Գործարար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Հաշվի առնելով, թե ի՞նչ են իրենք ուզում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա։ Իրենց ծրագրած պլանը մեր պլանների հետ չի համապատասխանում», – ասաց նա՝ հավելելով, որ իրենք շարունակելու են պայքարել օրինականության եւ իրենց իրավունքների համար, քանի որ ՀԷՑ-ի համար պայքարը ֆինանսական պայքար չէ․ «Պարոն Կարապետյանը մինչեւ վերջ պայքարելու է ՀԷՑ-ի համար՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է կատարվելու»։
Այս ընթացքում եղած անջատումների ժամանակ, ըստ Դավիթ Ղազինյանի, իրենք լռել են մեկ բանի համար, որպեսզի մարդիկ բնական ընթացքով հասկանան, թե ինչ է կատարվելու։ Վստահ է՝ մարդիկ արդեն սկսում են հասկանալ, եւ հենց դա էլ իշխանություններին նյարդայնացնում է։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է երեկ արած սուտ հայտարարության համար Նիկոլ Փաշինյանին դատի տալուն, Դավիթ Ղազինյանն ասաց՝ քննարկում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Ղազինյանը նաեւ հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի կառավարման շրջանում, զոհված ազատամարտիկների 4 հազար 53 ընտանիքի տրվել են լրացուցիչ կիլովատներ եւ դա եղել է իրենց գործունեության բնական մաս։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու օրենսդրական փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու դիմումի քննությունը հետաձգվել է մինչև փետրվարի սկիզբ։ Հաշվի առնելով, որ ՍԴ-ում կան պրոֆեսիոնալներ, ինքը հույս ունի, որ աչք չեն փակի, բայց հասկանում է, որ խնդիրը քաղաքական է, քաղաքական իշխանության միջամտությունից է շատ բան կախված։
Ինչ վերաբերում է ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի նվազեցմանը, որը, ի դեպ, վճարում է Սամվել Կարապետյանը, Դավիթ Ղազինյանն ասաց՝ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում Ռոմանոս Պետրոսյանը եւ իր համար զարմանալի է, թե ինչո՞ւ նա չի հրաժարվում այդ աշխատավարձից, երբ ասում էր՝ գնում է հանուն ՀՀ-ի ինչ-որ բան անելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































