Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող դիտարկվել որպես երկկողմ կամ տարածաշրջանային խնդիր. Հովիկ Ավանեսով

Դեկտեմբեր 31,2025 19:44

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առիթով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ոչ միայն տոնական խորհրդին, այլև այն մտահոգություններին, որոնք այսօր ուղեկցում են Արցախի ժողովրդի և նրա մշակութային ժառանգության ճակատագրին։

Արցախի հայ բնակչությունը այսօր զրկված է իր պատմական հայրենիքում՝ Արցախում, Նոր տարին և Սուրբ Ծնունդը նշելու հիմնարար իրավունքից՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և դրա հետևանքով տեղի ունեցած հարկադիր տեղահանության պատճառով։ Այս իրողությունը լուրջ մարտահրավեր է ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների ապահովման, այլև մշակութային բազմազանության և պատմական արդարության պահպանման տեսանկյունից։

Արցախի մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, վանական համալիրները, պատմական հուշարձանները, ձեռագրերը և ոչ նյութական մշակութային արժեքները, որոնք ունեն անկասկած համամարդկային նշանակություն, ներկայումս գտնվում են ամբողջական ոչնչացման և համակարգված աղավաղման բարձր ռիսկի ներքո։ Միջազգային հանրության շարունակական և էական քայլերի բացակայության պայմաններում այս վտանգը օրեցօր դառնում է առավել իրական և անդառնալի։

Հարկ ենք համարել ընդգծել, որ մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների անգործությունը կամ դրանց սահմանափակ կիրառումը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, որը նպաստում է մշակութային արժեքների յուրացմանը և ֆիզիկական ոչնչացմանը։ Սա հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների թե՛ ոգուն, թե՛ տառին։

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող դիտարկվել որպես երկկողմ կամ տարածաշրջանային խնդիր։ Այն համամարդկային արժեք է և միջազգային հանրության համատեղ պատասխանատվության ոլորտ։ Յուրաքանչյուր օր ուշացումը խորացնում է անդառնալի կորուստների վտանգը։

Նոր տարվա շեմին կոչ ենք անում միջազգային կառույցներին, մասնագիտացված կազմակերպություններին և համապատասխան մանդատ ունեցող բոլոր կողմերին՝

ձեռնարկել անհապաղ, արդյունավետ և տեսանելի քայլեր՝

📌ապահովելու Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկումը,

📌կանխելու դրա ոչնչացումը և

ապահովելու միջազգային իրավունքի նորմերի լիարժեք կիրառումը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող գալիք տարին լինի նպատակների ու երազանքների իրականացման հանգրվան՝ նորանոր բարձունքների նվաճման հույսով և հավատով, և դառնա ոչ թե միայն հայտարարությունների, այլ պատասխանատվության և գործնական ներգրավվածության տարի։

Խաղաղություն բոլորիս։

Հարգանքով՝

Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031