«Իրանն այսօր». Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Դրանք սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։
Ռիալի փոխարժեքը վերջին ամիսներին շարունակաբար նվազում էր․ դեռ մարտի վերջին այն հատել էր «1 միլիոն ռիալ 1 դոլարի դիմաց» սահմանը, հետո որոշակիորեն կարգավորվել, և նորից սեպտեմբերից շարունակել էր անկում ապրել, իսկ կիրակի օրը հասավ պատմական նվազագույն մակարդակի՝ 1 դոլարի դիմաց փոխարժեքը 1 մլն 420 հազար ռիալ։ (Նախորդ տարի այս ժամանակահատվածում դոլարի փոխարժեքը 800 հազար ռիալ էր։ Ռիալի արժեզրկման խնդրի մասին՝ այստեղ)։
Սկզբում բողոքի ցույցի են դուրս եկել առևտրականներն ու խանութպանները, հետո նրանց են միացել հանրության այլ շերտեր՝ այդ թվում ուսանողները։ Այդ պատճառով ցույցերի ընթացքում հնչող կարգախոսները բազմազան են՝ սկսած տնտեսական խնդիրներին առնչվող պահանջներից մինչև վարչակարգի դեմ ուղղված կոչեր։
Ընդհանուր առմամբ, Իրանում սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներն այնքան շատ ու բազմազան են, որ հանրության գրեթե յուրաքանչյուր շերտ ունի բողոքելու իր պատճառը․ բավական է մեկ շարժառիթ, և բազմահազարանոց ցույցերը պատրաստ են։
Կարդացեք նաև
Ինչպես նախորդ դեպքերում, այս ցույցերը ևս չունեն հստակ առաջնորդություն և ձևակերպված օրակարգ։ Հատկանշական է, որ այս անգամ որոշակիորեն տարբերվում է նաև Իրանի կառավարության մոտեցումը, որը հանդես է գալիս ավելի մեղմ հռետորաբանությամբ, ցուցարարներին անմիջապես չի պիտակավորում որպես «խռովարար», այլ հայտարարում է նրանց լսելու պատրաստակամության մասին։ Ընդ որում, կառավարության այս մոտեցումը միանշանակ չի ընդունվում պահպանողական շրջանակների կողմից։
Առաջին օրերին ցույցերը համեմատաբար խաղաղ էին, և ցուցարարների դեմ կիրառվող միջոցն էլ հիմնականում, կարծես թե, արցունքաբեր գազն էր։ Վերջին օրերին որոշ տեղերում դրանք ավելի թեժ են։ Կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ։
Այսօր Լորեսթանի Քուհդաշթ շրջանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ իրավապահները պատասխանել են կրակոցներով։ Կա մեկ զոհ, ինչպես նաև վիրավորներ և ձերբակալվածներ։ Զոհվածը ԻՀՊկ Բասիջ աշխարհազորային ստորաբաժանման անդամ է։ Նույն նահանգի Ազնա քաղաքում ևս բախումներ են եղել։ Հաղորդվել է 3 զոհ, 17 վիրավորի մասին։ Առայժմ հայտնի չէ՝ իրավապահների, թե ցուցարարների շրջանում։
Մինչև հիմա չի սահմանափակվել նաև ինտերնետ հասանելիությունը․ մի բան, որ միշտ արվել է խոշոր ցույցերի ժամանակ։ Միևնույն ժամանակ, ցրտի պատճառաբանությամբ մի շարք նահանգներում հայտարարվել է հարկադիր արձակուրդ, ինչը, ըստ որոշ գնահատականների, իրականում նպատակ ունի նվազեցնել հանրային ակտիվությունը։
Հարկ է նշել, որ Իրանում ցույցերը հաճախակի երևույթ են և տեղի են ունենում տարբեր սոցիալական, տնտեսական կամ քաղաքական պատճառներով՝ տարբերվելով իրենց մասշտաբայնությամբ և ինտենսիվությամբ։
Վերջին տարիներին ամենախոշորն ու ամենաերկարատևը 2022 թվականի ցույցերն էին, որոնք ընդգրկել էին գրեթե ամբողջ երկիրը։ Դրանցից առաջ խոշոր բողոքի ալիքներ էին եղել նաև 2019 թվականին՝ բենզինի գների բարձրացման դեմ, ինչպես նաև 2017-ի դեկտեմբեր-2018-ի հունվարին (ձվի գնի թանկացումն էր շարժառիթ հանդիսացել): Այդուհանդերձ, մասշտաբով և ազդեցությամբ 2022 թվականի ցույցերը մնում են ամենախոշորը։
Ընթացիկ ցույցերն ամենամասշտաբայինն են 2022 թվականի իրադարձություններից հետո, սակայն առայժմ դրանց հետ համեմատելի չեն։ Եվ եթե ի վերջո այս ցույցերն էլ դադարեն, հաջորդ ցույցերի համար ընդամենը մեկ շարժառիթ է հարկավոր։

















































