Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի փորձագետը խաղաղության համաձայնագրի կնքումը կապել է ՀՀ-ում 2026-ի ընտրության արդյունքի հետ

Դեկտեմբեր 27,2025 11:00

«Բաքվի ղեկավարությունը չի կարող գնալ ամբողջական կարգավորման, բայց շատ բան է անում՝ այս ուղղությամբ պարարտ հող ստեղծելու համար։ Վստահ չենք, թե հունիսին Հայաստանում սպասվելիք ընտրությունն ինչ արդյունք է ունենալու»։

Ադրբեջանական միջազգային AnewZ լրատվականի կողմից Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի եւ Թոփչուբաշով խորհրդի նախագահ Ռուսիֆ Հուսեյնովի միջեւ կազմակերպված հեռավար քննարկման ժամանակ վերոհիշյալն ասել է Հուսեյնովը։

«Ուսումնասիրում ենք Հայաստանում անցկացվող հարցումները»․ Հուսեյնով

Թեպետ նա բացեիբաց այդ մասին չասաց, ադրբեջանցի փորձագետի խոսքի ենթատեքստից հասկացվում է, որ նա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հաջող ընթացքը կապում է գալիք տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության վերընտրության հետ։

«Իհարկե, կարծես թե այս պահին վարչապետ Փաշինյանին լուրջ մարտահրավեր ներկայացված չէ, սակայն մենք ուսումնասիրում ենք Հայաստանում անցկացվող հարցումները, գործող կառավարության վարկանիշը։ Գալիք շաբաթներին տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կարող է ձեւավորել կամ վերաձեւավորել նախընտրական դաշտը հարեւան երկրում», – ասաց Հուսեյնովը։

Նա միեւնույն ժամանակ պնդեց, որ Փաշինյանի կառավարությունը «բարձր խաղադրույք» է  կատարել հայ-ադրբեջանական խաղաղության եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացների վրա։ Շոշափելի եւ տեսանելի արդյունքներն այս գործընթացներում իշխանության շանսերը կբարձրացնեն, գնահատում է Հուսեյնովը։

Քոչինյանը Հուսեյնովի այս մեկնաբանություններին իր խոսքում չանդրադարձավ։

«Շատ բան է փոխվել»․ Քոչինյան

Նա նշեց, սակայն, որ հայ բնակչության համար անվտանգային հարցերը շարունակում են գերակշիռ տեղ զբաղեցնել հանրային պատումներում՝ սա պայմանավորելով այն փաստի հետ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը մնում է չստորագրված։

Քոչինյանի խոսքով՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում հայ-ադրբեջանական բարձրագույն մակարդակով կայացած բանակցություններից հետո «շատ բան է փոխվել»։

«Առաջ կողմերի միջեւ առկա էր դասական ախոյանություն։ Հիմա ավելի շատ միջկառավարական հարաբերությունների տպավորություն կա։ Խնդիրներ դեռ կան, անհամաձայնություններ դեռ կան, գործընթաց դեռ կա, բայց այն ամբողջովին այլ բնույթ է կրում։ Այն վայրագ հակամարտություն չէ, որը 30 տարի ունեցել ենք։ Այն շատ ավելի դիվանագիտական է», – ասաց Քոչինյանը, եզրահանգեց՝ «որոշ կետերում թվում է, թե նորմալ միջպետական հարաբերությունների հետ գործ ունենք»։

Հայ փորձագետը արձանագրեց, որ եթե 2025-ի մեկնարկին խոսք էր հնչում հնարավոր էսկալացիաների մասին, հիմա խոսք է հնչում Հայաստան ադրբեջանական վառելիքի ներկրման մասին։

«Մեկ տարվա համար սա դրամատիկ փոփոխություն է», – ասաց նա։

Հայաստանը վճարե՞լ է Ադրբեջանին

Իր հերթին, Հուսեյնովը կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված փաստացի խաղաղությունը, կարելի է «խաղաղության գործընթաց» եզրույթից անցում կատարել «կարգավորման գործընթաց» եզրույթին։

Նրա խոսքով՝ «2025-ը ցայսօր ամենաարդյունավետ տարին է եղել երկու երկրների համար»։

Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցումների էմբարգոյի վերացմանը՝ Հուսեյնովը հարց բարձրաձայնեց՝ ի՞նչ իրավական հիմքով են իրականացվում տարանցումները եւ արդյո՞ք Հայաստանը դրանց համար վճարում է Ադրբեջանին։

«Կարող եմ ենթադրել, որ ադրբեջանական կողմը թույլատրել է բեռների տարանցումը՝ դրսեւորելով բարի կամք, բայց եթե ուզում ենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել առեւտուրը, պետք է քննարկել նաեւ դրանց իրավական հիմքերը, տարանցման սակագները եւ ձեւաչափը, որոնց վրա կհենվեն երկրներն իրենց շփումներում»։

Բանկային փոխանցումների հնարավորությունները

«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ տարանցման համար Ադրբեջանին գումար վճարվե՞լ է, թե՞ ոչ, բայց վառելիքի համար, վստահաբար, վճարվել է», – Հուսեյնովին արձագանքեց Քոչինյանը՝ պարզաբանելով, որ հավանաբար վճարումը կատարվել է երրորդ երկրի միջոցով, քանզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանկային փոխանցումների հնարավորություն չկա։

Բանակցություններում հաջորդ քայլը կարող է հենց երկու երկրների միջեւ բանկային գործարքների ապասառեցումը լինել, առաջարկեց Քոչինյանը։

Հուսեյնովն էլ, մատնանշելով աշնանը Երեւան իր այցերի ժամանակ ադրբեջանական քարտով վճարումներ կատարելու անհնարինությունն, ասաց, որ այս փուլում կարելի է սահմանափակումները վերացնել գոնե առեւտրում ներգրավված կազմակերպությունների եւ կորպորացիաների համար։

Այս համատեքստում Քոչինյանն ունկնդրին հիշեցրեց, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններն ընթանում են երեք առանձին ուղղություններով՝ հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազտում ու սահմանագծում եւ խաղաղության համաձայնագրի գործընթաց։ Քոչինյանն առաջարկեց չորրորդ առանձին ուղղություն՝ տնտեսական կապեր։

Թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031