Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում իշխող այս քաոսային (կառավարելի քաոս, իրականում) վիճակն ինձ հիշեցրեց մեր պատմությունից մի դրվագ, որի մասին քչերը երևի գիտեն:
1922 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից ընդամենը 7 տարի անց, Կոստանդնուպոլսում ստեղծվում է մի շատ «հետաքրքիր» կառույց՝ «Turk-Ermeni Teali Cemiyeti», ինչը թարգմանաբար նշանակում է «Թուրք-հայկական հաշտեցման միություն»:
Կազմալուծված ու քայքայված վիճակում գտնվող հայկական համայնքի մի շարք կարկառուն դեմքեր դառնում են այդ կազմակերպության անդամներ: Կազմակերպության ամբողջ գործունեությունը, փաստորեն, սկսվել եւ ավարտվել էր մեկ հեռագրով, որն ուղարկվել է 1923 թվականին Լոզանում բանակցություններին հակահայկական գործունեություն ծավալող, թուրքական կողմը ներկայացնող Իսմեթ Ինյոնյուին։
Կարդացեք նաև
Հեռագրում, մասնավորապես նշվում էր «Հայերի իրավունքները բացառապես Ձեր բարձր առաջնորդությամբ է հնարավոր պաշտպանել»։ Իսմեթ փաշան էլ, այդ հեռագրին հղում անելով, եվրոպացիներին համոզում էր, որ որեւէ խնդիր հայերի հետ կապված իր երկրում չկա, իսկ ինչ եղել է, «պատերազմական գործողությունների հետևանք» էր։ Լոզանից հայերը չէին կարողացել կորզել անգամ նվազագույն իրավունքների ճանաչում և պաշտպանություն։ Իսկ այդ «հաշտեցման» կառույցի ուղարկած նամակը դրանում իր ուրույն դերը խաղաց, անշուշտ:
Լոզանի պայմանագիրն Ալեքսանդր Խատիսյանը բնութագրում էր որպես քաղաքական առումով Հայկական հարցի քննության դադարեցում։
Կարևոր և խորհրդանշական է այդ կառույցի ստեղծմանը նախորդած իրադարձությունները:
Կոստանդնուպոլսում Հայոց պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը, ով դեռեւս 1916 թվականին աքսորվել էր Բաղդադ, 1918 թվականին կարողանում է վերադառնալ եւ լծվել հայապահպանության ծանր գործին, օրինակ` ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից առեւանգված մանուկների եւ կանանց հայտնաբերել եւ կրկին հայկական համայնք վերադարձնել։
Սակայն, 1922 թվականին Կոստանդնուպոլիս է ժամանում Մուսթաֆա Քեմալի ներկայացուցիչը եւ հայ համայնքի հետ հանդիպմանն իր դժգոհությունը հայտնում Զավեն սրբազանի գործունեությունից եւ պահանջում նրա հեռացումը, ինչը եւ տեղի է ունենում՝ոչ առանց համայնքում ազդեցիկ մարդկանց ուղղակի գործողությունների արդյունքում նաեւ։
Փաստացի, տեղի է ունենում պետության միջամտություն եկեղեցական գործերին, որին հաջորդած գործողությունների արդյունքում նաև նույն այդ համայնքը զրկվում է իր ազգային պահպանության իրավունքներից:
Հ.Գ. Փոխվում են անունները, ժամանակները, բայց ոչ գործելաոճը, քանի դեռ ազգային նպատակը նույնն է: Թուրքիայի Հանրապետությունը դրա մարմնավորումն է:


















































