Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Հայաստանում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ». Աստղիկ Մաթեւոսյան

Հունվար 10,2026 21:01

AmtiFake.am-ի թիմն այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, ինչպես նաեւ Նարեկ Սամսոնյանի հայտարարած կալանավայրում անժամկետ հացադուլ հայտարարելու առիթով։

AntiFake.am լրատվականի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը, նշելով ԵՄ եւ եվրոպական ժողովրդավարական ու իրավապաշտպան կառույցների լռությունն ու անտարբերությունը իր իսկ ձեւակերպմամբ «Հայաստանում տեղի ունեցող իրավական խուլիգանության» նկատմամբ՝ հիշեցրեց, որ նախկինում նրանք անձամբ էին ներկա գտնվում դատավարություններին, կարծիքներ էին հայտնում, դիրքորոշումներ էին արտահայտում ԵՄ պատվիրակության անունից։ Մինչդեռ հիմա ընդամենը հայտարարում են, թե իրենք Հայաստանի իշխանությունների հետ զրույցներում մշտապես բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության թեման։ Եվ հարց հնչեցրեց, թե ինչու հենց հիմա որոշվեց, որ նախաքննության ընթացքը համարվում է պետության ներքին գործ եւ դրան միջամտել չի կարելի։

«Մեր օրակարգը հետեւյալն է։ Այսօր Հայաստանում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, որոնք արդեն երկու ամիս գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Եվ երեկ դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ առանց աչք թարթելու, երեք ամսով երկարացրեց ընդամենը «հետույք» բառն իր հաղորդման ընթացքում արտաբերած Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը, որի արարքում եւս որեւէ հանցակազմ չկա։ Սա խայտառակություն է, սա ապօրինության գագաթնակետն է, սա ապացույց է խոսքի ազատությունը լռեցնելու, չագուչով խփելու եւ ասելու, որ որեւէ քաղաքացի իրավունք չունի քննադատել, որեւէ քաղաքացի իրավունք չունի իրեն ուղղված վիրավորանքին արձագանքել, անգամ ոչ համարժեք։

Ես սրբազանների կալանավորման քաղաքական դրդապատճառները, մնացած բոլոր ապօրինի կալանավորված քաղաքացիների, հասարակական, քաղաքական գործիչների կալանավորման քաղաքական դրդապատճառներն էլ եմ հասկանում։ Մենք, իհարկե, բոլորի նկատմամբ սրտացավություն ունենք։ Բայց ուզում եմ առնվազն ֆիքսենք, որ մեր թիմը առավելի սրտացավ է իր առաջատարների նկատմամբ, որոնք, բացի քաղաքական գործունեություն իրականացնելուց, նաեւ մեդիա գործիչ են, ինչ որ առումով լրագրող են։ Այսինքն՝ Հայաստանում կալանավորված երկու լրագրող կա։ Դա մենք չենք ասում։ ԵԽ լրագրողների անվտանգության հարթակն է ասում, որ Հայաստանում ապօրինի կալանավորված երկու լրագրող կա։ Իհարկե, մյուսները եւս քաղաքական բանտարկյալներ են եւ դա չի քննարկվում»,-ասաց տիկին Մաթեւոսյանը։

Նա նաեւ հրապարակեց իրենց պահանջները չբավարարվելու դեպքում գործողությունների քարտեզը։ AntiFake-ի աշխատակից Դավիթ Ֆիդանյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեք չի կարող սահմանափակվել, որ իրենք լինելու են հետեւողական եւ պատկան մարմիններին հանգիստ չեն թողնելու։

Աստղիկ Մաթեւոսյանը AntiFake-ի սկսած պայքարին միանալու համար նաեւ առանձնահատուկ դիմեց իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերին, անհատներին, հասարակական գործիչներին՝ նշելով, որ իրենք բաց են բոլորի առջեւ քննարկումների, համատեղ ծրագրեր մշակելու եւ ջանքերը մեկտեղելու համար։

Այնուհետեւ, ակցիայի մասնակիցներն իրազեկման քայլերթ անցկացրին Երեւանի կենտրոնական փողոցներում եւ միջոցառումն ավարտեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031