Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոք ներկայացնել իր իրավունքները սահմանափակող պաշտպանական որոշման դեմ
Սերժ Յովնանեանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հասմիկ Օհնիկյան), դեկտեմբերի 5-ին անհատական դիմումով դիմելով Սահմանադրական դատարան, խնդրել է հետևյալը. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ այն բացառում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշումների դեմ վերաքննության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ն մասին հակասող և անվավեր»։ 2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/7217/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-դ կետով ամրագրված՝ «այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում» ձևակերպմանը տրվել է նեղ մեկնաբանություն: Մասնավորապես` Դիմողի պնդմամբ՝ «օրենքով սահմանված դեպքերում» ձևակերպումը մեկնաբանվել է բացառապես «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված», որպիսի եզրահանգման է եկել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում կայացրած որոշմամբ:
Դիմողը պնդում է, որ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված այն մոտեցումը, համաձայն որի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության միջոցներից երկուսը՝ նախազգուշացման կիրառումը և անհետաձգելի միջամտության որոշումը, բողոքարկելի են, մինչդեռ բողոքարկելի չէ պաշտպանական որոշումը, չի կարող լինել հիմնավորված առնվազն այն առումով, որ պաշտպանական որոշումն իր իրավական հետևանքներով առավել տևական է և կայուն հետևանքներ առաջացնող, ուստի՝ առավել մեղմ հետևանքներ առաջացնող պաշտպանության երկու որոշումների բողոքարկելի լինելը, իսկ երրորդի՝ պաշտպանական միջոցի ոչ բողոքարկելի լինելը առնվազն չեն կարող դիտվել որպես նպատակ, որին ձգտել է օրենսդիրը խնդիրը կարգավորելիս: Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանի ընդունած պաշտպանական որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, ոչ միայն հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ն մասին, այլև ստեղծում է անդառնալի հետևանքներ ինչպես բռնությունն անարդարացիորեն վերագրված անձի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։
Ըստ դիմողի՝ թեև օրենսգրքի՝ «Պաշտպանական որոշման վերաբերյալ գործերի վարույթը» վերնագիրը կրող 27.1-ն գլխով կամ նույն օրենսգրքի այլ նորմերով սահմանված չէ պաշտպանական որոշումը բողոքարկելու ընդհանուր կարգից տարբերվող կարգ, իսկ օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը չունի պաշտպանական որոշումը վերաքննության կարգով բողոքարկելի դատական ակտ լինելու մասին ուղղակի նշում, այնուամենայնիվ, այնքանով, որքանով նման հնարավորությունը նախատեսված է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդ- վածի 7-րդ մասով, իսկ օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ի մասի 15-րդ կետը սահմանում է այլ օրենքներով նախատեսված որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոք ներկայացնել իր իրավունքները սահմանափակող պաշտպանական որոշման դեմ առնվազն վերաքննիչ բողոք ներկայացնելու ընդհանուր կարգի և ժամկետների վկայակոչմամբ։
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը գործը ընդունել է վարույթ, իսկ պատասխանող է ներգրավել Ազգային ժողովին։
Նշեմ, որ փաստաբանը հայտնի է ընտանեկան բռնության գործերով, բազմաթիվ առաջարկներով, որոնք կկարգավորեին օրենքի բացերը։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը նշանակվել է 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, գործոց զեկուցողն է ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































