Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբենի և … անտարբերության մասին

Հունվար 07,2026 22:33

(Անձնական վկայություն)

Վահան Զանոյան

 

«Պէտք չէ վախենալ մահից։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մէջ եւ ներսից քայքայում։ »

Ռուբեն Վարդանյան

Բաքվի զնդաններից մեկի խցից

Դեկտեմբեր 17, 2025 թվական

 

Սկզբում ես երկմտում էի այս հոդվածը գրելու հարցում, քանի որ այս թեման ինձ համար անձնական է և արդեն երկար ժամանակ պաշտպանել եմ այն սկզբունքը, որ ներհայաստանյան քաղաքական հարցերին առնչվող հոդվածներում պետք է խուսափել անհատների վրա կենտրոնացումից՝ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ թե առանձին դերակատարների, այլ քաղաքական գործընթացների և խնդիրների վրա։ Սակայն այս դեպքում ես կանեմ բացառություն։ Ես կխոսեմ Ռուբեն Վարդանյանի անձի մասին՝ այնպես ինչպես ես նրան ճանաչել եմ վերջին քսան տարիների ընթացքում։

Անտարբերությունը միշտ եղել է Ռուբեն Վարդանյանի նեմեսիսը: Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Ռուբեն Վարդանյանի հիմնադրամներից մեկի գրասենյակում, որտեղ կազմակերպում էինք բազում հանդիպումներ, կոնֆերանսների սենյակներից մեկի պատին գրված է Էլի Վիզելի (Elie Wiesel) հետևյալ մեջբերումը, ով եղել է «Ավրորա» (Aurora) մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ.

«Սիրո հակառակը ատելությունը չէ, այլ՝ անտարբերությունը։

Գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, այլ՝ անտարբերությունը։

Հավատի հակառակը հերետիկոսությունը չէ՝ այլ անտարբերությունը։

Եվ կյանքի հակառակը մահը չէ, այլ՝ անտարբերությունը»։

Այսօր, հայ ժողովրդի ամենաաններելի ամոթներից է այն փաստը, որ մենք պարզապես ընդունելի ենք համարում հայ քաղբանտարկյալների ներկայությունը Բաքվի զնդաններում: Ես սարսափում եմ պատկերացնել թե ինչպես Ռուբենը կհամակերպվեր այսօրվա Հայաստանի իրավիճակի և ամբողջ հայ ազգի շրջանում տիրող համատարած բարոյալքման և անտարբերության հետ: Եթե նա ազատության մեջ լիներ, Ռուբենը երբեք չէր լռի նրանց ճակատագրի մասին, անկախ այն փաստից՝ թե արդյոք հավանում էր նրանց, համաձայն էր նրանց հետ, թե հարգում էր նրանց որպես անհատների։ Նա հրաժարվեց լքել Արցախը, երբ դրա հնարավորությունն ուներ, որովհետև չէր ուզում լքել մյուսներին։ Ես անձամբ կարող եմ վկայել սրա մասին՝ հիմնվելով վերջին օրերին նրա հետ ունեցած իմ խոսակցությունների վրա, մինչև իր ձերբակալությունը։ Եթե նա ազատության մեջ լիներ, նա կօգտագործեր իր բոլոր միջոցները՝ թե՛ նյութական, թե՛ իր միջազգային կապերի ազդեցությունը, նրանց ազատությունն ապահովելու համար։

Եվ իր հայրենակիցներին ազատ արձակելու նրա մղումը չի սահմանափակվում ներգրավված մի քանի անհատներով. նա խորապես համոզված է, ինչպես որ ես եմ համոզված, որ Բաքվում դատվում են ոչ միայն տասնհինգ անհատները, այլ՝ ողջ հայ ազգը։ Դա կլիներ նրա գործելու հետևում թաքնված շարժառիթը: Եվ թեև կան անհատներ և հասարակական կազմակերպություններ, որոնք մտահոգված են Բաքվում պահվող մեր բանտարկյալների ազատության հարցով, ցավոք, չկա լայնամասշտաբ հանրային վրդովմունք, և մեր կառավարությունը նույնպես չի նախաձեռնում որևէ արդյունավետ քայլ՝ նրանց ազատությունն ապահովելու համար։

Առաջին անգամ Ռուբեն Վարդանյանին հանդիպեցի քսան տարի առաջ՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։ Այդ ժամանակ ես դավոսյան մի շարք քննարկումների մոդերատոր էի և ակտիվորեն փնտրում էի հայ մասնակիցների։ Հարյուրավոր համաշխարհային քաղաքական և տնտեսական առաջնորդների իրարանցման մեջ գտա Ռուբեն Վարդանյանին։ Չնայած համեմատաբար երիտասարդ լինելուն, նա լի էր գաղափարներով և լիովին ազատ ու ինքնավստահ էր զգում իրեն համաշխարհային ղեկավարների այդ շրջանակում։

2020 թվականի պատերազմից հետո մենք շատ ավելի մտերմացանք, և մեր հարաբերությունները վերածվեցին հաճախակի հանդիպումների և հետպատերազմյան Հայաստանի վիճակի վերաբերյալ քննարկումների՝ թե՛ խմբերով, թե՛ առանձին։ Ես նրա կողքին էի, երբ որոշեց տեղափոխվել Արցախ։ Դա բացառապես նրա որոշումն էր և դրա շարժառիթը մեկն էր—փորձել կանխել Արցախի հայաթափումը։

Այն ամենի հակառակը, որի համար արժե պայքարել, անտարբերությունն է: Եվ թվում է՝ մենք կորցրել ենք կամքը պայքարելու այն բազմաթիվ արդար դատերի համար, որոնց համար ժամանակին պայքարել ենք և հենց այդ պայքարի շնորհիվ ենք գոյատևել ու պահպանել ազգային ինքնության զգացումը։ Այսօր կան որոշ հրապարակախոսներ, ովքեր կասկածի տակ են դնում մեր ազգային ինքնության, պատմության և արժեքների կարևորությունը։ «Ո՞ւմ ինքնությունը», – հեգնանքով հարցնում են նրանք։ «Ի՞մը, թե քո՞նը»։ «Մենք 200 տարի զոհաբերել ենք մեզ՝ պաշտպանելով այս ինքնությունը, մի՞թե դա բավարար չէ», – հարցնում են նրանք։

Եվ մեր հանրության միամիտ անդամները հավատում են այս քարոզչությանը՝ չգիտակցելով, որ իրենց տանում են ազգի գաղափարախոսական սպանդանոց։ (Պարադոքսալ է, սակայն մեր անվտանգությանն ու ազգային արժեքներին սպառնացող վտանգների հանդեպ հանրային անտարբերությունը որոշ չափով սնուցվել է նաև այն հաջողություններով, որոնք գրանցվել են անվտանգության քաղաքականությունից դուրս ոլորտներում՝ հիմնականում սփյուռքի նախաձեռնությունների շնորհիվ՝ կրթության, առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում)։

Ռուբենը իմ ճանաչած ամենասկզբունքային մարդկանցից մեկն է։ Իր արժեքների հարցում Ռուբենը անզիջում է։ Նրա համար կարմիր գծերը կարմիր գծեր են, որոնք ենթակա չեն քննարկման և բանակցման: Ադրբեջանական բանտերում ավելի քանի երկու տարի անմարդկային պայմաններում անցկացնելուց հետո, նա հանդգնում է հայտարարել. «Արցախը եղել է, կա և կլինի,» հենց այն բանտից, որտեղ նրան բանտարկել են իր պատմական հայրենիքին նվիրվածության համար։ Այդ հայտարարությունը կարող է միամիտ, անխոհեմ և անպատասխանատու թվալ այսօրվա Հայաստանում ոմանց, իրականում՝ շատերի համար, բայց դա այդպես չէ: Այն սկզբունքային է։ Այն ավելի անկեղծ է, քան այսօրվա մեր հանրային խոսույթում հնչող անհույս պարտվողական հայտարարությունների մեծ մասը։

Ռուբենը բանտից մի քանի ուղերձներ է ուղարկել՝ իր ընտանիքի անդամներին ուղղված հեռախոսազանգերի միջոցով: 2025 թվականի մայիսի 30-ին՝ Ռուբենի ծննդյան օրվա կապակցությամբ, Ռուբենի ընկերների և գործընկերների կողմից կազմակերպվել էր «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով քննարկում: Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել այս հանդիպմանը և իմ ելույթի ժամանակ վերլուծեցի Ռուբենի բանտից ուղարկած հաղորդագրությունները: Ուստի, այստեղ դրան մանրամասն չեմ անդրադառնա:

Սակայն անհնար է մեջ չբերել նրա՝ բանտից ուղարկած ուղերձներից մեկը. «Ես պատրաստ եմ մինչև վերջ հաշտ լինել ինքս ինձ հետ և լիովին երջանիկ լինել»։ Եվ սա ասում է մի մարդ, ով բոլոր պատճառներն ունի դառնանալու աշխարհի, նույնիսկ և հատկապես՝ Հայաստանի Հանրապետության և իր հայրենակիցների վրա։ Այնուամենայնիվ, իր բանտարկությունից ի վեր նա ոչ մի դառը կամ բացասական խոսք չի ասել Հայաստանի կամ հայերի մասին: Նա օրինակելի հայի մարմնավորումն է՝ իսկական հայրենասեր, ով հավատարիմ է իր սկզբունքներին ու ազգային արժեքներին և չի կոտրվում իր նկատմամբ կիրառվող ծանր ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներից։

Սա, կարծում եմ, առնվազն մեկն է այն պատճառներից, թե ինչու Ալիևը որոշեց նրան դատել մյուսներից առանձին։ Մեկ այլ պատճառ էլ այն փաստն է, որ Ռուբենն այսօր աշխարհում ամենահայտնի և ամենահարգված հայերից մեկն է։ Այս դատավարության միջոցով Ալիևը ցանկանում է չեզոքացնել «Ռուբեն Վարդանյան երևույթը,» ոչ թե պարզապես նրա անձը։

Այսօրվա Հայաստանում տիրող համատարած անտարբերությունն ինձ հիշեցնում է «խաշվող գորտի» առակը, որն այն մասին է, թե ինչպես եռացող ջրի մեջ նետված գորտը դուրս կցատկի, բայց դանդաղ տաքացվող սառը ջրի մեջ նետված գորտը կմնա մինչև եռալը՝ մինչև մահ, ինչը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ աստիճանաբար հարմարվում զարգացող վտանգավոր իրավիճակներին, մինչև շատ ուշ լինի։ Իրականում, կենդանի փորձերի ժամանակ նույնիսկ սառը ջրում գտնվող գորտերը, երբ աստիճանաբար տաքանում էին, դուրս էին ցատկում։ Սակայն, կարծես, մեր ազգը հարմարվել է այն ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, որի մեջ գտնվում ենք։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի կորուստները պետք է լինեին ասացվածքային ջրի ջերմաստիճանի ամենանշանակալի բարձրացումը և հանդես գային որպես սթափվելու և զգաստանալու կոչ։ Սակայն, դրանք ինչ-որ կերպ ընդունվեցին որպես անխուսափելի արդյունք, իսկ ավելի ուշ՝ պաշտոնական հռետորաբանության միջոցով աստիճանաբար նվազեցվեցին դրանց նշանակությունը։ Ի վերջո, մեր կորուստները արդարացվեցին այն փաստարկով, որ մենք ի սկզբանե սխալ կռվի մեջ էինք, և որ Արցախի պաշտպանությունը խոչընդոտ էր հանդիսացել հայկական պետականության համար։

Այս մոտեցումը օգտագործվեց հանրությանը նոր պատերազմներով վախեցնելու նպատակով։ Մինչև գլխավոր ցնցումը՝ 2023 թվականին, Արցախի իրական կորուստը, հանրությունն արդեն անզգայացած էր և հուսալքված, կորցրել էր հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, այդ թվում՝ հանրային հռետորաբանության միջոցով։ Հայաստանի գրավված ռազմավարական տարածքները, որոնք ցանկացած նորմալ երկրում կլինեին հանրային քննարկման հիմնական և մշտական խնդիր, կորցրեցին իրենց նշանակությունը։

Այս ընթացքում տեղի ունեցավ նաև մեր հիմնական ազգային խորհրդանիշների վերացումը, ցեղասպանության մարգինալացումը, պատմության և դրա դասերի անտեսումը, ազգային ինքնության, արժեքների և արժանապատվության նվաստացումը և ավելի վերջերս, կառավարության և եկեղեցու միջև կործանարար և ամոթալի հակամարտությունը և Հայաստանում ներքին քաղաքական բանտարկյալների թվի աճը, որը շարունակում էր բարձրացնել ջրի ջերմաստիճանը, մինչդեռ` մեր ազգը ներքաշվում էր թշնամիների հետ խաղաղության և շարունակական տնտեսական բարգավաճման խոստման անմիտ պատրանքի մեջ։

Մենք հիմա հասել ենք այն կետին, որ գուցե նույնիսկ ուժ չունենք եռացող ջրից դուրս ցատկելու։ Երևան այցելող շատ մարդկանց համար հնարավոր է դժվար կլինի հավատալ, բայց հիմա մենք գտնվում ենք այդ գոյաբանական խաչմերուկում՝ որպես ազգ և որպես ինքնիշխան պետություն։ Երևանի տեսանելի բարեկեցությունը և տնտեսական ու գիտական առաջընթացը, որոնք այսօր հանրությանը լավատեսություն են հաղորդում, կարող են մի ակնթարթում անհետանալ։

Սա այն անտարբերությունն է, որից Ռուբենն ամենաշատն էր վախենում։ Սա այն է, ինչի դեմ նա պայքարում էր և ինչին փորձում էր հակազդել իր օրինակով՝ տեղափոխվելով Արցախ՝ լիովին գիտակցելով իր որոշման բոլոր ռիսկերն ու հետևանքները։ Քանի որ այս հոդվածը անձնապես Ռուբենի մասին է, իմ կողմից սխալ կլիներ, որ չհիշատակեի նրա ընտանիքին. մասնավորապես կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին և ավագ որդուն՝ Դավիթ Վարդանյանին։ Նրանք անսահման խոհեմությամբ, արժանապատվությամբ և ուժով դիմագրավել են և շարունակում են հաղթահարել Ռուբենի պահման ամենասարսափելի պայմանները և նրա մասին պարբերաբար հրապարակվող սրտաճմլիկ լուրերը։ Վերոնիկան շարունակում է մեծ եռանդով և ոգևորությամբ աջակցել Ռուբենի հետ նախաձեռնած ծրագրերին, ինչպիսիք են՝ Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Դիլիջանի եկեղեցին, Տաթևում, Գորիսում և Դիլիջանում զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև բազմաթիվ այլ նախագծեր։

Իր ազգային նկարագրից և արժեքներից զրկված Հայաստանն արդեն պարտված է, նույնիսկ եթե խաղաղության մեջ լինի հարևանների հետ, քանի որ այն կլինի չեզոքացված Հայաստան, կմախք, պարզապես քարտեզ՝ առանց հոգու՝ անտարբեր իր պատմության, մշակույթի, իրավունքների, ինքնության և, ամենակարևորը՝ իր ազգային արժանապատվության նկատմամբ։ Գիտեմ, որ շատերը կծաղրեն այս մտքերը և նրանք իրենց ծաղրը կհիմնեն «ինչի՞ հասանք 34 տարվա անիմաստ պայքարի արդյունքում» մտքի վրա, բայց մեր պատմությունը շատ ավելի երկար է, քան 34 տարին։ Մեր պայքարն ավելի երկար է, քան երեք հազար տարին։ Ազգերի պատմության մեջ 34 տարին ընդամենը մի ակնթարթ է։ Ազգերը հաղթում են, քանի որ պահպանում են պայքարելու կամքը։

 

Ռուբեն Վարդանյանը հանդուրժում է իր բանտապահների կողմից ամենածանր ֆիզիկական և հոգեբանական վերաբերմունքը՝ առանց կորցնելու իր հավատը։ Բաքվի կեղծ դատավարությունների դատախազը պահանջել է նրա ցմահ ազատազրկումը։ Բայց նույնիսկ դա չի փոխել Ռուբենին։ Նրա հավատն արդար դատի համար պայքարելու հարցում չի մարել։ Ինչպես նաև նրա հավատը մեր հայրենիքում մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու հարցում, որը չի կարող չափվել միջազգայնորեն ճանաչված քառակուսի կիլոմետրերով։ Իսկական պատրանքը «միջազգայնորեն ճանաչված քառակուսի կիլոմետրերն» են, այլ՝ ոչ թե մեր Հայրենիքի հասկացությունը։ Հայրենիքը իրական է, այն պատմական է, այն քանդակված է քարի վրա և փորագրված է մեր ազգի հավաքական հիշողության մեջ։ Նույնիսկ թուրքերի և ադրբեջանցիների կողմից մեր պատմությունը Արևմտյան Հայաստանից, Նախիջևանից և այժմ նաև Արցախից ջնջելու բոլոր փորձերից հետո, ապացույցները գոյություն ունեն և դրանք անհերքելի են։ Ռուբենի խոսքերը վերաձևակերպելով՝ մենք եղել ենք, կանք և կլինենք։

Թույլ տվեք ընդգծել, որ սա պատերազմի կոչ չէ։ Սա նաև խաղաղության օգուտների ժխտում չէ։ Սակայն սա այն գաղափարի ժխտումն է, որ խաղաղության հասնելու համար մենք պետք է ազատվենք մեր ազգային ձգտումներից, արդարացի նպատակներից, պատմությունից, իրավունքներից, խորհրդանիշներից և ինքնությունից։

Մենք չենք կարող անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ և մնալ անկախ։ Մենք չենք կարող անտարբեր լինել պատմական փաստերի և մեր իրավունքների նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք այսօր անհասանելի են։ Դա խաղաղություն չի լինի։ Դա կլինի ամենավատ տեսակի անտարբերություն։ Դա կլինի պարտվողականություն, կլինի հանձնվել և թշնամու պահանջներին համապատասխանել։ Դա անվտանգություն չի բերի, և դա, հաստատ անկախություն չի լինի։

Ես հույս ունեմ, որ Ռուբենը մոտ ապագայում կվերամիավորվի իր ընտանիքի և ընկերների հետ։ Մինչդեռ, եթե «Ռուբեն Վարդանյան Երևույթը», որից Ալիևը այդքան վախենում է և փորձում է չեզոքացնել, ոգեշնչի նույնիսկ հայ հասարակության մի հատվածին, Ռուբենը հաղթում է, և իր օրինակով նա բանտից ավելին է անում մեր համընդհանուր ազգային գործի համար, քան մեր քաղաքական գործիչների մեծ մասը կարողացել է անել իրենց իշխանական դիրքերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Շնորհակալություն Վահան Զանոյանին այսպիսի հրաշալի և խորքային ձևով Ռուբեն Վարդանյանին ներկայացնելու համար։ Եվ ինչքան դիպուկ է նշված “անտարբերություն” կոչվող չարիքի հակադարձությունը սիրոն, գեղեցկությանը, հավատքին և կյանքին։

  2. Հայ մարդ says:

    Շնորհակալություն Վահան Զանոյանին այսպիսի հրաշալի և խորքային ձևով Ռուբեն Վարդանյանին ներկայացնելու համար։ Եվ ինչքան դիպուկ է նշված “անտարբերություն” կոչվող չարիքի հակադարձությունը սիրոն, գեղեցկությանը, հավատքին, կյանքին։
    Ռուբենի առաջացրած հայրենասիրական վարակը դեռ բավարար տարածում չի գտել մեր մեջ, բայց դա այլընտրանք չունի և վաղ թե ուշ թափանցելու է ցանկացած հայի մեջ (մեկի մեջ շատ, մյուսի մեջ քիչ, սակայն դա էական չէ) և արթնացնելու է հայ մարդկանց մեջ քնած Փոքր Մհերներին – ի սարսափ հայոց թշնամիների։
    Եվ շենանալու ու անառիկ է դառնալու Երկիրը Հայոց։

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Շնորհակալություն Ձեր խոր, միաժամանակ զգացմունքային վերլուծության համար։ Հասկանում ու կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Նաև գիտակցում եմ, թե ինչու կրավորական, ու ոչ թե ներգործական ձևն եք օգտագործել մեզանում տեղի ունեցող երևույթներն ու գործընթացները վերլուծելիս («կորուստները արդարացվեցին, մոտեցումը օգտագործվեց» …): Ենթադրում եմ, թե ինչու «Ռուբեն Վարդանյան երևույթից», վախեցող ու այդ երևույթը չեզոքացնել ցանկացող Ալիևի կողքին չեք նշում Փաշինյանի անունը։ Փաշինյանն ավելի շատ է վախենում դրանից։ Եվ այդ վախով պայմանավորված՝ իր բոլոր գործողություններն ավելի շատ են միտված այդ երևույթը չեզոքացնելուն։ Շատ հավանական է, որ ուղիղ մեղադրանքների դեպքում մեր խղճուկ վարչապետը Հայաստան Ձեր մուտքն էլ կարգելեր, ինչպես արեց շատերի դեպքում։

  4. Հրաշք մարդ է Ռուբեն Վարդանյանը` գտավ այն մեկ բարը, որը լիովին նկարագրում է բուժման ուղին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031