Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» խորագրով պանելային քննարկմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդարադատության և այլ ոլորտների հարցերի հետ առնչվելիս անհրաժեշտ է խորանալ և հասնել խնդրի հայեցակարգային հիմքերին: Վարչապետն ընդգծել է, որ այդ թվում՝ արդարադատության ոլորտում, առկա է հիմնական հասկացությունների ճշգրտման անհրաժեշտություն՝ ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը և այլն: «Բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ՝ ո՞րն է մեր հանրային, պետական ընկալումը արդարության և արդարադատության մասին, ի՞նչ խնդիր ենք մենք ուզում լուծել»,- նշել է երկրի ղեկավարը:
Կարդացեք նաև
Վարչապետի խոսքով՝ ենթադրվում է, որ ՀՀ-ում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի՝ ժողովուրդն է, հաջորդ աղբյուրը Սահմանադրությունն է և հաջորդը՝ Սահմանադրությունից բխող իրավակարգը. «Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության միջև խզում կա, չի ստացվում արդյո՞ք, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում շատ հարցեր լուծում են ստացել, բայց զուգահեռ՝ անընդհատ նոր հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն կա: «Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի: Ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի: Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ինչպե՞ս ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն: Բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ են կասկածի տակ: Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է: Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա, ի վերջո, առաջին հերթին զգացողություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում մեծամասնությունը չունի այդ զգացողությունը, որի պատճառն այն է, որ Հայաստանում առկա է իրավակարգի լեգիտիմության խնդիր:
Ընդգծելով նման ձևաչափով քննարկումներ անցկացնելու կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ առկա հարցերի, խնդիրների վերաբերյալ հրապարակային այս խոսակցությունը պետք է տեղի ունենա, որովհետև դրանց հետ պետք է առերեսվել և լուծել:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրել է՝ եթե նախկինում ստացած դիմումների և նամակների մոտ 70 տոկոսը կապված էր դատական համակարգի հետ, հիմա, կարծես թե, շատ քիչ նամակ է ստանում դատական համակարգի վերաբերյալ:
Վարչապետը ոլորտում առկա հարցերի լուծման ուղիները պարզելու համատեքստում ընդգծել է դրանց ֆունդամենտալ անդրադառնալու կարևորությունը: «Մեզ հայտնի հարցերի պատասխաններին նորից պետք է անդրադառնալ, որովհետև այն պատասխանը, որը ճիշտ էր 5 կամ 10 տարի առաջ, պարտադիր չէ, որ այն առնվազն ամբողջական լինի նաև այսօր: Ակնհայտ բաներին անդրադառնալը, կարծում եմ, զարգացման բաղադրիչ է»,-շեշտել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության անհրաժեշտությունն ու կարևորությունը և ուրախությամբ արձանագրել, որ նրանց թիվը ոլորտում ավելացել է:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է նշանակում դատավորի խիղճ, ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախ ումի՞ց, ո՞վ է կրում պատասխանատվությունը երկրում արդարության ու արդարադատության որակի համար, ինչպե՞ս է կրում այդ պատասխանատվությունը՝ այս հարցերը նախ հայեցակարգային նշանակություն ունեն, բայց կարևոր եմ համարում, որ ցանկացած պրակտիկ իրականություն գնա և հասնի ինչ-որ մի հայեցակարգային տեքստի, որովհետև շատ կարևոր է, թե մենք ինչ ենք անում: Շատ դեպքերում անկանոն գործողություններ ենք անում, որովհետև հայեցակարգային հիմքն է բացակայում»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































