Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացում, ի՞նչ տեղեկություններ կան այս օրերին Թուրքիայում։
Թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։
Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ 2026-ի տարեսկզբից Հայաստանի հետ հարաբերություններում կձեռնարկվեն «խորհրդանշական քայլեր»։
«Ոչ մի տեղեկություն չունենք, որովհետեւ այդ մասին այստեղ տեղեկություն չկա, այսինքն՝ ամենօրյա լրահոսի այդ հարցը մեջ բնավ չի արծարծվում»,- ասաց Էստուկյանը։ Նա նշեց, որ այս փուլում Թուրքիան կարող է գնալ հայ-թուրքական սահմանի բացմանը։ «Ադրբեջանից արդեն ապրանքներն են տեղափոխվում դեպի Հայաստան, իսկ Թուրքիան տակավին շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ Հետեւաբար, այո, ես էլ եմ սպասում, որ զարգացում կլինի, բայց այդ ուղղությամբ հայտարարությունները բացակայում են»,- հավելեց նա։
Անդրադառնալով Թուրքիայի մտադրություններին, թե կարո՞ղ է այս փուլում բացել սահմանը, Բագրատ Էստուկյանն ասաց․ «Ես մշտապես ասել եմ, որ այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ։ Եթե Ալիեւը համաձայնի, այո, Թուրքիան պետք է ցանկանա հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Անցյալում դեպքեր եղան, երբ մենք պարզ տեսանք Ալիեւի մեսիջները։ Օրինակ՝ որոշ ընկերություններ ուզեցին Ստամբուլ-Երեւան կամ Վան-Երեւան չվերթներ կազմակերպել, բայց Ալիեւը հակազդեց, եւ դա չիրականացավ։ Հետեւաբար, այդ գործոնը կա, եթե Ալիեւը համաձայնի, Թուրքիան ավելի հանգիստ կշարժվի այդ ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե այս փուլում բեռներ ուղարկելով Հայաստան՝ Ադրբեջանի իշխանությունները ի՞նչ նպատակ ունեն, դա Հայաստանի հետ առեւտրաշրջանառություն սկսելու անկեղծ ցանկությո՞ւն է, թե՞ այլ նպատակներ կան, Բագրատ Էստուկյանն ասաց․ «Անշուշտ, նպատակներ կան, ես այստեղ բարի ու անկեղ ընթացք չեմ ակնկալում, որովհետեւ Ադրբեջանն առավելապաշտ ռազմավարություն է մշակում, իր հաշվարկներն ունի։ Բայց, մյուս կողմից, միջազգային հարաբերություններում պարտադրանքներ կան, Ադրբեջանը ստիպված է որոշ չափով տեղի տալ։ Եթե հացահատիկի հարցը նայենք, դա իր հացահատիկը չէր, Ղազախստանից եկած հացահատիկը Ադրբեջանի տարածքով եկավ Հայաստան։ Հետեւաբար, կարող է միջազգային առեւտրային ճնշումներ են եղել, այլ ոչ Ադրբեջանն է բարյացակամություն դրսեւորում հայերի նկատմամբ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































