Լրահոս
Օրվա լրահոսը

11 տարի անց էլ Ավետիսյանների հրեշավոր սպանությունը մնաց չբացահայտված․ ո՞վ էր պատվիրատուն ու իրական մարդասպանը

Հունվար 12,2026 17:19

Այսօր լրացավ գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության 11-րդ տարին։ 11 տարի անց էլ գյումրեցիները չունեցան այն հարցերի պատասխանը, թե ո՞վ է իրականում պատվիրատուն, ինչո՞ւ բնաջնջեցին այս անմեղ ընտանիքին՝ չխնայելով անգամ երկու մանկահասակ երեխաներին, ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը միայնա՞կ էր գործել, թե՞ խմբակային, ինչպես էին սպանել քնած Ավետիսյաններին, որ հարևաններն այդպես էլ չէին լսել կրակոցի ձայները ու նրանց ճիչերը։

Վալերի Պերմյակովի դատավարությունը, որն, ըստ էության, պիտի տար այս հարցերի պատասխանները, ավելի խորացրեց կասկածները՝ նոր հարցեր առաջացնելով։

Սահմռկեցուցիչ այս սպանությունը շատերի համար այդպես էլ մնաց առեղծվածային, չբացահայտված։

Իհարկե, բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին, ընդհուպ մինչև թշնամու պատվեր լինելը, որի ներկայացուցիչները Վալերի Պերմյակովի բանտում գտնվող հանցագործ եղբոր ձեռամբ կազմակերպել էր երեք սերնդի ներկայացուցիչներ ունեցող անմեղ ընտանիքի սպանությունը։

Վարկածներից մեկն էլ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրումն էր։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր համոզմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով։

«11 տարի անց սառը գլխով դատելով ու տեսնելով, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում, ես կարող եմ նշել մեկ վարկած, որն ավելի շատ ընդունելի է ինձ այս վերլուծությունների մեջ․ ռուսական ռազմաբազայի զինվորին շատ հմտորեն օգտագործեցին Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու մեջ։

Սա Արևմուտքի առաջին փորձն էր, բերեք չմոռանանք, որ նույն Պերմյակովը բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ է եղել, դա այն եկեղեցին է, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է ամերիկյան կառավարության կողմից։ Բողոքական-աղանդավորական եկեղեցիներից է, Իրկուտսկի մարզում ակտիվորեն գործող։

Հետագայում այն կցկտուր տեղեկությունները, որոնք տարածվեցին լրատվամիջոցներում ավելի ապացուցեցին, որ այդ նույն Պերմյակովի և նրա ընտանիքի կողմից այցելվող այդ նույն եկեղեցու հովիվը բացահայտ հովանավորվել է ԱՄՆ-ի կողմից։

Իհարկե, մի կողմ չպիտի թողնենք ռուսական ռազմաբազայում տեղի ունեցող ամենաթողությունը, որովհետև որքան էլ Արևմուտքն ու ԱՄՆ-ն Պերմյակովին օգտագործեին Հայաստանում հակառուսական ամենահուժկու տրամադրություններ ստեղծելու համար, և դա նրանց ցավոք սրտի հաջողվեց, այդ ամենում մեղավոր էր ռուսական կողմը։ Չի կարող նորմալ երկրի ռազմաբազայում թշնամական կամ հակառակորդ երկրի գաղտնի ծառայությունները անարգել գործեին և կարողանային այդ օպերացիան կազմակերպել։

Ինձ համար փաստ է, որ Պերմյակովը չէր կարող միայնակ անել այն, ինչը որ արվեց Ավետիսյանների ընտանիքում։

Անհնար է դա, միայնակ մտնել տուն, սպանել յոթ հոգու, որից հինգը չափահաս, մեծահասակ մարդիկ են, ու ոչ ոք հարևաններից այդ կրակոցները բացարձակ չլսեն։ Այն պարագայում, երբ ինքս հիշում եմ՝ Հաղթանակի պողոտայում կրակոցներ էին, ձայնը լսեցի, այդ պողոտան մեր տնից մոտավորապես կես կիլոմետր հեռու է, մեր բակում պարզ լսվում էր։ Ոնց կարող էր Ավետիսյանների հարևանների տներում չլսվեին կրակոցի ձայները, դա ցույց է տալիս, որ հատուկ կազմակերպված օպերացիա էր։

Ինչ վերաբերվում է դատավարությանը, ես դեռ 11 տարի առաջ եմ նշել, որ դա մեռած գործ է, ոչ մեկին ձեռնտու չէր, որ լիովին բացահայտվի։ Ռուսական կողմին էլ ձեռնտու չէր, որովհետև դրան կբացահայտվեր ամենաթողությունը իրենց ռազմաբազայում, որ շունը տիրոջը չէր ճանաչում, մյուսներին էլ ենթադրաբար ձեռնտու չէր»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, Վալերի Պերմյակովը դարձավ գործիք աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

Գագիկ Համբարյանի ասելով՝ ՌԴ-ն Վալերի Պերմյակովին չհանձնեց ՀՀ արդարադատությանը այն պատճառով, որ նրանից կարողանան կորզել նրա օտարերկրյա գաղտի ծառայությունների հետ ունեցած համագործակցության մասին տեղեկությունները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031