ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ պաշտպաններ Արամ Վարդեւանյանն ու Կարեն Մեժլումյանը բացակայում էին: Որոշեց, որ եթե հաջորդ դատական նիստին Արամ Վարդեւանյանի կողմից սահմանված ձեւաչափով ծանրաբեռնվածության վերաբերյալ գրություն հասցեագրվի դատարանին, ապա այսօրվա դատական նիստին նրա չներկայանալը հարգելի կհամարվի: Նաեւ որոշվեց, որ եթե Կարեն Մեժլումյանի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ներկայացվի, դատարանը նրա բացակայությունը եւս հարգելի կհամարի:
Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ թարգմանության հետ կապված պայմանագիրը լուծարվել է, իսկ նոր մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, եւ հաջորդ դատական նիստին դատարանը միջոցներ կձեռնարկի թարգմանիչ ներգրավելու ուղղությամբ: Նրա խոսքով, քանի դատական նիստը տեսագրվում եւ ուղիղ հեռարձակվում է, դատարանը կոռեկտ չի համարում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայությունների եւ աղյուսակներում նշումների հետ կապված տեղեկատվություն հրապարակել: Դատարանը որոշեց դադարեցնել նիստի հեռարձակումը:
Հիշեցնենք, որ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ավելի վաղ նշել էր, որ ռուսերեն թարգմանությամբ միայն մեղադրանքի որոշումն ու խափանման միջոց կիրառելու միջնորդությունն են ստացել, եւ ցանկանում են թարգմանված ունենալ մեղադրական ակտը, որպեսզի հնարավորություն ունենան դիրքորոշում արտահայտել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































