դուրգարյանի գործողությունները չի համարո՞ւմ խուլիգանություն, ի պատասխան ասաց. «30 տարի եւ ավելի Հայաստանում տեղի էին ունենում խուլիգանական արարքներ ոչ միայն առօրյա կյանքում, այլեւ խորհրդարանում՝ հիշեցնելով տարբեր տեսակի շմայսների ու նմանների, որոնք ղեկավարում էին այս երկիրը եւ իմ կյանքից, ցավոք սրտի, 30 տարի տարան իրենք: Եթե մարդը խուլիգանություն է անում, այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ, եթե դա ապացուցված է, թող համապատասխան մարմինները զբաղվեն»:
Պարոն Դուրգարյանը շեշտեց, որ իր օգնականի գործողությունները չի համարում խուլիգանություն, որովհետեւ. «Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերը ընկել էին հատակին եւ շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետեւ սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի: Նա փորձել է ուղղորդել մարդկանց, որ հանկարծ ոտքերով չգան գետնին ընկած մարդկանց վրա»:
Կարեն Դուրգարյանը պատմեց, որ Վրեժ Դուրգարյանի մորական կողմը հոգեւորականներ են եւ այդպիսի ընտանիքում մեծացած Վրեժ Դուրգարյանը չէր կարող հոգեւորականի նեղացնել, ուր մնաց ինֆարկտի հասցներ. «Չեք կարող ապացուցել այդ նույն տեսանյութի մեջ, որ նա որոշակի գործողություն է կատարում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































