Ռեժիսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ինչու է մերժել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, կալանավորված հոգեւորականների եւ Վեհափառ հայրապետի նախաձեռնությանը միանալու առաջարկը:
«Ես չեմ կարծում՝ Վեհափառը կարիք ունի պաշտպանության, որովհետեւ այն մեղադրանքը, որ իրեն ներկայացվում է, Քրեական օրենսգրքից դուրս է: Ունի՞ երեխա, թե՞ չունի երեխա, դա բացարձակապես կապ չունի ՀՀ Քրեական օրենսգրքի հետ: Ի՞նչը պաշտպանեմ»,- ասաց Բաբայանը:
Մեր դիտարկմանը՝ իշխանության հարձակումներից, պարոն Բաբայանը շարունակեց. «Դե հարձակումներից, որ իշխանությունը սկսել է, ես ուրեմն նույն ձեւով կարող եմ պաշտպանել իշխանությանը, որի վրա հարձակումը սկսել են որոշակի հոգեւորականներ, ինչո՞ւ, դա իմ գործը չէ»:
Պարոն Բաբայանը նաեւ ասաց, որ Վեհափառ հայրապետի հայտարարությունները Մարիա Զախարովայի հայտարարություններից չեն տարբերվում. «Երբ Վեհափառը ասում է, որ Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը չեն արտացոլում Հայ Առաքելական եկեղեցու հայացքները, ես համարում եմ դա խառնվել քաղաքականության մեջ: Որովհետեւ ինչ էր ասել Վազգեն արքեպիսկոպոսը, նա ողջունել էր խաղաղությունը եւ ողջունել էր, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն: Չեմ կարծում՝ այդ անմեղ, բայց պետական ուղղվածության մեջ տեղավորվող դրույթը՝ խաղաղությունն ու ընթացքը դեպի Եվրամիություն, արժեր, որ այն չեղարկվեր ամենաբարձր ատյանում: Կարծում եմ՝ Վեհափառի ու Մարիա Զախարովայի հայտարարությունները պետք է իրարից տարբերվեն»
Կարդացեք նաև
Ըստ Բաբայանի՝ եկեղեցի-իշխանություն պայքարում հաղթողը պարտված է լինելու՝ անկախ նրանից ով կլինի հաղթողը. «Ունենք իշխանության կողմից առաջ բերած թեզը, որը լայն դրական արձագանք չի գտնում հանրության մեջ, բայց նաեւ ունենք վարկաբեկված շատ եկեղեցականներ: Սա հասարակ ձեւով չի վերանա: Ինչու եմ ասում՝ պարտվածը շահող կլինի, որովհետեւ պարտվածին միշտ համակրում են»:
Ռուբեն Բաբայանը անդրադարձել է նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից քաղաքացիներին, հասարակական-քաղաքական գործիչներին թքել-մրելու դեպքերին, որոնք ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական չեն ստանում. «Դուք ուզում եք լսել, որ ասեմ վա՞տ է, շատ վատ է: Բայց եկեք խոսքի ազատությունը վիրավորանքի ու հայհոյանքի ազատության հետ չխառնենք: Անկախ նրանից՝ որ կողմից է դա հնչում: Չեմ կարող ասել, որ արդարացնում եմ իշխանության կողմից եկած վիրավորանքը եւ մերժում եմ ընդդիմության կամ որեւէ լրագրողից եկած վիրավորանքը: Եթե մերժում եմ վիրավորանքն ու բռնությունը, մերժում եմ դա ընդհանրապես: Ես չեմ արդարացնում որեւէ մեկի խուժանական պահվածքը »:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ քաղաքական իրավունքներից ոչ ոք, ոչ մեկին չի կարող զրկել Հայաստանում, անկախ նրանից, նա տիկնիկային թատրոնի տնօրեն է, թե իշխանության տիկնիկ
Եկեղեցականների քաղաքական իրավունքը ամրագրված է խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին օրենքի 18-րդ հոդվածում, որն ասում է, որ կրոնական կազմակերպության սպասավորները կարող են զբաղվել քաղաքական կյանքով համահավասար մյուս քաղաքացիներին։ Սրա հակառակը կլիներ կոպիտ խախտում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ 21-րդ դարի քաղաքակրթության
Պարոնը երազում է Եվրոմիություն մտնել, բայց խոսքով զրկում է Հայաստանի քաղաքացուն իր քաղաքական իրավունքից։
Մյուս կողմից, սահմանադրության 18րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցուն ազգային ինքնության պահպանման դերակատարությունը, և եթե եկեղեցին չարտահայտեր իր դիրքորոշումը Արցախում հայկական ինքնության բնաջնջման, Հայաստանում պատմական, մշակութային, սոցիալ ինքնության նսեմացման, եկեղեցին ինքը կխախտեր սահմանադրությունը։
Տարօրինակ ու աննորմալ կլիներ, եթե եկեղեցին 150 հազարին մոտ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկելը չդատապարտեր, իր հոտի վերադարձի իրավունքը չբարձրաձայներ, Բաքվում պատանդառված Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ազատության համար չպայքարեր, 385 եկեղեցի Ադրբեջանին հանձնելու համար դիրքորոշում չհայտներ և Արցախում հայկական եկեղեցիները վերացնելու համար դատական հայցեր չներկայացներ ու չխոսեր սրա մասին։ Սրա հակառակը կլիներ աննորմալ, այն ինչ ուզում են այս մարդիկ, որ եկեղեցին չպաշտպանի հայերի ինքնությունն ու իրավունքները