Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԵՄ-ն այս պահին նպաստում Փաշինյանի բռնապետությանը

Դեկտեմբեր 27,2025 10:00

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հարցումը Հայաստանին տրամադրվելիք 12 միլիոն եվրոյի աջակցության մասին էր: Մեզ հետաքրքիր էր՝ «ի՞նչ պետք է արվի կամ ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն այդ ֆինանսավորման հատկացման եւ բաշխման գործընթացում, որպեսզի այն չդառնա իշխանությանն՝ ընդդեմ ընդդիմության աջակցման օրինակ, որը հնարավոր կլինի որակել որպես «հիբրիդային միջամտություն»։

Դեսպան Մարագոսը մեզ պատասխանել է, ինչի համար շնորհակալ ենք: Ընդհանրապես, եվրոպական արժեքները, եվրոպական քաղաքակրթությունը եւ մշակույթն ինձ համար ուղենիշային են եւ, նույնիսկ կասեի, ոգեշնչման աղբյուր են: Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության խորացումը, կարծում եմ, իսկապես պետք է ռազմավարական նպատակ լինի:

Սակայն այս ժամանակահատվածում ԵՄ-ն, իմ տպավորությամբ, ամենեւին շահագրգռված չէ, որ Հայաստանում զարգանա ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, բազմակարծությունը եւ այլն:

ԵՄ պատվիրակությունն ինձնից ավելի լավ, ավելի մանրամասն գիտի, թե ինչի համար են ազատազրկվել Հայ առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսները, «Անտիֆեյքի» հաղորդավարները (գույքի առգրավմամբ), Սամվել Կարապետյանը, «Սրբազան շարժման» անդամները եւ այլ քաղաքացիներ: Այդ պատվիրակությունը տեղյակ է նաեւ, թե ինչ ձեւով են իշխանությունները «չեղարկում» ՏԻՄ ընտրությունների արդյունքները, եթե դրանք ՔՊ-ին չեն բավարարում: Եկեղեցու ինքնավարության վրա հարձակումները (այդ թվում՝ ուժայինների միջոցով) եւ մնացած բոլոր «ժողովրդավարական» դրսեւորումներն էլ չթվարկեմ: Կարճ ասած, մեր հարգարժան դիվանագետները շատ լավ գիտեն, որ Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն չի զարգանում, եւ դրան խոչընդոտողը ոչ թե դրսի «չարամիտ ուժերն են», այլ ներկայիս իշխանությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ:

Եվ ներքին պառակտումը, բեւեռացվածությունը նույնպես հենց նա՛ է առաջին հերթին հրահրում՝ մասնավորապես, բոլոր իր ընդդիմախոսներին Ռուսաստանի գործակալ, այսինքն, ըստ էության, թշնամի հռչակելով: Իսկ թշնամու հետ, ինչպես հայտնի է, որեւէ երկխոսություն հնարավոր չէ:

ԵՄ-ի այսօրվա դիրքորոշման խորքային պատճառն, իհարկե, ԵՄ-Ռուսաստան հակամարտությունն է, որտեղ ՌԴ-ի մեղքն, ինչ խոսք, շատ ավելի մեծ է: Բայց դա տվյալ դեպքում մեզ համար սփոփանք չի կարող հանդիսանալ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Էդպես էլ չիմացա թե ինչ էր պատասխանել դեսպան Մարագոսը։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իմ տեքստի մեջ կա հղում, հիպերլինք (առանձնացված է կապույտ գույնով), որը սեղմելով կարող եք անցնել դեսպանի պատասխանին:

  2. Հայ մարդ says:

    Փորձեմ գրել իմ տեսակետը, թե ինչու է փաշինյանի բռնապետությունը ձեռնտու ԵՄ-ին․

    1․ փաշինյանը չի կրում ազգային արժեքներ, չունի ազգային գաղափարախոսություն, ազգային արժանապատվություն, թուլացնում է ազգային բանակը, փորձում է ոչնչացնել ազգային հիշողությունները՝ ազգի պատմությունը, ազգային խորհրդանիշները։ Մի խոսքով՝ ԱԶԳԱՅԻՆԻ վերացումը կթուլացնի հայկական պետականության և հայ ժողովրդի ՄԿԱՆՆԵՐԸ, որի արդյունքում Հայաստանը կկորցնի իր սուբյեկտայնությունը, իսկ ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ արժեքներ կրող ԵՄ-ին դա շատ ձեռնտու է։

    2 ԵՄ- շատ լավ գիտի, որ նիկոլը միշտ էլ գտնվել և այժմ էլ գտնվում է Ռուսաստանի ազդեցության տիրույթում և ամեն ինչ պարբերաբար զեկուցում է «հարգելի Լադիմիր Լադիմիրովիչին» (ՀԱՊԿ-ի անդամության ձևական սառեցումը ոչինչ չի նշանակում), սակայն ԵՄ-ն հույս ունի, որ հարմար պահին՝ Ռուսաստանի շատ թուլանալու դեպքում անդեմ և թույլիկ նիկոլին կարող է լրիվ պոկել Ռուսաստանից և ամբողջությամբ դարձնել իր կամակատարը (որը ԵՄ-ին չի հաջողվի, եթե Հայաստանում առաջիկայում իշխանության գա ուժեղ առաջնորդ՝ պետական ու ազգային շահի գերակայությամբ)։

Պատասխանել Հայ

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031