Fip. Այսուհետ ՀՀ վարչապետին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլը կունենա նոր պետական համարանիշ։ Վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի ներկայիս «001 UU» թվատառային համադրությունը կփոխարինվի միայն մեկ նիշով՝ «1» թվով՝ կողքին եռագույնը։
Պետհամարանիշի փոփոխության առաջարկը հիմնավորվում է ՀՀ կառավարության 1251-Ն որոշմամբ, որով սահմանված են պետական համարանիշերի Ձև N 5-ի 27-րդ և 27.1-ին տեսակների պատկերները։ ‘
Համարանիշների այս տեսակը տարբեր տարիների տարբեր պաշտոնների համար է կիրառվել՝ պայմանավորված երկրի կառավարման մոդելի փոփոխությամբ։
Այդ համարանիշը մինչ հունվարի 8-ի որոշումն ուներ այս տեսքը․
Կարդացեք նաև
Այժմ, Կառավարության հունվարի 8-ին կայացրած որոշմամբ, այն կունենա հետևյալ տեսքը՝
Տրանսպորտային միջոցներին, դրանց շահագործման ու ընդհանրապես ճանապարհային երթևեկության կարգուկանոնին առնչվող և 2010 թվականին ընդունված ու դրանից հետո տարբեր տարիներին պարբերական փոփոխությունների ենթարկված Կառավարության որոշման ինկորպորացված տարբերակում նշվում է, որ առանձնացված համարանիշեր ունեցող 27 տեսակը սպասարկում է ՀՀ վարչապետին։
«Միջազգային փորձի ուսումնասիրությամբ վեր հանված միտումները վկայում են, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն՝ նշաններն ավելի քիչ են (ընդհուպ մինչև միայն մեկ պայմանանիշի կիրառում) և գործածվում են պետական դրոշի հետ համադրությամբ»,- նշված է ՆԳ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Հունվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարվող փոփոխությունը ներկայացնելիս բացառել է պետական համարանիշերի ասոցացումը որևէ անձի անվան հետ և ընդգծել, որ դա ուղղված է պետական արարողակարգի պահպանությանը։
«Ատրիբուտներ կան, որ մենք պարտավոր ենք պահել, և այդ ատրիբուտները մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ պետական արարողակարգերի հարց է, և մենք պետք է մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր։ Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ անձի անվանատառ կրի։ Արարողակարգային նրբությունները պետք է ճշգրտորեն պահպանվեն», —ասել է վարչապետը։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարչապետը սխալ է՝ համարանիշի վրայի տառերը չեն արտահայտել որևէ մեկի անվանատառեր։
Ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում համարանիշերի պատմությունը
Առաջին անգամ ավտոմեքենաների վրա համարանիշեր հայտնվել են ԽՍՀՄ կազմ Հայաստանի մտնելուց հետո։ Այդ պահից սկսած և մինչև 1996 թվականը երկրում կիրառվել են սովետական տիպի ավտոմոբիլային համարանիշեր։
Հայաստանում սեփական ստանդարտի համարանիշեր սկսել են տրամադրել 1996 թվականից՝ առաջին փուլում հիմնականում ավտոմեքենաների և ավտոբուսների համար։ Տվյալ ժամանակի համարանիշի վրա ձախ կողմից գրվել է երկրի կոդին համապատասխանող «AM»-ը։ Ձախ կողմից առկա է եղել նաև հոլոգրաֆիկ նշան, թվեր ու հայկական այբուբենի տառեր, որոնք ունեցել են նույնատիպ լատինական օրինակներ՝ Ս, Օ, Տ, նաև՝ L լատինական տառը, որը նման է հայերեն Լ-ին և այդպես շարունակ։ Տարիների ընթացքում ընտրություն կատարելու հնարավորությունն ընդլայնվել է, և հնարավոր է եղել որոշակի վճարումների դիմաց տարբեր տառերով համարանիշեր ստանալ։ 2014 թվականից Հայաստանում սկսել են տրամադրել նոր նմուշի համարանիշեր:
Իսկ 2010 թվականից Հայաստանի պետական մարմինները իրենց սպասարկող ծառայողական մեքենաների համար ունեցել են հատուկ համարանիշեր, օրինակ՝ XXX OS 01-ը եղել է Սահմանադրական դատարանին սպասարկող մեքենայի համարանիշը, XXX UU 01-ը՝ ՀՀ նախագահին, XXX HH 01-ը և XXX OO 11-ը՝ ՀՀ Ազգային ժողովին, XXX SO 01-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, XXX SL 01 և XXX SL 33-ը՝ բանկերին և այդպես շարունակ։ Ժամանակի ընթացքում, իհարկե, այս համարանիշերը փոփոխության են ենթարկվել։
Այժմ օգտագործվող «ՍՍ» տառային համադրությունը տարիների ընթացքում հանրային դիսկուրսում այս կամ այն կերպ գուցե ասոցացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառերի հետ, սակայն պաշտոնապես որևէ կերպ չի հիմնավորվում, որ այդ սկզբնատառերով համարանիշերը հատուկ են տրամադրվել հենց Սերժ Սարգսյանին։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր» չի հաստատվում նաև այն պարզ բացատրությամբ, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշը ևս ունեցել է «ՍՍ» սկզբնատառերը` 001UU:
Ի դեպ, Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին տարիներին (2018-2021թթ․) ունեցել է 136 ՍՍ 01 պետհամարանիշով ծառայողական մեքենա ևս, որի անսարքությունից դժգոհել էր ելույթում։
Գայանե Մարկոսյան
Հասմիկ Համբարձումյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:




















































