Միջազգային և անվտանգային հարցերի ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբեմնի «հայ ժողովրդի բարեկամի» գառան մորթու տակ թաքնված կրեմլյան հերթական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը, ոգևորված ԱՄՆ նախագահի վենեսուելյան «հաջողությունից», «հետախուզական» նպատակներով քարոզչական դաշտ է նետել վտանգավոր թեզ՝ Կովկասում՝ Հայաստանում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի «ազդեցության գոտիներում» ռազմավարական շահերի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Հայաստանի քաղաքական դաշտը իր ողջ սպեկտրով պարտավոր է դատապարտել ու հակադարձել, եթե, իհարկե, չի հանդիսանում արտաքին դերակատարների պրոքսի ուժ։
2022 թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը ստորագրել են Սոչիի հռչակագիրը, որտեղ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը որպես Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմք են ամրագրվել, այլ նաև՝ եռակողմ պարտավորություն՝ այդ թվում հայտարարությունը հավասարազոր ստորագրած Ռուսաստանի կողմից։
Մասնավորապես, հայտարարությամբ ամրագրվել է․
Կարդացեք նաև
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ․-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
[…..]
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի»։
Ավելորդ է հիշեցնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ, պայմանագրերով, այդ թվում՝ երկկողմ՝ Հայաստան–Ռուսաստան պայմանագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները, որոնք ոչ թե Հայաստանում «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելու կամ դրա «իրավունքի» մասին են, այլ նաև՝ երրորդ երկրների կողմից այդպիսի ուժ գործադրելու դեպքում դաշինքային պաշտպանության պարտավորվածության մասին։
Վլադիմիր Սոլովյովին պետք է հիշեցնել նաև, որ Հայաստանը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը իսկ և իսկ այլ երկրների կողմից Հայաստանի դեմ նման գործողություններ իրականացնելու մասին է, և Հայաստանը չէր ցանկանա, որ առաջին հայցադիմումն այդ դատարան լիներ իր թղթով դաշնակցի դեմ։
Կարծում եմ՝ Հայաստանը ԱԳՆ խոսնակի մակարդակով էլ պետք է արձագանքի այս խելագարությանը․ նույնքան ցանկալի է նաև Կենտրոնական Ասիայի անկախ հանրապետությունների կոնսոլիդացված արձագանքը։
Հայաստանի քաղաքական դաշտը չպետք է սողանցք թողնի, և նույնպես պարտադիր է կոնսոլիդացված արձագանքը, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանում «Կարմիր բանակին» սպասող ոչ մեկ չկա։


















































