Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունից հետո քանի՞ հայ է վերադարձել հայրենիք. News.am

Դեկտեմբեր 25,2025 11:40

«Իմ ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձության կազմակերպումն է». այս խոսքերը 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից հնչեցրել է այն ժամանակ` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Թե որքանով է պաշտոնավարման յոթուկես տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել իրագործել իր ամենամեծ նպատակը, փորձել ենք պարզել թվերով` ուսումնասիրելով պաշտոնական ցուցանիշները:

NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ ճշտելու, թե 2018 թվականից մինչ օրս հայրենադարձության տարբեր ծրագրարի շրջանակներում սփյուռքի քանի՞ հայրենակից է վերադարձել և մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Մասնավորապես ըստ գրասենյակի տրամադրած տվյալների՝ 2019 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիության ձեռքբերման, ՀՀ-ում մշտական և հատուկ կացության կարգավիճակների ստացման, առողջապահության, կրթության, անձնական գույքի տեղափոխության, փաստաթղթերի ճշգրտման, աշխատանքի տեղավորման, ինտեգրման ծրագրերին մասնակցելու, ՀՀ ներպետական ընթացակարգերում աջակցություն ստանալու և այլ հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ստացել է ավելի քան 20 հազար դիմում՝ նամակի, զանգի կամ այցելության տեսքով:

«Հետևաբար, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է վերոհիշյալ քանակի հարցում և ուղեկցել է հայրենակիցներին հայրենադարձման գործընթացում»,-ասված է NEWS.am-ին հղված պատասխանում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են նաև, որ 2019-2021 թթ. տարեկան մինչև 10 հազար, իսկ 2022-2025 թթ. տարեկան 20-25 հզ ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակի ստացման դիմումներ են կատարվել, որոնց բացարձակ մեծամասնությունը ազգությամբ հայերն են:

Համեմատության համար նշենք, որ տարեկան մինչև 10 հազար և ավելի քաղաքացիության և ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակի ստացման դիմումներ Հայաստանի իրավասու մարմինները ստացել են նաև մինչև 2018 թվականը:

ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թիվը շեշտակի աճել է հատկապես 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո: Պաշտոնական ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2025թվականի դրությամբ Արցախից տեղահանված 26,233 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ինչպես 2018-ի՝ «մեծ հայրենադարձության» նպատակը, այնպես էլ 2025 թվականի փետրվարին Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանի» գաղափարախոսության՝ «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց» դրույթը այդպես էլ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում մեծ մասսայականություն չեն վայելում: Ավելին, հայկական սփյուռքը տարեցտարի ընդլայնվում է. ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ գերադասում են ապրել և աշխատել օվկիանոսից այն կողմ, եվրոպական երկրներում, անգամ՝ պատերազմող Ռուսաստանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031