«Բոլոր հայ տղաներն էլ պետք է այսօր հաղթեն։ Իրենք իրենց երկրներում լավ պատրաստվել են։ Արման Ծառուկյանի ու Դավիթ Խաչատրյանի հաղթանակի վրա ընդհանրապես չկա կասկած չկա։ Նրանք շատ լավ մենամարտեր են վարում», – մարզահամերգային համալիրում մինչեւ «Hype FC» մրցաշարի սկսվելը ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը եկել էր երկրպագելու հայ մարտիկներին։
Խոսելով նման կարգի մրցաշար Հայաստանում կազմակերպելու նշանակության մասին՝ հանրահայտ բռնցքամարտիկը ասաց. «Աշխարհում կա մեկ Քոնոր Մաքրեգոր, որը UFC-ում է ու ճանաչել է տալիս իր երկիրը։ UFC-ն մենամարտերից առաջինն է, եւ մենք էլ ենք ուզում ունենալ մի այդպիսի անձնավորություն ու ճանաչել տալ մեր ազգին։ Եվ մի օր դա անպայման կլինի։
Ինձ մոտ 10 տարի առաջ առաջարկեցին UFC: Լավ առաջարկ չէր՝ մերժեցի։ Հիմա ռինգը կարոտում եմ, բայց չեմ մտնում։ Տանը «պարկ» ունեմ, որի վրա պարապում եմ։ Հետեւում եմ միայն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարտերին։ Լավ տղաներ են, անգամ ծանր քաշում։
Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ մենամարտեր ունի։ Պիտի չուշացներ։ Եթե շուտ մտներ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, ավելի լավ արդյունքներ ցույց կտար։ Բայց հիմա էլ շատ բան կարող է անել ու մինչեւ աշխարհի գոտի կռվել»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































