Հարցազրույց Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանի հետ
-Շուրջ 5 ամիս է՝ ղեկավարում եք թատրոնը և այս կարճ ժամանակահատվածում ականատեսը եղանք Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ ամանորյա «Բևեռային ճեպընթաց» ներկայացմանը: Մեր դիտարկմամբ, նաև 1-2 մասնագետների որակմամբ այն հաջողված էր և ամենակարևորը՝ մյուզիքլի ժանրում էր, ինչը ձեր թատրոնի ուղղվածությունն է: Ինչպե՞ս հաջողվեց նման որակով ներկայացում թողարկել:
-Շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Իսկապես, ներկայացումը սիրվեց թե փոքրիկ հանդիսատեսի, թե մեծերի կողմից: Երեխաները ողջ ներկայացման ընթացքում կլանված դիտում էին և նույնիսկ մասնակցում: Իսկ հաջողությանը նպաստեց երկու հիմնական հանգամանք. բեմադրության ստեղծման շուրջ հավաքվել էին մանկական ժանրի և պարարվեստի լավագույն մասնագետները և, իհարկե, մեր թատրոնի առաջատար արտիստներից բաղկացած կազմը: Բեմադրության հաջողության հարցում նաև պետք է նշեմ ստեղծագործական խմբի, գործին նվիրվածության փաստը: Ասեմ, որ 5 ամիսների ընթացքում, թատրոնում բավականին աշխատանքներ են ընթացել, թե ընդհանրապես աշխատանքների որակի բարելավման, և թե ստեղծագործական մասով: Կուզեմ շնորհակալությունս հայտնել ամբողջ անձնակազմին, որ չնայած որոշ հանգամանքների, առանց բացառության, բոլորը լավագույնս կատարել են իրենց գործը, կրկնում եմ, թե վարչական, թե գեղարվեստական, ստեղծագործական բաժիններում: Հավելեմ, որ մեկ օր անգամ չի խաթարվել թատրոնի բնականոն ընթացքը:
Կարդացեք նաև
-Դեռ կանդրադառնանք թատրոնի, ձեր խոսքով, բնականոն ընթացքին, քանի որ այդ առիթով մեզ որոշ շշուկներ են հասել: Բայց առաջնահերթ կխնդրենք ներկայացնել առայժմ ձեր ղեկավարությամբ թատրոնի՝ երաժշտական թատրոնի առաջիկա ծրագրերը:
-Հասկանում եմ՝ ինչու եք շեշտում թատրոնի ուղղվածությունը: Իմ բոլոր հայտարարություններում նշում եմ, որ թատրոնը, վերջապես, պետք է վերադառնա իր կոչմանը՝ երաժշտական կոմեդիայի թատրոն, իր ժանրին և հետագա բոլոր ծրագրերը պետք է լինեն հենց երաժշտության տիրույթում՝ մյուզիքլ, օպերետ… Իհարկե, զուգահեռ կշարունակվեն դրամատիկ ներկայացումները թատրոնում գործող «Երվանդ Ղազանչյան սրահում»: Գիտենք, որ մասնավորապես մյուզիքլի ժանրը մեր երկրում զարգացած չէ կամ զարգացում չի ապրել: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ այն զարգացնելու համար, և այդպիսով հանդիսատեսին վերադարձնել իրեն ծանոթ ու սիրված երաժշտական ներկայացումները, ապա ստեղծել օրիգինալ գործեր: Այս ամենին զուգահեռ՝ հարցեր կան, որ վերաբերում են թատրոնի տեխնիկական և շենքային վերազինմանն ու բարեկարգմանը , ընդ որում այդ կապակցությամբ արդեն սկսվել է աշխատանքը ԿԳՄՍ նախարարության հետ:
-Հայտնի է, որ Պարոնյան թատրոնն իր կառուցվածքով օպերային թատրոնի մինի մոդել է (նվագախումբ, երգչախումբ, դերասանական ու պարային կազմեր): Ինչքանո՞վ են այս երկու թատրոնները մրցակից կամ արդյոք ձեզ մոտ նման պատկերացում կա՞:
-Այո, այս թատրոնները թեև կառուցվածքով նման են, այնուամենայնիվ տարբեր առաքելություններ ունեն, նմանաբովանդակ կարող է լինեն կառավարման հարցում, բայց գեղարվեստականում՝ ոչ ամբողջովին: Անկեղծ ասած, թատրոնի զարգացման ռազմավարության կարևոր կետերից է դիվերսիֆիկացնել հանդիսատեսի խմբերը: Այս առումով մենք մշակում ենք փաթեթային ծրագրեր, մասնավորապես դիտարկում ենք նվագախմբի և բալետային խմբի համերգային ծրագրեր, ինչու ոչ ժամանակակից պարային ներկայացումներ և այլն: Այս գործընթացում շատ է օգնում նախկին փորձս ֆիլհարմոնիկ նվագախմբում, օպերային թատրոնում, «Բալետ 2021 հիմնադրամ»-ում (վերջինում Լիլիթ Պետրոսյանը հիմնադրամի տնօրենն էր Ս.Դ.):
-Հիմա անդրադառնանք մեր խոստացած կադրային հարցին կամ փոփոխություններին, ինչի առիթով կրկնում ենք մեզ որոշ «անաղմուկ» շշուկներ են հասել:
– Այո, թատրոնում եղել են կադրային փոփոխություններ, ոմանք հեռացել են սեփական ինչ-ինչ պատճառաբանությամբ, սակայն որևէ աշխատակից չի հեռացվել տնօրինության նախաձեռնությամբ՝ ծանուցման հիմքով: Մեզ մոտ ցանկացած որոշում մեկ նպատակ է հետապնդում՝ թատրոնի շահերի պաշտպանություն և անկասկած, թատրոնի զարգացման նպատակով այդ ճանապարհին ոչինչ չի կարող խոչընդոտել: Որպես այս մշակութային օջախի ղեկավար, պատրաստ եմ ցանկացած որոշմանն ու գործողությանը, այդ թվում կադրային և կառուցվածքային, կառավարման մոդելի, խաղացանկային քաղաքականության վերանայմանը: Առանց մանրամասնելու տեղեկացնեմ, որ նախատեսվում են միջազգային համագործակցություն, հետևաբար մենք, բոլոր առումներով պետք է պատրաստ լինենք դրան:
-Կրկին անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ դուք էլ հաստատեցիք դա, բայց հետաքրքիր է մի բան, որ ոչ մի աղմուկ թատրոնի պատերից դուրս չի եկել: Հետևաբար` կարելի է ենթադրել, որ դուք օժտված եք այնպիսի հատկանիշներով, ինչն օգնում է ձեզ այս պաշտոնում:
-Վստահ չեմ կարող ասել, բայց ես էլ կարող եմ ենթադրել, որ գուցե բոլորն արդեն գիտեն իմ սկզբունքայնության մասին և այն, որ թատրոնի շահերից ելնելով պատրաստ եմ լսել կարծիք, քննարկել այն, արագ ու էմոցիոնալ որոշումներ չեմ կայացնում: Համբերատար եմ և հասկանում եմ, որ թատրոնի զարգացման տեսլականի, հարցը մեկ հոգու լուծելիք խնդիր չէ: Եվ վստահ եմ՝ նման դեպքերում անհրաժեշտ են ողջ անձնակազմի համախմբվածությունն ու միասնական ուժերը, որոնք կնպաստեն կարճ ժամանակահատվածում դրանց՝ առաջացած մեծ ու փոքր խնդիրների վերացմանը:
Հարցազրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լուսանկարներում՝ Լիլիթ Պետրոսյան «Բևեռային ճեպընթաց» մյուզիքլի բեմադրությունից






















































