Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հոգու պարտքն է ամեն տարի Ամանորից առաջ գալ Եռաբլուր»․ ՀՅԴ երիտասարդներ

Դեկտեմբեր 31,2025 20:27

«Մեր հոգու պարտքն է ամեն տարի Ամանորից առաջ գալ Եռաբլուր, մոմ վառել մեր զոհված հերոսների շիրիմների մոտ»,-Եռաբլուրում ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամանորի նախաշեմին Եռաբլուրում տասնյակ քաղաքացիներ իրականացրին մոմավառություն։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Կամավորական շարժում» ՀԿ-ի հետ համատեղ՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների ոգեկոչման և անմար հիշատակի համար կազմակերպված մոմավառությունն ավանդական է։

Ժորա Ավդալյան

Ժորա Ավդալյանը փաստեց՝ եթե չլինեին հերոս տղաները, մենք մեր հայրենիքում դժվար կարողանայինք Ամանոր նշել․ «Այդ պատճառով այս տղաներին մոտ լինելով ենք նշում Ամանորը»։ Խոսելով 2026-ից սպասելիքների մասին՝ Ժորա Ավդալյանն ասաց․ «Մեզ հաղթանակներով լի տարի եմ մաղթում, պայքարի ու հաղթանակի տարի եմ մաղթում, մեր հավաքական նպատակների իրականացման տարի եմ մաղթում։ Եկող տարին թող ազգային հայրենիքի կառուցման տարի լինի»։

Կոլյա Ավետիսյան

ՀՅԴ «Նոր սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետ Կոլյա Ավետիսյանն ասաց, որ եկել են Հայաստան կազմակերպելու «Երկիր» ծրագիրը, որի շրջանակներում տարին երկու անգամ ճամբարներ են անցկացնում հերոսների երեխաների համար և նվերներ տալիս նրանց․ «Այսօր մենք մասնակցում ենք մոմավառությանը Եռաբլուրում, որ ցույց տանք՝ մեր հերոսների սխրանքը հիշում ենք։ Սփյուռքում ապրելով մենք գիտենք, որ իրենց շնորհիվ է, որ մենք Հայաստան, հայրենիք ունենք։ Հայաստան ամեն գալուց մենք այցելում ենք Եռաբլուր, մոմ վառում և աղոթում հերոս տղաների համար»։

Կոլյա Ավետիսյանն ասաց՝ Սփյուռքում երիտասարդներից շատերը մտահոգված են Հայաստանի այսօրվա վիճակով․ «Շատ մտահոգված են նաև կառավարության հարցերի պահով, բայց շարունակում են գալ Հայաստան, տարբեր ծրագրեր իրականացնել։ Արդեն 2020-ից հետո մեր երիտասարդները հասկացան, որ հայրենիքը Հայաստան ասելով ու երգելով չեն պահում, պետք է գանք Հայաստան, դեպի երկիր ծրագրեր անենք, պետք է ժողովրդին իմանանք, միայն Երևանում չէ․ պետք է գնանք նաև մարզեր, մեր երկիրը ճանաչենք։ Բոլորը հասկացել են, և կամաց-կամաց վերադառնում են հայրենիք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031