Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատ Սրբազանն ամեն առավոտ ԱԱԾ-ի մեկուսարանում մարզվում է, նրա առողջությունը լավ է». Բագրատ Սրբազանի զարմուհի

Դեկտեմբեր 27,2025 23:30

«Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի 5-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառման սկզբում հրապարակվեց ապօրինաբար ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանի ողջույնի ուղերձը։ Այն ընթերցեց Սրբազանի զարմուհին՝ Արփինե Զարգարյանը։

Օգտվելով առիթից՝ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց Բագրատ Սրբազանի առողջությունով, քանի որ նրա տեսքը դատարանի դահլիճի ապակե պատից այն կողմ հանրության մեջ որոշակի մտահոգության տեղիք է տալիս։ «Սրբազանի առողջական վիճակը շատ լավ է, ավելի լավ, քան ինքը տարիներ փորձում էր հասնել այդ առողջականին։ Նիհարելը նպատակադրված է։ Անգամ անձնական քաշը նպատակադրված, հաշվարկված է։ Ինքն արդեն տասը տարուց ավելի ձգտում էր հենց այդ քաշին, որին հասել է այսօր։

Ամեն առավոտ ԱԱԾ-ի մեկուսարանում մարզվում է։ Ես տեղը չգիտեմ՝ ինչպես է, բայց որտեղ որ ինքը բանտարկված է, կա տարածք հատուկ մարզվելու համար։ Եվ ինքը ամեն առավոտ մարզումներ է անում։ Ես փաստացի կարող եմ ասել, որ մարզումներ է անում, որովհետեւ ինքը, որ հեռախոսով զանգի իրավունք ունի, ինձ հեռաձայնում է եւ ասում, որ մարզումներից իջավ։

Կարճ ասած՝ Բագրատ Սրբազանը շատ առողջ է, ինքն իրեն հետեւում է, անգամ՝ սննդակարգին։ Հաշվի է առնում, որ այնտեղ նույն քանակությամբ էներգիա չի կարող ծախսել, ինչ-որ առօրյա քայլելու, շարժվելու ազատության իմաստով։ Բայց հավաստիացնում եմ, որ ինքը հարյուր տոկոսով առողջ է»,-վստահեցրեց Բագրատ Սրբազանի մորեղբոր աղջիկը։

Մեր հարցին, թե Սրբազանը կալանավայրում ո՞ւմ հետ է կիսում խուցը, Արփինե Զարգարյանը պատասխանեց. «Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, որը հիմա հիվանդանոցում է, եւ Արշակ Սրբազանը նույն խուցն են կիսում։ Նրանց առողջության մասին ավելին չգիտեմ։ Միայն երբ ամեն անգամ եղբորս ասում եմ՝ բարեւներ փոխանցիր Սրբազաններին, ասում է, որ լավ են եւ միասին կիսում են խուցը։ Նրանք բոլորն էլ մարտական են ավելի, քան մենք դրսում, եթե կարելի է սա դուրս անվանել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031