Լրահոս
Օրվա լրահոսը

Գործերի շուրջ 70 տոկոսին կարողացել ենք լուծում տալ պետական մարմինների հետ հաղորդակցության միջոցով․ տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդ ամփոփիչ նիստը

Դեկտեմբեր 27,2025 12:53

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։

Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց մասնագիտական ներգրավվածությունն ու ներդրումը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության, դրանց բարձրաձայնման, լուծման հնարավոր ուղղությունների մշակման և համապատասխան աշխատանքային առաջնահերթությունների սահմանման գործընթացում։

Պաշտպանը շեշտել է քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, ոլորտային անկախ մասնագետների հետ ինստիտուցիոնալ ու շարունակական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական խորհրդի ձևաչափի շրջանակում։

Անահիտ Մանասյանն ամփոփ կերպով ներկայացրել է տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մեծածավալ աշխատանքները. «Այս տարի բավականին ակտիվացրել ենք գործունեությունը հատկապես մշտադիտարկումների առումով. երկու տասնյակից ավելի մշտադիտարկում ենք իրականացրել միայն հենց այս ոլորտում՝ այցելելով մարտական դիրքեր, զորամասեր, աշխատանքներ իրականացրել հենց զորակոչի ընթացքում, ստացել ենք նաև բազմաթիվ դիմումներ։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք. գործերի շուրջ 70 տոկոսին մենք կարողացել ենք լուծում տալ պետական մարմինների հետ հաղորդակցության միջոցով»,-մասնավորապես նշել է Պաշտպանն՝ ընդգծելով, որ անցնող տարին ակտիվ է եղել նաև ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների ներկայացման և դրանց մշակման ու ընդունման գործընթացներին մասնակցության տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի արձանագրած խնդիրներն ու դիմումների դինամիկան զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նշել է, որ 2025թ. ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր բողոք, մի շարք խնդիրների, այդ թվում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ են իրականացվել քննարկման ընթացակարգեր։

Ներկայացվել են նաև տարբեր զինվորական հաստատություններ իրականացված 22 այցերի արդյունքները, ինչպես նաև դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում ձևավորված վիճակագրական պատկերը՝ ըստ բարձրացված խնդիրների բնույթի, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի, ինչպես նաև դրանց կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված գործողություններն ու արձանագրված արդյունքները։ Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ և բովանդակային քննարկում, որի ընթացքում ընդգծվել է մի շարք խնդիրների համակարգային և համապարփակ լուծման անհրաժեշտությունը։

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ բարձրացված հարցերի խորքային և առարկայական քննարկումն ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի աշխատակազմի կողմից կնախաձեռնվի ընդլայնված քննարկում՝ ոլորտում որոշում կայացնող իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պաշտպանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին արդյունավետ և կառուցողական աշխատանքային քննարկումների համար, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհավորել է նրանց գալիք Ամանորի կապակցությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031