Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ վերանում են բոլոր «չի կարելի»-ները

Դեկտեմբեր 24,2025 13:00

Ինչպես էր Հաննա Արենդտը բնորոշում ամբոխի իշխանությունը

Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ էր կատարվում Խորհրդային Հայաստանում 1920-30-ական թվականներին, բայց քանի որ այդ ժամանակ չեմ ապրել, չեմ կարող 100 տոկոսով պնդել, թե ինչ էր հնարավոր եւ ինչը՝ անհնարին, ինչ էր կարելի կամ չէր կարելի այն ժամանակ: Կարող եմ վստահորեն ասել, թե որոնք են եղել «կարմիր գծերը» 1970-80-ական թվականներին՝ այդ ժամանակներն իմ աչքով եմ տեսել: Բացառված է, որ տվյալ ժամանակահատվածում որեւէ մեկի մտքով կարող էր անցնել գնալ Մայր Աթոռ եւ այնտեղ, օրինակ, միջնամատ ցույց տալ: Եթե մեկն, այնուամենայնիվ, համարձակվեր դա անել, աթեիստական երկրում դա կհամարվեր անպատկառություն, խուլիգանություն եւ հայ մարդուն բացարձակապես ոչ հարիր արարք:

Հնարավոր չէ պատկերացնել, որ կոմունիստ ղեկավարներ Անտոն Քոչինյանը կամ Կարեն Դեմիրճյանն անհարգալից արտահայտվեին Ամենայն հայոց կաթողիկոսի մասին՝ անկախ նրանից, թե ինչպես էին վերաբերվում կրոնին կամ անձամբ Վեհափառին: Առավել եւս՝ դա մինչեւ 2018 թվականը հնարավոր չէր Երրորդ հանրապետությունում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ աթեիստ է:

Ինչպե՞ս ստացվեց, որ այն, ինչ չէր կարելի, հիմա «կարելի է»: Հեռու եմ այն մտքից, որ այսօրվա հոգեւոր, մշակութային, բարոյական, մտավոր անկման համար մինչեւ 2018 թվականը նախադրյալներ չէին ստեղծվել կամ, որ դա զուտ հայաստանյան երեւույթ է: Բայց որ դա տեղի է ունենում հենց ներկա՛ իշխանության օրոք, ամենեւին պատահական չէ, որովհետեւ ի դեմս Փաշինյանի, Հայաստանում իշխանության է եկել «օխլոսը», ամբոխը:

Դա էլ, իհարկե, նոր երեւույթ չէ եւ մանրամասնորեն նկարագրված է քաղաքագիտական գրականության մեջ: Գերմանացի-ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդտը, օրինակ, 1950-ականներին գրում էր. «Երբ վերանում է պատասխանատու խոսքի եւ պատասխանատու գործողությունների ասպարեզը, իշխանությունն անցնում է ամբոխին, եւ դա մշտապես դառնում է անազատության նախադրյալը»: Ըստ այդմ՝ ամբոխը գործում է իմպուլսիվ, չի քննարկում, միայն պահանջում է, փաստարկները փոխարինում է գոռգոռոցներով, կասեի՝ ճղճղոցներով, իսկ պատասխանատվությունը՝ թվով՝ «մենք մեծամասնությունն ենք, մենք սաղ ժողովուրդն ենք»:

Այդպիսի իրավիճակների ամենաակնառու բնութագրիչն է ինստիտուտների եւ հանրային ընդհանուր տարածքի բացակայությունը: Եվ իսկապես՝ մեզանում հիմա չկան ոչ միայն իրական կուսակցություններ եւ հասարակական միավորումներ, այլեւ չկա այն դաշտը, որտեղ որեւէ հարցի շուրջ հնարավոր է համաձայնության հասնել, նույնիսկ՝ քննարկել: Մենք հենց այդպիսի վիճակում ենք:

Բերեմ պարզունակ մի օրինակ. հասարակության որոշակի մասը վստահ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսին չի՛ կարելի «Կտրիճ Ներսիսյան» անվանել: Մյուս մասն ասում է՝ ինչո՞ւ չի կարելի, շատ լավ էլ կարելի է: Եվ այդպես է կարծում ոչ միայն վարչապետը եւ նրա պալատականներն ու քարոզիչները, այլեւ մի քանի եպիսկոպոս, հոգեւորականներ, ինչպես նաեւ՝ որոշ քանակի մարդիկ այն շրջանակներից, որոնց ընդունված է «մտավորական» անվանել: Կա՞ արդյոք այն տարածքը, որտեղ «կարելի է» եւ «չի կարելի» ասող երկու խմբերը կարող են այդ հարցը քննարկել: Բնականաբար, չկա: Եվ այդ պարագայում գերապատվությունը տրվում է նրանց, ովքեր ավելի բարձր են գոռում կամ նրանց, ովքեր ավելի շատ են, կամ թվում է, թե ավելի շատ են: Նրանց, ովքեր պետական լծակներ ունեն:

Իր վարքով օրինակն, իհարկե, տալիս է վարչապետը: Բայց նա չի սահմանափակվում անպատկառության օրինակ տալով: Նա ասում է՝ իմ կամքը ժողովրդի կամքն է: «Ժողովուրդը պետք է որոշի» ինչպես անվանել Վեհափառ հայրապետին, ով պետք է լինի կաթողիկոս, ինչպես անցկացնել պատարագները, ում կարգալույծ անել եւ այլն: Այդ տրամաբանությունը շարունակելով, կարելի է ասել՝ «ժողովուրդը պետք է որոշի»՝ կարելի՞ է միզել շենքերի շքամուտքերում, թե՞ չի կարելի: Եթե վարչապետն ու ՔՊ-ականները դա անեն, ուրեմն, կարելի է, որովհետեւ «ժողովուրդն է նրանց ընտրել»: Եվ Մայր աթոռի տարածքում միջնամատ ցույց տվող քաղաքացին այդ՝ «ընտրությունը կատարող, ամեն ինչ որոշող ժողովրդի» ներկայացուցիչն է:

Այստեղ վերադառնում ենք Հաննա Արենդտի նկատառումներին: Օխլոկրատիայի (չնայած փիլիսոփան այդ եզրը չի օգտագործում) հատկանիշներն են, ըստ նրա, «ժողովրդի կամքի» սրբադասումը, մեծամասնության հույզերի շահարկումը եւ գրված ու չգրված օրենքների փոխարինումը «զանգվածների զգացմունքներով»:

Իսկ օխլոկրատիայից հետո, երբ մարդիկ վերջնականապես հոգնում են «չի կարելի»-ների իսպառ բացակայությունից, գալիս է իսկական, ամբողջական բռնատիրությունը, երբ «չի կարելի»-ները որոշվում են բացառապես պետության կողմից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031