Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն և «Ալեքս տեքստիլ»-ը հուշագիր են կքել կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով

Հունվար 09,2026 15:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է, և սերտ համագործակցությունը թույլ կտա պատրաստել շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ։

Կողմերը համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում, որոնք կուղղվեն տեքստիլ, կարի արդյունաբերության և նորաձևության տեխնոլոգիաների որոտներում մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը, անհրաժեշտ ուսումնափորձնական միջավայրի ապահովմանը, դասավանդող անձնակազմի վերապատրաստմանը, զարգացման  ծրագրերի իրականացմանը:

«Մեզ համար կարևոր է, որ ի սկզբանե ամեն ինչ անենք միասին, այսինքն՝ սկսած կրթության բովանդակության մշակումից ընդհուպ կրթական հաստատության համատեղ կառավարում։ Հատկապես տեքստիլի ոլորտում նկատվում են տնտեսության դինամիկ զարգացում և մասնագետների մշտական պահանջարկ, ուստի անհրաժեշտ է ապահովել որակյալ մասնագետների պատրաստում: Այս համագործակցությունը հնարավորություն կտա քոլեջում ուսուցանել այն հմտություններն ու գիտելիքները, որոնք շրջանավարտներին թույլ կտան ավարտելուց հետո որպես լիարժեք մասնագետներ մտնել աշխատաշուկա»,– ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը կիրականացվի նաև պետական ներդրումների միջոցով։

Կարևորելով դասավանդման գործընթացում ոլորտային մասնագետների ներգրավումը՝ նշվել է, որ նախորդ տարվանից պետության կողմից վերապատրաստում և ատեստավորում է կազմակերպվել նաև տեքստիլ ոլորտի մասնագետների համար, որը քոլեջներում դասավանդող մասնագետներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն է ընձեռում։

«Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ ընկերությունը պատրաստ է աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, մասնակցել աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսումնառության կազմակերպմանը, գործնական ուսուցման ծրագրերի մշակմանն ու մասնագետների պատրաստմանը: Նրա խոսքով՝ «Ալեքս տեքստիլը» համագործակցում է միջազգային խոշոր ընկերությունների հետ, և պետության հետ կնքված այս փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի ընդլայնման առումով: Մարատ Մովսիսյանը նշել է, որ արտերկրի փորձառու մասնագետները պատրաստ են գալ Հայաստան և իրենց գիտելիքն ու գործնական փորձը փոխանցել տեղի կադրերին:

Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցել տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՝ հաշվի առնելով Կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թվականը տնտեսության արտադրողականությունը կրկնապատկելու նպատակը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031