Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտնի տասը եպիսկոպոսները երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի մոտ էին գնացել և ինչ-որ թղթի վրա մռայլ դեմքերով խզբզում էին։ Վարչապետն էլ ինչ-որ տեքստ բարբաջելուց հետո ուրախ-ուրախ հայտարարեց, որ, վերջ, Եկեղեցու բարեփոխման գործընթացը սկսված է, այլ խոսքով, սկսվեց « Եկեղեցին բարեփոխելը նորաձև է» գործընթացը։
Այդ, ըստ իս, իրենց համար ճակատագրական քայլով, սրբազանները փակեցին Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձով առաջարկված վերադարձի բաց դուռը և, հետևաբար, վերահաստատեցին իրենց եղբայրադավ ընթացքը։
Տեսակետ կա, որ ՀՀ վարչապետը ինչ-որ կոմպրոմատներով ու սպառնալիքներով պարտադրում է նրանց հակաեկեղեցական գործողություններ կատարել, սակայն երեկվա նրանց անհեռատեսական քայլը, որից հրաժարվելու համար նրանց ժամանակ և հնարավորություն էր տրված, հիմք է տալիս մտածելու, որ ո՛չ թե ՀՀ վարչապետն է նրանց ստիպում ապազգային ու հակաեկեղեցական քայլեր կատարել, այլ իրենք են այդ նողկալի արարքի համար օգտագործում ՀՀ վարչապետի անգրագիտությունը, փառասիրությունը, մեծամտությունն ու աղանդավորական հայացքներ ունենալու հանգամանքը։
Երեկվա նրանց հերձվածողական ու բացառապես զայրույթ առաջացնող քայլից հետո, այլևս նրանց ներելը ավելի մեծ մեղք կարող է լինել։ Արդեն մեկ անգամ ընդհանուր եպիսկոպոսաց ժողով գումարելը Վեհափառ Հայրապետը հետաձգեց, որովհետև, համաձայն Մայր Աթոռի պարզաբանման, սփյուռքից Հայաստան այցելողների և, ընդհանրապես հոգևորականների համար, կարող էին խնդիրներ առաջանալ։
Կարդացեք նաև
Կարծում եմ, շտապ եպիսկոսական ժողով գումարելու և այդ հերձվածողական շարժմանը համարժեք գնահատական տալու համար այլևս որևէ խոչընդոտ չպետք է լինի, իսկ եթե վտանգը դեռևս պահպանվում է, ապա սփյուռքում գտնվող մեր սիրելի սրբազան հայրերը հնարավորություն ունեն նաև հեռավար հաղորդակցությամբ արտահայտել իրենց կարծիքները։
Ես կամ որևէ մեկը չէ, որ պետք է ուղղորդենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի անելիքները, փառք Աստծու մենք ունենք իմաստուն ու երկայնամիտ Վեհափառ Հայրապետ և, կարող ենք վստահ լինել, որ Նորին Սրբությունը ամեն բան կտնօրինի ըստ հարկի և ճիշտ ժամանակին։ Իսկ մենք, սիրելի էությամբ հայեր, սիրելի քրիստոնյա հայեր, սիրելի ազնվազարմ հայեր, ամեն վայրկյան պատրաստ լինենք, որտեղ էլ լինենք, Ամերիկայում թե Ռուսաստանում, Եվրոպայում թե Աֆրիկայում՝ ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր ձևով աջակցենք մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու նրա ազգընտիր Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետին։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































