Լեւոն Ջավախյանը՝ իրականության եւ կյանքը գրքի մեջ «դնելու» մասին
Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլեւս չեմ գրի: Բայց պարզվեց, որ դեռ ապրում եմ… Այս տողերը Լեւոն Ջավախյանի նոր՝ «Տուն գնացող արեւը» գրքից են: Թեեւ նման խորը գրողին ճիշտ չէ նման պարզունակ հարց տալը, այնուամենայնիվ, հարցրինք, թե ինչպես է ծնվել իր «Տուն գնացող արեւը»:
«Օղորմածիկ մերս ասում էր՝ կարեւորը առավոտը շուտ վեր կենալը չի, բանը գործի հաջողությունն է, ղսմաթը… Հիմա էս գիրքը ղսմաթի վրա գրվեց: Ես միտք չունեի գրելու: Սովորաբար 5 տարուց ավել ժամանակ է անցնում, որ նոր գիրք եմ գրում: Բայց սա 7 ամսականի նման էր, երեխեն ծնվեց, ու գործն ինձանից առաջ ընկավ: Երբ գրեցի երկրորդ մասը՝ «Գյադի ժամանակը», դա էնպիսի մի գրվածք է, որ երբեք չի կրկնվի, որովհետեւ օրվա ռիթմը, օրվա կյանքը, օրվա բերածը օրը տվեցի, գրի առա… Կարծում եմ՝ պետք է հենց էդ պահին օրագրի նման ապրես… Իսկ թե ինչու էդ վերնագիրը՝ «Տուն գնացող արեւը»… Երեխան, եթե խոսում է, հանճարեղ է, հետո խաթարվում է ամեն ինչը իր իմացությամբ, իր սովորած գրագիտությամբ: Տուն գնացող արեւը վերցրել եմ աքքադա-շումերական պոեզիայից, այնտեղ կա՝ տուն գնացող արեւը… Ես գրեցի տուն գնացող արեւը, մանավանդ տեսնում եմ՝ մեր արեւը, ցավոք, մայր է մտնում, տուն է գնում»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Ջավախյանը:
Կարդացեք նաև
Իսկ ինչպե՞ս կանգնեցնել ահագնացող «մայրամուտը»՝ այս հարցի պատասխանը միանշանակ չէ: «Արեգակին չես կարող կանգնեցնել, արեգակը պիտի նորից դուրս գա, պիտի ազգովի խնդրենք, որ վերադառնա, թե չէ արեգակը կարող է գնալ ու այլեւս չվերադառնալ, պետք է ծնկաչոք աղոթենք, որ արեւածագ լինի, ես էդ սպասումով եմ ապրում»,-հոգոց է հանում գրողը, որը երբեք չճկվեց որեւէ իշխանավորի առաջ, չհրաժարվեց իր սկզբունքներից, չհամալրեց պալատական մտավորականության շարքերը, որոնց մի մասը երազում է մահից հետո որպես հանճար Պանթեոնում մեծ շուքով հանգստություն գտնելու մասին:
«Մի ընկեր ունեի, հիմա չկա, ասում էր՝ էդ ջահելների մոտ զգույշ եղիր, վաղն իրենք են քեզ հիշելու… Ես էլ ասում եմ՝ ջհանդամը, թե մեզ կհիշեն, ես էլ ասում եմ, թե մեռնեմ, թող ոտքերիցս բռնեն ու Զանգվի ձորը նետեն, կարեւորը կյանքն է՝ ողջ բովանդակությամբ, ես ավելի շատ կուզեի ապրող բոմժ լինել, քան մեռած հանճար… Մի անգամ վիպակ էի գրում, կինս հարցրեց՝ Լեւոն, էդ ինչ ես գրում, ինչի մասին է: Ասացի՝ էդ նույնն է, որ հարցնես կյանքն ինչի մասին է, կյանքը մասին չի, կյանքը պիտի ապրես, եթե կարողանում ես՝ ապրելու հետ էլ արարես, հալալ է քեզ… Հանճարը, տաղանդը, ամեն ինչը կյանքի մեջ է, դրա համար ուզում եմ ապրել, ու ապրելը տարիքի մեջ չի, այլ հասունության: Մակեդոնացին ընդամենը 33 տարի ապրեց, բայց ավելի շատ ապրեց, 100 տարի ապրողները…»,-ասում է Լեւոն Ջավախյանը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ արժեքների գլխիվայր շրջվելու, եկեղեցու դեմ իշխանությունների արշավին: «Կարծում եմ՝ հայ կա, որ ավելի սելջուկ է, քան սելջուկները… նրանցից ոմանց գործողությունները հիշեցնում են միջնադարում թուրք սելջուկների հարձակումը, որ 3-ն էին ղեկավարում՝ Պողին, Պուղին, Անազուղլին: Էն մարդիկ, որոնք եկեղեցու վրա են հարձակվում, Մայր տաճարի դուռ են ջարդում, փորձում են մեր հոգին պղծել, դրանք հենց Պողի, Պուղի, Անազուղլի են, այ այդպիսի արշավ է գնում մեր սրբությունների, մեր ինքնության, հայի էության դեմ… »,-նշեց մեր զրուցակիցը:
Վերադառնալով «արեւի տուն գալու» թեմային, Լեւոն Ջավախյանը նշում է. «Այս շարժումը, որ 2018-ին ասում էին հեղափոխություն, հեղափոխություն չէր, գանձագողություն էր, ալան-թալան էր, միակ իմացությունը, որ բերեց էս շարժումը, այն էր, որ առերեսվեցին մեր ժողովրդի հետ ու հիասթափվեցինք, էսքան թշվառ չէի պատկերացնում… 500 տարի թուրքն անընդհատ իշխել է մեր վրա, 500 տարվա մեջ վարել ու ցանել է, իր ազդեցությունը թողել է, ինչի մեր իմացած հայը էսպես է եղե՞լ, Խորենացին Հայկին պատկերելիս այլ բան էր ասում… Մտածում եմ՝ ախր ոնց կարող է Նիկոլն իշխի էս ժողովրդի վրա… Սովորաբար ժողովուրդը նման է շամպայնի, եթե գազը շատ է լինում, խցանը թռչում է, մեր դեպքում չի թռչում, գազը քիչ է, ազգային ոգին քիչ է, թե ոչ մի Նիկոլ շամպայնի գազին չէր դիմանա: Հիմա ինչ անենք, որ էս վիճակը չլինի… Ամեն մարդ իր գործը պիտի անի, Մենդելեեւի պարբերական աղյուսակի նման ամեն մեկն ըստ իր ատոմական կշռի ու կարգավիճակի՝ պիտի դասավորված լինի, ամեն մեկը պետք է իր տեղն ունենա… Մենք կորցրել ենք մեր տեղերը էս խառնաշփոթի մեջ, Նիկոլն էլ իր տեղում չի, նա բզի ծերի վրա նստած է, իսկ երկիրը դարձել է ծայրապետություն»:
Դառնալով իր «Տուն գնացող արեւը» գրքին՝ Լեւոն Ջավախյանը նշում է. «Խորենացին թող ներող լինի, ես ինձ ժամանակակից Խորենացի եմ զգում: Նա գրել է իր Պատմությունը մինչեւ իր ապրած ժամանակը, ես իմ ապրած յուրաքանչյուր օրն եմ գրել… Սա մեր դժբախտ ու դժգույն օրերի արտացոլանքն է, Էսօրվա կյանքը դրել եմ գրքի մեջ, որ ընթերցողը կարդա ու վերապրի»: Գրողը մի երազանք ունի. «Հրաշք լինի, էդ մարդն այլեւս իշխանության ղեկին չլինի, թե չէ մի պտղունց մարգանցովկայի նման մաքուր ջուրը պղտորում է, հիմա իմ կյանքը պղտորված է, ուզում եմ էս իրականությունը փոխվի… Փառք Աստծո, հուսահատությունս իմ գրականություն չեմ բերում, լույսի համար տեղ եմ թողնում, քանի որ գիտացում եմ, որ մեր ապագան պայքարի մեջ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
26.12.2025




















































