Մարզական լրագրողների քվեարկությամբ 2025 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչված ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որին ֆեդերացիայի նոր ղեկավարությունը հեռացրել է, ըստ էության, առանց լուրջ հիմնավոր պատճառ նշելու, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց, թե վերջին 50 տարիներին՝ դեռ խորհրդային պետության ժամանակվանից, ինքն ինչ հաջողությունների է հասել ծանրամարտում ընդհանրապես ու որպես մարզիչ ինչ ձեռքբերումներ է արձանագրել հայկական ծանրամարտի համար։
Մասնագետը նշեց, որ սպասում էր մարզաշխարհում տարվա լավագույնները մրցույթի արդյունքներին, հատկապես լավագույն մարզիչ անվանակարգում հաղթողի անունը հրապարակելուն։ Նա շնորհակալություն հայտնեց քվեարկությանը մասնակցած, իր օգտին քվեարկած ու նաեւ իր օգտին չքվեարկած լրագրողներին։ Նաեւ ավելացրեց, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, սակայն ոչ քաղաքական, որովհետեւ, ինչպես ինքը ձեւակերպեց. «Քաղաքականությունից ոչինչ չի հասկանում»։
Սկսելով նրանից, թե վերջին շրջանում որպես գլխավոր մարզիչ ինքն ինչի էր խուսափում լրագրողների հետ շփվելուց, ինչի հարցազրույցներ չէր տալիս եւ ծանրորդներին էլ նույն բանը արգելում էր, պարոն Ալավերդյանը վկայակոչեց ֆեդերացիայի կազմած եւ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որտեղ կետ կա, որ ինքը իրավունք չունի հաղորդակցվել լրագրողների հետ առանց ֆեդերացիայի ղեկավարության թույլտվության։ «Սա ժողովրդավարության առաջին աստիճանն է»,-ասաց նա։
«Ես ուզում եմ մեկ առ մեկ պատասխանել արծարծված այն հարցերին, որոնց մասին խոսել է մեր ֆեդերացիայի նախագահը օրերս լրագրողներից մեկի հետ զրույցում։
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը նշում է, որ պետք էր ինձ անպայման հեռացնել։ Իսկ ինչո՞ւ։ Ես մարդասպա՞ն եմ, գո՞ղ, ավազա՞կ, թալանչի՞։
Ընդամենը մարզադահլիճում մարզիչ եմ, մարզում եմ ազգային հավաքականի տղաներին եւ պահում այս ազգի, այս պետության փառքն ու պատիվը։ Ծանրորդները սիրում են ռեկորդներ անել։ Իմ ռեկորդը գիտե՞ք որն է։ Բոլորդ եք տեսել այստեղ՝ Երեւանում, Եվրոպայի առաջնության ժամանակ՝ 4 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ։ Եվ այդ նույն տարում՝ աշխարհի չեմպիոն։ Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը հաղթել ենք 1,5 միլիարդանոց Չինաստանին, մյուս երկրների մասին չեմ խոսում։ Եվ թիմդ դարձել է աշխարհի չեմպիոն։ Այս տարվա ընթացքում ունեցել եմ մեկ աշխարհի չեմպիոն՝ Լալայան Վարազդատը։
Զգալով, որ գալիք օլիմպիական խաղերում ես պետք է ունենամ օլիմպիական խաղերի երկու չեմպիոն, մի բան որ երբեք չի եղել, տեսեք, մատներով էլ ցույց եմ տալիս՝ երկու, գուցե դրա համար ինձ ազատեցին։ Այստեղ մի վտանգավոր հարց կա ու ավելի լավ է՝ ասեմ։ Երբ որ տեսնում են՝ մարդը հասնում է փառքի, ուզում են այդ փառքի մասնիկը կամ ամբողջը վերագրել իրենց։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Այդ մարդուն հեռացնում ես, փառքը մնում է քեզ։ Բայց կարո՞ղ են այդ փառքը շարունակել եւ մնալ փառքի վրա։ Չէ։ Ես գիտեմ, որ չէ։ Դուք էլ գիտեք, որ չէ։ Ուրիշի ստեղծած փառքը հնարավոր չէ վայելել, որովհետեւ վերևում Աստված կա»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































