Մենք այստեղ զարմանալու բան չունենք։ Նրանց սուտ թեզերն են Արցախը տարել կործանման, նրանց սուտ խոստումներն են ժողովրդին տարել ողբերգության, աղետի ու կործանման․ «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։
Իր համոզմամբ, Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը ինչ էլ որ հայտարարեն, ինչ բառերով էլ փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը՝ նպատակը մեկն է՝ իրենց պաշտոնը, իրենց աթոռը փրկել եւ իրենց անձնական կյանքը բարելավվել։ Հակահայկական, հակաեկեղեցական գործընթացում ներգրավված եկեղեցականներն էլ, ըստ նրա, բացառապես սեփական շահի տեսանկյունից են կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին եւ նրա «կաբինետներում թղթեր են ստորագրում»․ «Ինչի՞ չեք ժողովրդի մեջ դուրս գալիս։ Վախենո՞ւմ եք, չէ։ Որովհետեւ դու կեղծված եք, դուք պղծված եք։ Բայց կեղտոտությունը, սրբապղծությունը հաջողությունների չի հասնում։ Սրանք ընկել են իրենց ետեւից։ Սրանց գործած մեղքերն էնքան շատ են, սրանց ընդհանուր ապրած ժամանակահատվածում իրենց մարդկային էությունը եղել է կեղտոտ սկզբունքներով եւ հիմքերով։ Հիմա էլ եկել է մի ժամանակ, որ երկրի ղեկավարի տեսլականը համընկնում է իրենց տեսլականի հետ՝ իրենց կյանքը բարելավվելու եւ փողի զոհ դառած ներկայացուցիչները այս իրավիճակից փորձում են դուրս գալ։ Ես չգիտեմ՝ այս իրավիճակում իրենք ի՞նչ անուն պետք է ունենան»։
Անաստաս Իսրայելյանը կոչ է անում անտեսել, արհամարհել այդ մարդկանց եւ նրանց գոյությունը կչեզոքանա։
Ինչ վերաբերվում է Արցախի թեմի առաջնորդին, ով նույնպես Նիկոլ Փաշինյանի կողքին է եւ ստորագրել է ՀԱԵ «բարենորոգման» փաստաթղթերը, Անաստաս Իսրայելյանն անվանում է սատանա, ով Արցախի անկումից, հայաթափումից հետո գնացել է նման քայլի․ «Թուղթը, որը դուք այսօր ստորագրել եք․․․ վաղն այդ ստորագրությունը ձեզ վրա շատ թանկ է նստելու։ Դրա համար, այդ Վրթանես կոչեցյալին․․․ եթե դա մի քանի անգամ չհասկացավ իր բռնած գործը կամ սխալը, կամ էլ ներողություն չխնդրեց հայությունից, արցախահայությունից, դուք սատանա եք։ Դու ո՞նց ես դուրս գալու մի տեղ՝ բառ խոսելու, միտք արտահայտելու։ Այ փողի զոհ դառած․․․ էդքան երեխոց արյունը, քո մեղքն էլ է դրա մեջ մտնում, դու էլ դառար դրա մասնակիցը, Արցախի կործանումը խարան դարձավ քո վզին։ Մենք բոլորս՝ արցախցիներս, ձեզ բոլորիդ անիծում ենք, որովհետեւ դուք մեզ բոլորիս՝ հարազատներով, հողով, հայրենիքով զոհաբերել եք»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































